Նազարստանի նոր Սահմանադրությունը
ԱԼԵԳՈՐԻԱ
Այսուհետեւ «Նազարստանի Հնրապետությունը» հռչակել միապետություն.
Եւ ուրեմն.
- Պետության անունից հանել «Հանրապետություն» բաղադրիչը եւ այսուհետեւ կիրառել միայն « Նազարստան» անունը:
- «Նազարստանի» հավերժ միապետ հռչակել Նազարին:
2ա) ի կատարումն Սահմանադրության 2-րդ կետի, Նազարին հռչակել անմահ:
- Նազարստանի պատմությունն սկսել սեփական` զրոյական կետից:
- Սահմանադրության երրորդ կետն ապահովելու համար
ա) ջնջել (զրոյացնել) անցյալի ողջ պատմությունը:
բ) այրել պատմության բոլոր դասագրքերը եւ սկսել գրել նոր պատմության դասգրքի առաջին նազարաբույր էջը
գ) փակել պատմության եւ մշակույթի բոլոր թանգարանները, ոչնչացնել անցյալի պատմությունը հիշեցնող բոլոր ( բո' – լո'ր) ցուցանմուշները :
դ) ջնջել (վերացնել) անցյալի մնացուկ բոլոր ատրիբուտները` զինանշան, դրոշ, հիմն…
- Նոր դրոշը պետք է լինի երկգույն` սեւ եւ սպիտակ ( սեւ` 95% , սիպտակ`5 %)
- Զինանշանը պետք է լինի քառակուսի, միագույն` սեւ ( ի նշան միապետի մշակութասիրության):
- Հիմնը պետք է բաղկացած լինի յոթ նոտայից` դո, ռե, մի, ֆա, սոլ, լյա եւ սի: Այս հաջորդականությամբ նոտաները պետք է հնչեն վեց անգամ (որովհետեւ վեցի մեջ օրհնություն չկա, իսկ մեր միապետությունը անջատ է եկեղեցուց, եկեղեցականներից, հավատքից, հավատացյալներից, Աստծուց, աստվածայինից…)
7ա) բոլոր նրանք, ովքեր կծածանեն նախկին եռագույն դրոշը կամ ճերմակով միավորվող եռագույնները, իրենք խստորեն կծածանվեն ոստիկանության կողմից, կճղճփվեն, կչագուչվեն, կասֆալտապատվեն, կը…
7բ) բոլոր նրանք, ովքեր կգործածեն նախկին զինանշանը, կդառնան զինակոչիկ(անկախ տարիքից), զինապարտ, զինակիր, զենքակիր…ու կուղարկվեն առաջնագիծ` Կիպրոս:
7գ) բոլոր նրանք, ովքեր Հիմնը կհնչեցնեն յոթ նոտայից պակաս կամ ավել նոտաներով, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ` ուղղիչ նոտագրության ճամբարներում:
- Կրթությունը դարձնել եռամյա (առաջին դասարան` տառաճանաչություն, երկրորդ դասարան` թվաճանաչություն, երրորդ դասարան` ավարտական):
- Եռամյա կրթություն ստացածները միանգամից համարվում են բուհի ուսանողներ (միապետության քաղաքացիություն կարող են ստանալ բացառապես բարձրագույն կրթություն ունեցողները):
- Ստեղծել անվանագիրք, որից դուրս որեւէ անուն ընդունելի չէ
10ա) բոլոր անունների մեջ պետք է լինի «Ն» տառը (օր.` Նիգ, Նունուֆար, Նուգզար, Նաբուգուդոնոսոր, Բանան, Անան, Նան, Ան, Ն …
10բ) օպտիմալացնել բոլոր ազգանունները` հանելով անիմաստ ազգահուշ վերջավորությունները:
- Վերացնել բոլոր հուշակոթողները, արձանները, կիսանդրիները, խաչքարերը, գերեզմանաքարերը, ցայտաղբյուրները:
11ա) Նազարստանի գլխավոր հրապարակում կանգնեցնել միապետի 17 մետրանոց արձանը ( պատվանդանի բարձրությունը` 16,5 մետր):
Եզրափակիչ դրույթ
- Սահմանադրության շարունակությունը շարադրել նորաթուխ պատմության ընթացքին զուգահեռ եւ հորիզոնական: