Աննախադեպ ասեղ մաշկողների աննախադեպ անպատկառությունը
Այս գիրը նրանց համար է, ովքեր չգիտեն, թե ինչ է նշանակում աննախադեպը։ Աննախընթաց, աննախորդ, աննմանօրինակ, նախկինում չեղած, տեղի չունեցած, նմանը չեղած՝ չլսված - ահա բացատրությունը։
Հիմա ի՞նչ տիրույթում է այս բառը գործածվում․ պարզվում է՝ աննախադեպ տնտեսական աճ ունենք, աննախադեպ ծավալների ասֆալտ ենք փռում, աննախադեպ տնտեսական ու գյուղատնտեսական հեղափոխություն ենք անում եւ այլն եւ այլն։ Ո՞վ է կիրառում- իշխանական, մերձ ու սպասարկող տիրույթը։ Բայց սխալ հատվածում է կիրառում։ Աննախադեպ բառը կարող ենք կիրառել այն դեպքում, երբ խոսում ենք, օրինակ, խաղատնային բիզնեսի ծաղկման մասին, թմրամիջոցների շրջանառման, կրթության որակի անկման մասին։
Աննախադեպ-ի պես դիպուկ բառերը պետք է կիրառել ճիշտ բնութագրումներում։ Ասենք՝ պատմության մեջ աննախադեպ իրավիճակ ունենք՝ հայրենադավության, հակահայության, հայի հանդեպ ատելության, երբ մի ամբողջական շրջանակ՝ երկրի օրվա քաղաքականության համար պատասխանատու, մերձ ու սպասարկող, հրաժարվում է իր երկրի տարածքներից ու հրաժարվում է բացահայտ, դավաճանորեն, անթաքույց եւ դա համարում է բնական ու օրինաչափ՝ առանց վախի, ամոթի, հոգեկան ապրումների։ Այս իրավիճակն իսկապես աննախադեպ է։
Ողջու՜յն, աննախադեպ իրավիճակ։ Հայերեն բառեր են, բայց հայհոյանքի պես են հնչում այսօր։ Սկիզբը, պատճառը, պատմությունը բոլորս գիտենք։
Աննախադեպ մեկ այլ իրավիճակի օրինակ մեջբերենք։ Ասում են՝ Հայաստանում նաեւ մի պաշտոն էլ կա՝ ՀՀ նախագահ։ Ասում են նաեւ՝ որ մարդ էլ կա նշանակված։ Ու ասում են նաեւ, որ այս մարդը Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Լևոնյան վարժարանում Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է, թե ներկայումս Հայաստանն ունի հստակ դիրքորոշում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու եւ հարեւանների հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելու հարցերի շուրջ: Բան չունենք ասելու, ճիշտ են ասում՝ դիրքորոշումը հստակ է․ ՀՀ-ն քնում-զարթնում է՝ հայկական Արցախը, Հայաստանի գյուղերը (կեղծ «անկլավ» կոչվածներ) ճանաչում է Ադրբեջանի մաս։ Չէ, ճանաչողները անգրագետ են, բայց ոչ՝ այդչափ։ Գոնե գիտեն՝ քանի հազարամյակի պատմություն ունի Արցախը եւ քանի տարվա՝ Ադրբեջանը։ Եվ որ այս նույն Ադրբեջանը կոչվող պետությունը հայկական հողերի վրա է։ Գիտեն, բայց հազարամյակները խոթում են տարիների մեջ։
Ասում են, որ Հայաստանում էլի պաշտոններ կան ու լիքը աթոռներին՝ էլի մարդիկ՝ երկու ոտքով, երկու ձեռքով, աչք-ականջով, բոլորիս պես։ Ու շատը քչի մեջ խոթելու վարպետներ են։
