Կա՛ն խոյերը, եւ լինելու՛ է ռեւանշը
Մեր բնօրրանից՝ Հայկական լեռնաշխարհից մեզ մնացել է մի ոտատեղ տարածք՝ Արցախի Հանրապետությունը, որի մեծ մասն օկուպացված է թյուրքական ցրթուկ Ադրբեջանի կողմից, եւ Հայաստանի Հանրապետությունը, որի սահմաններին թառած է թուրքը։
Մեր բնօրրանից՝ Հայկական լեռնաշխարհից մեզ մնացած այս ափաչափ հողում երկու տարբեր իրականություններ են․ Արցախը՝ շրջափակված, որտեղ յոթ ամիս թերսնվելու հետեւանքով արդեն ուշաթափության դեպքեր են գրանցվում եւ Հայաստանը՝ իր ֆուդկորտերով, սննդի կետերով, հարսանիքներով, ծննդյան ճոխ արարողություններով, ամառային հանգստի արբունքով։ Երկու տարբեր հասարակություններ են․ արցախցին, որի երեխան սոված է, բայց նա պատրաստ չէ թշնամու ձեռքի հացով կերակրել իր երեխային եւ հայաստանցին, որ ամբողջ օրը սոցհարթակներում իր առօրյա լափամանի ու խրախճանքի լուսանկարներն է տեղադրում (հարգանքս գիտակից հատվածին)։
Ինձ ամեն օր հարցնում են «թթված դեմքիս» պատճառը։ Զայրույթս թաքցնելով՝ ամեն օր փորձում եմ հարցնողներին բացատրել այդ պատճառը։ Հիմնականում նույն պատասխանն եմ ստանում․ «Վայ, լսի, ահավոր ա, չենք ուզում լսել»։ Հայ մայրը չի ուզում լսել, որ մյուս հայ մոր երեխան բացառապես հացով է սնվում, եթե իհարկե գտնվում է այդ հացը։ Հայ հղին չի ուզում լսել, որ մյուս հայ հղին գուցե կորցնի երեխային՝ թերսնման հետեւանքով։ Փուչիկներով ու տորթերով երեխայի ծննդյան օրը նշող հայ հայրը չի ուզում լսել, որ մյուս հայրը չի կարողանում իր մանկահասակ երեխային բացատրել, թե հանկարծ ուր է կորել իր համար այլեւս հեքիաթի վերածված փոքրիկ շոկոլադի կտորը կամ պաղպաղակը։
Հայաստանում «չեն ուզում լսել»։ Սա նույնիսկ կենդանական վարքագիծ էլ չէ։ Կենդանական աշխարհում տեսակները տարբեր են, բոլորը չէ, որ միայնակ են որս անում եւ սնվում։ Տեսակներ կան՝ որսը բաժանում են միմյանց միջեւ։ Սա անդեմ հանրույթի վարքագիծ է։ Տարիներ շարունակ ժողովրդին սխալ կրթելու հետեւանքն է։
Հայաստանն ու Արցախն այս խառնամբոխ աշխարհում մի ուժ ունեին՝ մոնոէթնիկ էին։ Այդ ուժը կոտրելու ձեւերից մեկը հենց սխալ կրթությունն է։ Ոլորտում տարիներ շարունակ փորձարկումները, դրամաշնորհները, անգրագետ մտածված դասագրքերը թակարդում անվճար պանրի օրինակն էին։ Այդ կրթությունը սխալ էր մեզ համար, ճիշտ՝ այն ուժերի համար, որոնց խնդիրը ընդհանրապես ազգային ամեն ինչ վերացնելն է։ Անդեմ խառնամբոխին կառավարելը եւ ուղղություն տալը հեշտ է։ Ազգն ունի նպատակներ, ծրագրեր, ազգային միջավայրում հայրենակիցը հայրենակցի ուրախությամբ ու տխրությամբ է ապրում։ Այսպիսի շղթան ամուր է, չթելադրվող։ Իսկ անդեմ խառնամբոխը մեկ նպատակ ունի՝ այսօրը։ Նրա համար չկա անցյալ, ապագա։ Նրա համար նույնիսկ ներկա չկա, կա այսօրը։ Բացառապես այսօրը։
Արտաքին հակահայկական ուժերը մեծամասամբ հաջողել են։ Փաստը մեր իրականությունն է։ Բայց այդ ուժերը հիմնովին չեն հաջողել, որովհետեւ, ի պարտություն իրենց, դեռ կա հայ ազգային հատվածը։ Գիտակից այն շերտը, որ պատրաստ է հանուն հայրենիքի ամեն քայլի։
Բայց իրատես լինենք՝ մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ բոլոր հասարակություններն էլ նույնն են՝ մի քիչ ավել կամ պակաս գիտակցությամբ։ Նրանք մոմի պես են՝ մի քիչ որակյալ, մի քիչ անորակ։ Եվ նրանցից կերտվում է այն կաղապարը, որի մեջ մոմը լցնում են։
