Գլադիատորական մարտերի սիրահար աշխարհն ու հայի փրկությունը
Թշնամին թշնամի է եւ թշնամություն անելու համար է։ Թուրքը թշնամի է եւ թշնամություն անելու համար է։ Աշխարհում հիմա չկա մի երկիր, որ մեզ բարեկամ լինի, հետեւաբար թշնամի է, եւ սրա անունը քաղաքականություն է. արտաքին հատվածում մենք ոչ թե թույլ ենք, այլ ծույլ ենք ու անգրագետ, ընդհանրապես չենք աշխատում։ Թույլի կողքին չեն կանգնում՝ թույլ համար կամա թե ակամա դառնալով թշնամիներ։
Արտաքին հատվածում մենք հանուն հայկական շահի չենք, հետեւաբար, թեկուզ դաժան է, բայց շատ արդարացիորեն բարեկամներ ունենալ չենք կարող։
«Մենք» ասելով նկատի ունենք ՀՀ-ի այսօրվա քաղաքականությունը, որում մենք՝ հանուն հայկական շահի հանդես եկողները, ընդհանրապես չենք տեղավորվում։ Բայց օրվա քաղաքականությունը վարողները, որոնք ազգանվան «յան» մասնիկն են կրում, ցավոք, ներկայացնում են ՀՀ-ն՝ առանց ՀՀ-ի շահերի։ Այս իրավիճակում բարեկամ կամ բարեկամների շրջանակ ունենալ, բնականաբար, չենք էլ կարող։
Ինքնահարգանք չունեցող մարդուն չեն հարգում, լավագույն դեպքում՝ կարող են խղճալ։ Ինքնահարգանք չունեցող պետության պարագայում լավագույն դեպքի գործոնն էլ չկա։
Գիտենք, որ եթե աշխարհն ուզի, կարող է քաղաքական եւ իրավական ճանապարհով բացել տալ Բերձորի միջանցքը՝ Ադրբեջանի դեմ քաղաքական, տնտեսական եւ իրավական սահմանափակումներ, պատժամիջոցներ կիրառելով։ Բայց ինչու կիրառի, եթե կարող է զրկվել թյուրքական կողմից (Թուրքիա եւ Ադրբեջան) նետված փշրանքներից, մանավանդ եթե ՀՀ-ն ինքը ոչինչ չի անում Արցախի հետ կենսական ճանապարհի վերաբացման համար։
Աշխարհն ինչու՞ պետք է սահմանափակումներ կիրառի, որովհետեւ Արցախում երեխանե՞ր են սովամահ լինում, հղինե՞ր են վիժում, մարդի՞կ են ուշաթափվում թերսնման հետեւանքով, որովհետեւ ջրի ու հացի խնդի՞ր ունեն։ Ինչու՞ պետք է ճնշի թյուրքական կողմին, որովհետեւ դա են պահանջում մարդկային, բարոյական նորմե՞րը։ Բայց աշխարհը մարդկային չէ, բարոյական չէ, ունի շահ եւ այդ շահին հասնելու դաժան ու կեղտոտ ձեւեր։ Աշխարհը զրկված է նույնիսկ կենդանական բնազդից, եւ կենդանական աշխարհի օրենքներն անգամ չի պահում։ Աշխարհը մի մուտացիա է, հիբրիդ, գենախախտված օրգան։ Նա հաշվի է նստում մուտացված մեխանիզմը միացնող-անջատողի հետ։ Նա հաշվի է նստում ուժի եւ այդ ուժը հաստատածի հետ։
Ժամանակին մենք այդ ուժը ունեինք, եւ Ալիեւը խոստովանել է, որ փակ դռների հետեւում իրեն Արցախի անկախությունը ճանաչել են պարտադրում (այս թեմային «ՀՀ թերթն» անդրադարձել է)։ Հիմա․․․ ՀՀ-ն է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչում։
