Ինչ է փոխվել Միշելի կենսագրությունում, որ բարեփոխիչից դարձել է բռնակալին աջակցող
Երեք տասնամյակ Արցախի Հանրապետություն էր (կամ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), արցախցին էլ՝ Արցախի բնիկը։ Հիմա Արցախը դարձրել են Ադրբեջան, արցախցուն էլ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովուրդ։ «Հանրապետություն» եզրույթը լրիվ հանել են՝ հասկանալի ու կեղտոտ նպատակներով։ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության ղեկավարներն ինչ են ասում ու անում՝ գիտենք։ Համենայնդեպս այնքանը՝ ինչքանն ասվում է, ինչն էլ չի ասվում՝ իրականությունն է ցույց տալիս։ ՀՀ-ի ղեկավարությունը Արցախը Ադրբեջան է ճանաչում, Ադրբեջանի ղեկավարությունը, օգտվելով «հայկական կողմի» դիրքորոշումից, ավելի առաջ է գնացել՝ ՀՀ-ի ամբողջ տարածքը «Արեւմտյան Ադրբեջան» համարելով։ Այս գործընթացի կնքահայրն էլ Եվրոպան է՝ նաեւ Միշելի դեմքով։
«ՀՀ թերթը» շարունակում է ուսումնասիրել հայատյաց եվրոպացիների դիրքավորվելու պատճառները՝ փորձելով դրանք գտնել նրանց կենսագրականներում։ Հարց կարող է ծագել՝ ինչ անեն եվրոպացիները (ըստ էության՝ ոչ եվրոպական գործիչները՝ եւս), եթե ՀՀ-ն ինքը ոչինչ չի անում։ Միանգամայն ճիշտ հարցադրում է։ Բայց ամեն օր ենք խոսում այն մասին, թե ինչ են անում «հայկական կողմն» ու թշնամական կողմը միասին։ Ու քանի որ միամիտ ենք, տաք ապուրներն էլ թղթե շերեփով ենք ուտել սիրում, ու հայացքներս գցել ենք եվրոպական (եւ ոչ միայն, պարզապես խնդրո քննարկման առարկան հիմա այս հատվածն է) քաղաքակրթության, մարդու իրավունքների թեզերի ուղղությամբ, համառորեն ուզում ենք մեզ էշի տեղ դնել ու չհասկանալ, թե ոսկեբերան եվրոպացին ինչպես է Արցախում ցեղասպանություն թույլ տալիս։ Հումանիտար ճգնաժամը ցեղասպանության նախաքայլն է, եւ այն արդեն շուրջ 7 ամիս սկսված է։
«Ժողովրդավար» կլաարներին, պատելներին ու բորելներին քննել ենք արդեն։ Հերթը միշելներինն է։ Իմա՝ Շառլ Միշելինը։ Ով է, ինչացու է, կամաց-կամաց կծանոթանանք։
Այժմ եվրոպական քաղաքականության առանցքային դեմքերից է, որ ժամանակին քաղաքապետ հոր օգնությամբ կարիերան պատանեկան տարիներից է սկսել։ Ազգությունը նշվում է իբրեւ բելգիացի։ Իբրեւ ենք ասում, որովհետեւ գիտենք՝ «բելգիացի» ազգություն որպես այդպիսին չկա։
1975թ․ Բելգիայի Վալոնիայի շրջանի Նամուր գավառի մայրաքաղաք Նամուր քաղաքում ծնված Միշելը 16 տարեկանում միացել է երիտասարդ ազատական ռեֆորմատորներին (Fr. Jeunes Réformateurs Libéraux de Jodoigne), եւ 1992թ․ արդեն այդ կազմակերպության նախագահն էր։ 1994թ․ արդեն՝ Վալոնյան Բրաբանտ նահանգի իշխանական շրջանակներում, ոչ ավել ոչ պակաս, խորհրդական։ Կուսակցական կարիերային զուգահեռ սովորեց Բրյուսելի եւ Ամստերդամի համալսարաններում եւ ստացավ իրավաբանի մասնագիտություն։ Հետո կենսագրականի այլ էջերում կարդում ենք՝ Ներկայացուցիչների պալատի անդամ, 25 տարեկանում արդեն՝ Վալոնիայի կառավարության ներքին գործերի նախարար, ընդ որում՝ ամենաերիտասարդ նախարարը Բելգիայի պատմության մեջ, հետո՝ Բարեփոխումների շարժման խոսնակ եւ այլ եւ այլն, մինչեւ 38 տարեկանում դարձավ Եվրոպայի ամենաերիտասարդ առաջնորդներից մեկը, ինչպես նաեւ 1840 թվականից ի վեր Բելգիայի ամենաերիտասարդ վարչապետը։ Հիմա արդեն՝ եվրոպական խորհրդի նախագահ։