Իսկ այդ կաղապարը ձեւավորում է վերնախավը, էլիտան։ Եթե այդ վերնախավը իրապես վերնախավ է, այսինքն՝ ընտրագույն շերտ, ապա հասարակության ձեւավորման համար ստեղծում է առյուծի, արծվի, խոյի կաղապար, եւ մոմը լցնելուց հետո ստանում է արդյունքը։ Իսկ եթե վերնախավը վերնախավ է զուտ աթոռի դիրքով, ապա իբրեւ հասարակության ձեւավորման կաղապար ընտրում է ոչխարի, գառի, բորենու, ճնճղուկի, աղավնու կաղապարը։
Եվ, գիտենք, ոչխարը խոյի պես վերջին, այն հզոր ցատկին պատրաստ չէ։ Ոչխարի համար բնավ կապ չունի, որ օրվա խոտն արածելուց հետո նկատում է, որ գոմակից իր մյուս ոչխարը չկա։ Կապ չունի, որովհետեւ իր գործը օրվա խոտը որոճալն է։ Աղավնին տուժում է իր իսկ խաղաղասիրության պատճառով, հա, արծվի պես չէ, բայց թռիչք, այնուամենայինիվ, կարող է անել, սակայն հավատում է իր առջեւ նետված կտին ու արժանանում պարսատիկի քարին։ Արծիվ չէ, որ թռիչքով հիանան ու վախենան անգամ վայրէջքից, քանզի սրընթաց է։
Հիմա եթե Հայաստանի՝ աթոռային վերնախավը տառապում է Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու ցանկությունից, զուտ հանրույթի վերածված շերտն ով է, որ հարցի՝ ինչու։ Բնականաբար՝ ընդդիմանալու մասին չենք խոսում։ Աթոռային այն վերնախավը, որ չունի անցյալ, բնականաբար պետք է ասի, որ Հայաստանն, օրինակ, կապ չունի Բագրատունյաց թագավորության հետ, որ Արցախն Ադրբեջան է, որ Որոտանն ու Շուռնուխը հայկական հողեր չեն, որ Սեւ լիճը Երեւանի իրենց ֆուդկորտից հեռու է, հետ բերելու կարիք չկա եւն։
Իսկ Հայաստանի հանրույթը, որ ոչխարի ու աղավնու կաղապարում է ձուլվել, բնականաբար, ոչ խոյի ցատկը կարող է անել, ոչ էլ արծվի թռիչքը։ Հասկանալիորեն չի էլ գիտակցում, որ Արցախը վերջնականապես կորցնելուց հետո ինքն էլ է կորչելու։ Հա, ֆուդկորտերը դատարկվելու են, դեղատներում դեղ չի լինելու, ռեստորանները փակվելու են, մի կտոր հացի համար իրենց աղջիկները թուրքի տակ են պառկելու։ Սա՝ լավագույն դեպքում, վատագույնը՝ մորթվելու է ոչխարի ու սատկելու՝ աղավնու պես։
Բարեբախտաբար եւ, ոչ հօգուտ թշնամու, կա՛ գիտակից այն հատվածը, որ հասկանում է բոլոր կեղտոտ խաղերը եւ նաեւ գիտի իրավիճակից ելքը։ Երբ թշնամին մեզ լավ է ճանաչում, այդ թշնամուն պետք է լսել եւ մի պահ մտածել։ Այն թյուրքական փշրտուք Ալիեւը, որ ամբողջ օրը հոխորտում է, թե «ազատագրել է» իր «պատմական հողերը», ինչու՜ է այդքան ասում, թե թույլ չի տա «հայկական ռեվանշ»։ Որովհետեւ գիտի, որ չի՛ ազատագրել, որ պատմական հողեր չունի, որ թուրքական ու իսրայելական զենքով, ահաբեկիչներով ու գերակշիռ զինական ուժերով հանդերձ պարտվել է հայ զինվորին։ Գիտի՛, որ չի կռվել, այլ նվեր է ստացել հայկական հողերը հայկական իսկ ներքին դավադրությամբ հանդերձ։
Բայցեւ՝ գիտի, որ հայության շրջանում բոլորը չէ, որ տեղավորվել են ոչխարի ու աղավնու կաղապարում։ Կա՛ն խոյերը, կա՛ն արծիվները, լինելու՛ է ռեւանշը։ Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն․․․ չէ, թշնամին լավ գիտի, որ սրանք 90-ականներին էլ եղել, եւ հաշվի են նստել հայկական հաղթանակի հետ։ Ու հաշվի են նստելու նաեւ հաջորդ հաղթանակների հետ։ Իսկ այդ հաղթանակները լինելու են՝ ի հեճուկս ներքին ու արտաքին թուրքերի, որովհետեւ, միեւնույնն է, պատմության ամենատարբեր շրջաններում որոշիչ զարկը միշտ էլ տվել է փոքրաթիվ ու որակյալ՝ իսկապես ընտրախավը։