Հեշտ տարբերակ կարելի է ընտրել՝ ասելով աշխարհն է ստիպում։ Լավ ելք է՝ հայրենադավությունը թաքցնելու ու գործ չանելու համար։ Ձեւակերպումն էլ՝ աշխարհն է ստիպում նշաձող իջեցնել Արցախի հարցով։
Բայց եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ՝ իրականու՞մ աշխարհն է ստիպում։ Այդ աշխարհի համար մեկ է՝ Արցախը Հայաստանի հե՞տ կլինի, թե՞ Ադրբեջանի։ Աշխարհին պետք է տարածաշրջանում որոշակիորեն հասկանալի վիճակ (կայունության մասին չէ խոսքը)՝ իրենց ծրագրերն առաջ տանելու համար։ Երեք տասնամյակ շարունակ այդ աշխարհի համար այդ վիճակը կար, եւ ոչ ոք Արցախն Ադրբեջանի կազմում չէր տեսնում։ Հակառակը՝ այդ վիճակը ֆիքսելու համար Ալիեւին ստիպել են ճանաչել Արցախի անկախությունը։
Ինչու՞ է հիմա ճիշտ հակառակ իրավիճակը։ Հարցին հարցով պատասխանենք՝ իսկ ինչու՞ պետք է այդ ճիշտ հակառակը չլիներ։ ՀՀ-ի օրվա քաղաքականությունը վարող կողմը քնում-զարթնում է, ասում է, թե «պատրաստ են ճանաչել», «ճանաչում են» Արցախը Ադրբեջանի կազմում ։ Հենց միջազգային բարձրախոս են տեսնում, վազում-բռնում են թե՝ Արցախը հայկական չէ, եկեք-տարեք։
Աշխա՞րհն է նշաձող իջեցնում, թե՞ Արցախի հարցը որոշելու կոչված «յան»-ավորներն են նշաձողը լրիվ վերացնում։ Հիմա ո՞վ է ավելի անբարոյական ու զազրելի։
Բայց չէ՜, աշխարհի վրա մեղքը բարդելը ձեռնտու է՝ եւ գործ չեն անի եւ կարդարացնեն իրենց հայրենադավությունը։ «Մոռանում» են, որ նույն աշխարհը ընդամենը մի քանի տարի առաջ բոլորովին այլ բան էր ասում եւ չէր էլ վիճարկում Արցախի հայապատկանության հարցը։
Աշխարհը չէ, որ հայի ձեռքը խոթել է թղթե շերեփները։ Աշխարհը գլադիատորական մարտերի սիրահար է, արձանագրում է հաղթողի փաստը եւ ծափահարում հաղթողին։
Աշխարհը մեղավոր չէ, որ խաղաղություն ենք մուրում մեկից, որ մեզ գլխատում է։ Աշխա՞րհն է մեղավոր, որ օրվա քաղաքականությունը վարողներն ասում են, թե՝ քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, պատերազմը հավանական է, հետո էլ թե՝ բայց խաղաղությունը չի երաշխավորում։
Աշխարհը մեղավոր չէ։ Ճշմարտությունը լրիվ ասելու համար ավելին նկատենք՝ թշնամին էլ մեղավոր չէ։ Ընդգծում ենք՝ թշնամին թշնամություն անելու համար է։ Եթե թշնամու համար նպաստավոր պայմաններ են՝ մեզնից առավելը կորզելու, հիմարություն կլինի նրա կողմից այդ պայմաններից չօգտվելը։
Մեղավորը մենք ենք, որ թույլ ենք տվել ու տալիս մեր միջի տականքին գլուխ բարձրացնել։ Նժդեհն ասում է՝ չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը։ Աշխարհը հենց դա է անում մեր հանդեպ՝ չի օգնում, որովհետեւ մեր ոտքի կանգնելու կամքը չի տեսնում։ Հենց տեսավ, կընդունի փաստը։ Որպեսզի տեսնի, հայը պետք է ցույց տա այն ձեռքը, որ բարձրանում է պատժելու ներքին տականքին ու թշնամուն միաժամանակ։