Image

Թշնամու կանգառի մեկ ձեւ կա՝ Արցախի պաշտպանումն ու պահպանումը

44-օրյայից հետո հատկապես եւ վերջերս ավելի աշխույժ շատ վտանգավոր մի թեզ է տարածվում։ Ոչ միայն վտանգավոր, այլեւ իրականության հետ ընդհանրապես աղերս չունեցող, հեռահար նենգ նպատակով։ Եվ մեզանից շատերն են այդ խայծը կուլ տալիս։ Այն է՝ հայն Արցախի հանդեպ անտարբեր է։

Մինչդեռ Արցախի հանդեպ անտարբեր ՀԱՅ չկա։ ՀԱՅԸ պարզապես չի՛ կարող Արցախի հանդեպ անտարբեր լինել։ Բոլոր «յան»-ավորները չէ, որ հայեր են։ Հայ ԱԶԳԸ Արցախի հանդեպ անտարբեր չէ։ Արցախի հանդեպ անտարբեր է հայ ժողովրդի այն հատվածը, որ վերածվել է հանրույթի, հասարակ-ության։ Սեփական երկրի հանդեպ այսպիսի վերաբերմունքով հանրույթներ բոլոր ժողովուրդներն էլ ունեն։ Բայց նրանք արդարացիորեն ձայնի իրավունք չունենալով՝ աչքի չեն զարնում, քանզի նրանց իշխանությունները մտածում են պետության ու պետականության մասին, եւ տարիներով, տասնամյակներով վեճեր ունեն հարեւան պետությունների հետ մի լեռան, մի բլրի, գետի մի հատվածի մասով։ Քանզի նրանց իշխանությունները իրենց հանրույթներին չեն ասում, թե՝ գետը մայրաքաղաքից հեռու է, տանք՝ պրծնենք, բլուրն ում է պետք, որ կռիվ տանք, լեռ է, էլի, վրան ձյուն է ու որիշ ոչինչ, քաղաքն էլ դժգույն է ու դժբախտ։

Ավելին՝ նրանց իշխանությունները թույլ էլ չեն տա, որ այդպիս տեսակետ ունեցողը դա բարձրաձայնելու իրավունք ունենա նույնիսկ։

Երբ համեմատում ես տարբեր պետությունների երկարատեւ ձգվող տարածքային վեճերը (Ռուսաստան-Ճապոնիա, Հնդկաստան-Պակիստան, Կիպրոս-Թուրքիա, Չինաստան- Հնդկաստան եւ այլն), մտածում ես՝ երանի ՀՀ գործող իշխանությունը Արցախի հանդեպ անտարբեր լիներ։ Բայց դատելով այն հանգամանքից, թե ինչ պատրաստակամությամբ է ՀՀ-ն հայապատկան Արցախը Ադրբեջանի մաս ճանաչում (այն Ադրբեջանի, որ արհեստականորեն ստեղծվել է հայկական հողերի վրա), մեզ բոլոր իրավունքները տալիս է պնդելու, որ ոչ թե անտարբեր է, այլ սպասարկվում է ոչ թե հայի, այլ՝ թշնամական շահը։

Բայց որպեսի աններելի, անտրամաբանական ու հակահայ այլ քայլը «ջրվի», կեղտոտ քաղտեխնոլոգիա է կիրառվում՝  մեղքը բարդելով հայի անտարբերության վրա։

Սակայն՝ իրականությունն այն է, որ ՀԱՅՆ անտարբեր չէ՝ ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախում, ոչ Սփյուռքում։ ՀԱՅԸ տառապում է, որովհետեւ 90-ականներին հայկական հողերի մի մասի ազատագրմամբ ՀԱՅԸ շտկել էր իր ազգային արժանապատվության ողնաշարը, որը հիմա նորից ջարդել են։ Արցախի ազատագրմամբ ՀԱՅԸ ցույց էր տվել, որ տեր է իր երազանքներին ու նպատակներին, հիմա նրանից փորձում են վերջնապանապես խլել այդ ուղին։ ՀԱՅԸ տառապում է, որովհետեւ գիտի՝ ինչ է ուզում, բայց լծակ ունեցողները դա չեն կազմակերպում։ ՀԱՅԸ չի կարող անտարբեր լինել իր հայրենակցի հանդեպ։

