Image

Կյանքի ճանապարհը պետք է բացվի

Գնալով ավելի է դժվարանում կյանքը 2022թ․ դեկտեմբերից շրջափակված մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում։ Միջազգային բոլոր կառույցները, որոնք պետք է զբաղվեն Արցախի ապաշրջափակման հարցով, պարզ է՝ ոչինչ չեն անում։ Ավելի ճիշտը՝ աշխատում են հօգուտ թուրքերի։ Շրջափակված Արցախին աջակցելու նպատակով Երևանում կազմակերպվում են որոշ միջոցառումներ, սակայն պետք է ազգովի ոտքի կանգնենք ու տեր կանգնենք մեր հայրենիքին։

ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ մի քանի օր է՝ հայ մայրերը հացադուլ են հայտարարել՝ տանը թողնելով իրենց փոքրիկներին կամ բերելով իրենց հետ։ «Բացում» նախաձեռնությունը կազմակերպել է սննդի հավաք, որ հենց ՄԱԿ-ի դրոշի ներքո այսօր արցախցու համար անհրաժեշտ ապրանքը տեղ հասնի։ Հուլիսի 21-ին Երևանում՝ քաղաքապետարանի դիմաց՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ, կայացավ ցույց-միտինգ, որը Տերունական աղոթքով բացեց հոգևորականը՝ դատապարտելով տեղի ունեցածը։ 2020թ․ 44-օրյա պատերազմի պատճառով Արցախից ստիպված տեղահանված և Երևանում ապաստանած երեխաները, ՀՀ և Արցախի Եռագույններով, ինչպես նաև շրջափակումը, անտարբերությունը դատապարտող պաստառներով իրենց խոսքը հնչեցրեցին՝ երգելով նաև Արցախի օրհներգը։ Իրենց ելույթներում կազմակերպիչները դատապարտեցին Ադրբեջանի կողմից արցախահայությանը շրջափակելը, սովի մատնելը, ինչպես նաև՝ մեր հայրենակիցների որոշ հատվածի անտարբերությունը։ Մտահոգություն հայտնվեց նաև ՀՀ իշխանությունների բռնած դիրքի նկատմամբ։

Կոչ արվեց նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին, որ իրենց բնակված երկրներում աշխատեն․ ցուցաբերեն ակտիվություն՝ ի պաշտպանություն Արցախի։ Նշվեց՝ առավել դժվար է հատկապես 30․000 երխաների, հիվանդների, հղիների, տարեցների համար։ «Բացեք կյանքի ճանապարհը», «Ոչ կեղծ մարդասիրությանը», «Մենք Արցախն ենք» և նման այլ գրություններով /նաև անգլերեն, ռուսերեն/ պաստառներ էին բռնել համահավաքի մասնակիցները։ Եղավ նաև լռության րոպե։ Համահավաքի մասնակիցները որաշ ժամանակ փակեցին Երևանի քաղաքապետարանի դիմացի ճանապարհը։ Կազմակերպիչները հանդես եկան կոչով և տեղեկատվությամբ՝ հետագա անելիքների մասին։ Այնուհետև կայացավ երթ՝ Մաշտոցի պողոտայով մինչև Ազատության հրապարակ։ Երթի սկզբից կոչերով անցնում էին Արցախից տեղահանված երեխաները՝ ձեռքներին պաստառներ։ Անցնում էի նրանց հետ, ու սիրտս ճմլվում էր, աչքերս արցունկոտվում էին։

Կարևորվում էր Արցախ-Մայր հայրենիք-Սփյուռք եռամիասնությունը։ Կոչ էր արվում, որ երթին միանան բոլորը։ Երթի մասնակիցներն Ազատության հրապարակում որոշ ժամանակ մնալուց հետո, ավարտեցին համահավաքը՝ հայտարարելով, որ հուլիսի 24-ից սկսելու են նոր ակցիաներ՝ հատկապես առավոտյան ժամերին կփակեն ճանապարհներ, որ մեր հայրենակիցներն զգան շրջափակման դժվարությունը, թեկուզ մի քանի րոպեով կամ ժամով։ 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։