Չէ, մասնագետ աճպարարներ չեն, որ տարիներով աշխատեն ու ձեռքերի արագաշարժությամբ տեսողական պատրանքի վրա հիմնվելով զարմանալին արարեն, գեղեցիկը ներկայացնեն։ Սրանք ի բնե աչքակապներ են, ստախոսներ, ստահակներ, խարդախներ, դրուժաններ, զեղծարարներ, արեւմտահայերեն՝ առավ-փախավներ, մեղմեխներ, շուկատներ, խաբարարներ (հնց․), խաբլուկներ (ժղ․), շապկահաններ, ասեղ մաշկողներ, էշ ներկողներ, ձու խուզողներ (գվռ․)։
Ձու խուզողն ինչու՞ չպետք է հազարամյակները տարիների մեջ խոթի։ Աննախադեպ բառը հենց ա՛յս դեպքերի համար պետք է գործածել։
Հա, մի իրավիճակի մասով էլ կարող ենք աննախադեպ-ը սղացնել։
Ուրեմն՝ Արցախի մեծ մասը Ադրբեջանի կողմից օկուպացված է։ Թշնամու կողմից օկուպացված է նաեւ Հայաստանի մի զգալի հատված։ Թշնամին չի թողնում, որ Արցախում նույնիսկ գյուղատնտեսությամբ մարդիկ զբաղվեն՝ անընդհատ կրակելով հողագործների եւ տեխնիկայի ուղղությամբ։ Թշնամին չի թողնում, որ Հայաստանի սահմանամերձ շատ վայրերում մարդիկ ապրեն, արարեն։ Արցախի ջրային շատ ակունքներ հատնվել են թշնամու ձեռքում՝ ըստ այդմ վտանգելով նաեւ Հայաստանի ջրային պաշարների ապագան։ Թշնամին կրակում է Հայաստանում գործարանների ուղղությամբ։ Թշնամին անում է իր խոստացածը՝ թույլ չի տալիս հային վերականգնել իր քաղաքական ու ռազմական ներուժը (ալիեւյան խոստումներից է 44-օրյայից անմիջապես հետո)։ Բայց մե՞նք ինչ ենք անում։ Այո՛, գրանցում ենք տնտեսական աննախադեպ աճ։ Որովհետեւ «ներկայիս կառավարությունը առաջնորդվում է հայաստանյան տնտեսական միջավայրը ներդրումների համար առավել ճկուն ու գրավիչ դարձնելու սկզբունքներով եւ այս նպատակի համար անհրաժեշտ քայլեր է իրականացնում»:
Գրանցում ենք տնտեսական աննախադեպ աճ։ Չե՞ք հավատում։ Շարունակությունը լսեք, որ հավատաք։ ՀՀ օրվա քաղաքականության պատասխանատուներին հաջողվել է գտնել փող ունեցող խելապակասների, որոնք ներդրումներ են անում անկայուն եւ ճակատագիրն անհայտ երկրում։ Հավատացի՞ք։ Շնորհակալություն՝ աննախադեպ հավատ է։
Իսկ ինչու՜ պետք է տնտեսական աճ չունենանք, հետո՞ ինչ, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ծաղկում է խաղային բիզնեսը։ Վերջը մի բան ծաղկում է չէ՞։ Հետո՜ ինչ, որ միջին վիճակագրական ոչ մի խնջույք առանց թմրանյութերի գործածման չի անցնում։ Վերջը գումար է պտտվում չէ՞։ Ի՜նչ կապ ունի, ինչն է ծաղկում՝ արդյունաբերությու՞նը, թե՞ խաղամոլությունն ու թմրամոլությունը։ Կարեւորը՝ ծաղկում կա։ Աննախադեպ բառը հենց ա՛յս դեպքերի համար պետք է գործածել։
Մարկ Տվենն ասում է՝ «փաստերը համառ են, բայց վիճակագրությունն ավելի ճկուն է»։ Աննախադեպ դիպուկ բնորոշում է՝ իրականության ու միտումների տարբերությունը բացատրելու համար։ Այ այսպես էլ «մեր» ասեղ մաշկողները հազարամյակները խոթում են տարիների մեջ եւ դա անում են աննախադեպ անպատկառությամբ ու հայրենադավությամբ։
Անպատկառության դեմն առնելու մի ձեւ կա եւ դա հականիշ պարկեշտությունը չէ։ Այլ՝ ակն ընդ ականը։