Image

Ի պաշտպանություն Արցախի՝ Կյանքի ճանապարհի բացման

Արցախն այսօր գտնվում է շրջափակման մեջ, որը ցեղասպանության դրսևորում է Ադրբեջանի կողմից։ Իսկ միջազգային, այսպես կոչված «Հարց լուծող» կառույցներն անտարբեր են, չեն ուզում տեսնել իրականությունը, սատարում են թուրքական ծրագրերը։ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո մենք ինքնակամ, առանց որևէ դիմադրության, թշնամուն հանձնեցինք այն տարածքները, որոնք թշնամին չկարողացավ պատերազմում տիրանալ։

Քաշաթաղի շրջանի հյուսիսային ողջ տարածքը, Քարվաճառն ամբողջությամբ, Ակնան ու Կովսականի մի հատվածը և այլ տարածքներ պահեցինք։ Քաշաթաղի շրջանի տղամարդիկ ահել ու ջահել, տեր կանգնեցին հայրենի երկրին։ Շրջանից մոտ 75 հոգի զոհվեցին, կան անհայտ կորածներ, սակայն թշնամին չկարողացավ ռազմական ուժով տիրանալ բուն Քաշաթաղին։ Իսկ մենք հետո ինքնակամ հանձնեցինք այդ տարածքներն ու շրջափակման մեջ թողեցինք Արցախը։ Այսօր արդեն վտանգավոր իրավիճակ է հերոսական մեր հայրենի Արցախում։ Իհարկե՝ արդեն ողջ աշխարհն է տեղյակ, որ Ադրբեջանն Արցախի բանկչության նկատմամբ իրականացնում  է ցեղասպան գործողություն։ Այս վայրագությունը կանխելու նպատակով եվրոպական երկրների 470 հասարակական կազմակերպություններ և միավորումներ նամակ են հղել Եվրոպական միությանը և Եվրոպական խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ Դե, շատերն են հորդորում, պահանջում, բայց Ադրբեջանն անում է իր մարդասպան քաղաքականությունը։

Արցախի փրկության հարցում շատ է կարևորվում  մեր՝ հայ ազգի միասնությունը, նվիրվածությունը, հատկապես՝ իշխանությունների դերը։ Սակայն այժմ կա անտարբերություն, կա հանձնելու, պարտվողական քաղաքականություն։ Արցախում ողջ ժողովուրդն է ոտքի կանգնել ու պահանջում է Կյանքի ճանապարհի բացում, ազատ ապրելու իրավունք։ Նույնը եղավ 88-ին, և այդ ժամանակ ողջ հայությունը կանգնեց Արցախի թիկունքին, ու հաղթեցինք, ազատագրեցինք մեր հայրենիքի այդ հատվածը։ Հուլիսի 17-ին Արցախի Նախագահ Արայիկ հարությունյանն Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում, միացել է բազմաթիվ քաղաքացիների կողմից մեկնարկած նստացույցին: Իր ուղերձում Ա․ Հարությունյանը նաև ասել է․ «Իսկ ահա Մայր Հայրենիքում ու Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի բոլոր հատվածներից ակնկալում ու խնդրում ենք, որ բոլոր հնարավոր գործողությունների դիմեն որոշում կայացնողների ուշադրությունը հրավիրելու և Արցախին աջակցող գործնական քայլեր կատարելու ուղղությամբ: Այդ համատեքստում ողջունելի է վերջին օրերին մեկնարկած համաժողովրդական շարժումը, այն բոլոր արցախցիների սրտերից ու հոգիներից բխած շարժում է, որի պատշաճ շարունակությանն ու զարգացմանն ենք սպասում ողջ հայ ժողովրդի շրջանում: Վստահ եմ, որ տարբեր երկրներում նստացույցների և բողոքի ու իրազեկման այլ զանգվածային արշավների միջոցով հնարավոր է շոշափելի արդյունք ապահովել այս պայքարում: Միջազգային հանրությունը պետք է զգա հայ ժողովրդի վճռական կամքն ու սատարումն Արցախին, քանի որ Արցախի հայկական ու արժանապատիվ ապագայի բանալին հենց հայ ժողովրդի ձեռքերում է»: Իսկ Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանն իր ֆեսբուքյան էջում գրել է․ «Մեր արժանապատիվ քաղաքացիները շարունակում են ներկայացնել արցախահայության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ լռությամբ խրախուսում են հանցավորին եւ դառնում հանցակից: Միացեք մեր հայրենակիցներին ու միասնաբար տեր կանգնեք Արցախին»։