Այ հենց այս իրականությունն են փորձում  նենգափոխել նրանք, ովքեր Արցախը պատրաստ են հանձնել թշնամուն։ Եվ լավ գտել են նենգափոխելու ձեւը՝ ՀԱՅ ազգին նույնացնում են պարզապես «յան»-ավոր հանրույթի հետ։

«Յան»-ավոր հանրույթը ոչ երեկ եւ ոչ էլ այսօր ազգային հարց չի լուծել եւ չի լուծի։ Ազգային խնդիրներ միշտ էլ լուծում է ազգային հատվածը։ Թեկուզ հենց 90-ականներից սկսած նայենք։ Պարզապես այդ ժամանակ եւ հետո ազգային հատվածը կարողացավ իրացնել իր իրավունքները, որովհետեւ քաղաքական եւ ռազմական ղեկավարության մոտեցումն էլ էր այլ՝ հանուն պետության, պետականության, Արցախի։ Թեկուզ որոշակի սխալներով ու բացթողումներով, բայց Արցախը հայկական հարցից չէր տարանջատվում։

Ազգային հատվածը կարո՞ղ է այսօր իրացնել իր իրավունքները։ Եթե կարող է, ապա՝ ինչպե՞ս։ Չէ որ քաղաքական ղեկավարությունը, գիտենք, դա չի անի, որովհետեւ նրա ուղին հանուն հայկական շահի չէ, իսկ ռազմական ղեկավարությունն էլ ցույց չի տալիս, որ իր համար ամենաբարձրը Հայրենիքին տված երդումն է։

Եթե քաղաքական ու ռազմական ղեկավարություններն ազգային հատվածի կողքին չեն, ուրեմն ո՞րն է ճանապարհը։ Ավելի ստույգ դա երեւի կասեն քաղտեխոնոլոգիայի մասնագետները, քաղաքագետները, հասարակագետները, Հայրենիքին իրապես երդում տված ռազմական գործիչները, ինչու ոչ՝ տնտեսագետներն ու էթնո հոգեբանները կամ  նրանցից կազմված այն մասնագիտական խումբը, կառուցքը, որ կհուշի այլընտրանքային իշխանության, լծակների ձեւավորման ճիշտ, բայց արագ ձեւն ու գործողությունները։

Եթե ազգային հատվածը չկարողանա իրացնել իր իրավունքները, ապա կորցնելու է Արցախը, հետեւաբար՝ Հայաստանը։ ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատված արդեն օկուպացված է թշնամու կողմից, եւ ՀՀ ղեկավարությունը ոչինչ չի անում թշնամուն դուրս շպրտելու համար։

«Խաղաղության բանակցություններ է վարում»-ը պատասխանը չէ, քանզի խաղաղության բանակցությունների վարման գործընթացում գոնե կրակոցներ պետք է չլինեին։ Մինչդեռ կրակոցները չեն դադարում, թշնամին էլ անթաքույց ՀՀ-ն իր տարածքն է համարում՝ դրա համար կիրառելով բոլոր լծակները՝ քաղաքական, ռազմական, տնտեսական եւ իրավական։ ՀՀ օրվա քաղաքականությունը վարող իշխանական կողմը ինքն էլ չի երաշխավորում, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի կնքումից հետո խաղաղություն կլինի։

Այսինքն՝ խաղաղություն չկա ոչ հիմա, չի լինելու, որովհետեւ թշնամու համար հիմա «ոսկե շրջան» է՝ ստանալու մեզանից առավելագույնը եւ, բնականաբար, նա կանգ չի առնի։

Թշնամու կանգառի մեկ ձեւ կա։ Եվ այդ ձեւը հայտնի է՝ Արցախի պաշտպանումն ու պահպանումը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։