Այս ազատական ռեֆորմատորը, նույն ինքը՝ իրավաբանը, նույն ինքը՝ բարեփոխումների խոսնակը եւն, որ 2015թ․ հունիսի 18-ին, պատասխանելով «Նոր ֆլամանդական ալյանս» կուսակցության պատգամավոր Պետերա դե Ռովերայի հարցին, Բելգիայի կառավարության անունից ասաց, որ 1915 թվականի իրադարձությունները «պետք է գնահատել որպես ցեղասպանություն», որն իրականացվել է հայերի նկատմամբ, այսօր այդ նույն հայերին թյուրքական մեկ այլ՝ արհեստածին պետության կազմում ընդգրկվելը համարում է խաղաղության ձեւ։
Ի դեպ, 1915-ի մասով 2015-ին Միշելի ասածները ֆիքսել են միջազգային զլմ-ները։ Նաեւ՝ հունիսի 18-ից առաջ դեռ մայիսի 21-ին «RTBF» հարցազրույցում Միշելն արդեն ճանաչել էր հայերի ցեղասպանությունը։ «Ցեղասպանություն» եզրույթը գործածող Միշելը հիմա Հայաստանի հետ Արցախի կապը կտրելու կողմնակից է եւ Բերձորի միջանցքը բացել տալուն կողմնակից լինելու փոխարեն կարեւոր է համարում Ադրբեջանի առաջարկը՝ «Լեռնային Ղարաբաղին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով (մեր Ակնան է, որ այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից,-Ա․Մ․)։
Ուշադրություն դարձնենք՝ Լեռնային Ղարաբաղ, «հանրապետություն» եզրույթը կրկին չկա, այսինքն՝ այլեւս Արցախը Ադրբեջան է դիտարկվում եւ Ադրբեջանը իր թուրքական ձեռքն է մեկնում՝ Արցախին կերակրելու։ Այն է՝ կամ Արցախը կուտի թուրքական հաց, կամ՝ սոված կմնա։
Ի՞նչ փոխվեց Միշելի կենսագրությունում, որ ռեֆորմատորն ու բարեփոխիչը հանկարծ մոռացավ թյուրքական ձեռագիրը ու դարձավ թյուրքական ազդեցության գործակալ։ Ի՞նչ փոխվեց բարեփոխիչի ճաշացանկում, որ թքած ունեցավ Արցախի եւ 120 հազար արցախցիների ճակատագրի վրա։ Նրա կենսագրականն ու կրթությունը թույլ չեն տալիս հավատալ, որ չգիտի, թե Ադրբեջանն իրականում ինչ պետություն է, ինչպես է ստեղծվել։ Այդ ի՜նչ է փոխվել բարեփոխիչի ուղեղում, որ բռնակալ Ալիեւին է վստահում ազատ ապրելու կամքը մշտապես հայտնող արցախցիների ճակատագիրը։
Սրա պատասխանը ամենաստույգը միայն հենց Միշելը կարող է տալ՝ ճաշացա՞նկն է փոխվել, գրպանի լայնությու՞նը, թե՞ ․․․
Բայց հա, երբեմնի ազատական ու այսօրվա բռնակալ (բռնակալին աջակցողը, անշուշտ, եւս բռնակալ է,-Ա․Մ․) Միշելի կենսագրությունում ուշագրավ մի դրվագ բաց էինք թողել՝ պարգեւների տողից։ Նա Լեոպոլդ I-ի Մեծ սպայի աստիճանի (2014թ․) եւ Լեոպոլդ II-ի Մեծ խաչի ասպետի շքանշանակիր (2019) է։ Սա արդեն այլ թեմա է, եւ գուցե պետք է առաջնային քննարկվողը լիներ, բայց․․․
․․․ Արցախի հարցում ամենակարեւորը ու որոշիչը հայ ազգի (ազգի՛) դիրքորոշումն է, որ պետք է ի ցույց դնել բոլոր ձեւերով․․․
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