Նույն օրը՝ հուլիսի 18-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ցույցի ժամանակ ՀՀ-ում ԱՀ օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն ասել է․ «Արցախում իրավիճակը շատ բարդ է, կան կիսաքաղցած մարդիկ, հիվանդներ, որոնց անհնար է վիրահատել։ Անհրաժեշտ է աշխարհին հստակ ազդանշան ուղարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքների ճանաչման անհրաժեշտության մասին»։ Այսօր կան որոշ կազմակերպություններ, որ մայր հայրենիքում փորձում են օգնել արցախահայությանը։ Դրանցից «ԲԱՑՈՒՄ» նախաձեռնությունը նվիրված է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող ճանապարհի բացման գործին: Հուլիսի 18-ին Ազատության հրապարակում, որտեղ 1988-ին հարյուր-հազարավոր մարդ էր պատրաստ Արցախի ազատության համար, ներկա եղա այս նախաձեռնության հերթական հանրահավաքին։ Հիմնականում երիտասարդ նվիրյալներ են նախաձեռնության հիմնադիրները։ Իհարկե՝ քիչ էին հանրահավաքի մասնակիցները, բայց կարևորը կար նպատակ։

Նույն 1988-ի մայիսին դարձյալ կար Արցախը կորցնելու վտանգ։ Սակայն մենք՝ մոտ 30 ուսանողներս, սկսեցինք նստացույց՝ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդին պարտավորեցնելով տեր կանգնել արցախահայությանը։ Ու հասանք մեր նպատակին․ 1988թ․ հունիսի 15-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրի արտահերթ նստաշրջանում քվեարկության դրվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզխորհրդի ընդունած որոշումը` Հայաստանին միանալու մասին։ 2023թ․ հուլիսի 18-ին նույն հրապարակում «Բացում» նախաձեռնության կողմից տեղեկացվեց՝ 19.07.2023թ՝ ժամը 11:00-ից, սկսվում է պարենի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների (ըստ համաձայնեցված ցուցակի) հավաքագրում ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մոտ։ «Այսպիսով դիմում ենք Միավորված ազգերի կազմակերպությանը՝ բեռներն իրենց դրոշի ներքո Արցախ տեղափոխելու համար», -ասված է նախաձեռնության հայտարարությունում։ Ակնկալվող արդյունքները, ըստ «Բացում»-ի հետևյալն են․ «Այս քաղաքացիական շարժումով մենք լուծում ենք օրհասական հումանիտար խնդիրը, կյանքի ենք կոչում դե յուրե միջազգային կարգավիճակ ստացած` Լաչինի (Բերձորի) միջանցքի դերն ու նշանակությունը, Հաագայի միջազգային դատարանի որոշման կայացումը: Հոգեբանական տեսանկյունից բարձրացնում ենք արցախցու դիմադրողականությունը և տալիս ենք այլընտրանքի հնարավորություն Ակնայում կանգնած այսպես կոչված «հումանիտար օգնությանը»»:

Ինչ խոսք, կարևոր է, որ ակցիան կայանալու է ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մոտ, որ միջազգային կառույցները պետք է իմանան /իհարկե՝ գիտեն/ իրավիճակի մասին։ Սակայն մի քանի հարյուր հոգու ձեռնարկն անօգուտ կլինի, քանի ողջ ազգը ոտքի չի ելել։ Օրհասական պահ է այժմ․ մենք ազգովի պետք է ոտքի կանգնենք ու պայքարենք Արցախը չկորցնելու, այնտեղ ցեղասպանություն չթույլատրելու համար։ Վաղն ուշ է լինելու․․․ Հազարավոր հայ մանուկներ մեզ են սպասում․․․

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։