Image

Ինքնամաքրումը մեր վերականգնման հզոր ուժերից է

Բառերի աշխարհը հրաշալի աշխարհ է։ Նույնիսկ այս կեղտոտ իրականությունում։ Բառերը ոչ միայն դեմք, այլեւ՝ հոգի ցույց տվող հայելի են, ճիշտ եւ ճիշտ արտացոլում են գործածողի ներքին աշխարհը, արժեհամակարգը, անցած ճանապարհը, հստակ պատմում ծնունդը եւ ինչ-որ չափով կանխորոշում մահը։

Բառերի աշխարհը զարմանալի յուրահատկություն ունի՝ չի թաքցնում ճշմարտությունը, եթե նույնիսկ գործածողը տիրապետում է բառախաղի արվեստին։ Անկախ այն հանգամանքից, թե այդ բառախաղն ինչ շրջանակում է տեղավորվում՝ դիվանագիտակա՞ն, թե՞ խոսակցական տեքստի։

Օրինակ՝ երբ երկրապահը հեղափոխությունն ավելի մեծ արժեք է համարում, քան հայկական հողերի ազատագրումը, պետք է հասկանալ մեկ բան․ այդ երկրապահ կոչվածի «ձեռամբ» ասված այդ խոսքերը զուտ պահը նկարագրող բառեր չեն։ Դրանք բառեր են, որոնց բանալին պետք է փնտրել անցյալում։ Երբ փնտրում ես, այդ անցյալում այդ երկրապահի դեմքին երկու բառ ես տեսնում գրված՝ շառաչուն եւ ապտակ։ Ամեն ինչ իր տեղն է ընկնում․․․

Մեկ այլ օրինակ՝ պետական այս կամ այն այրը արցախցու հանդեպ թունավոր բառերի այնպիսի շարան է դուրս տալիս, որ այլ բան չի մնում, քան այդ շարանից բռնելն ու հետ-հետ գնալը։ Գնում-տեսնում ես՝ ոչ մի լուսավոր բառ չկա։ Չկա՛ն այն բառերը, որ կնկարագրեն այդ մարդու ծնունդը, ծնողների ուրախությունը, հարազատների շնորհավորանքը, այդ մարդու կյանքի ուղին, ընկնել-բարձրանալը, հարազատների ու ընտանիքի աջակցությունը, սերը։ Կան չասված բառեր՝ չտոնված ծնունդների, վերուվարներից՝ անտարբերության մասին պատմող։ Կա կյանքի մի ամբողջ ընթացք, որ առանց ապրումակցումի է։ Այս ընթացքի չասված բառերը հուշում են, որ կան ասված բառեր՝ թունավոր, ժանգահոտ, ատելության, թշնամանքի՝ շրջապատող ամեն ինչի ու ամենայնի հանդեպ, որոնք հետո պիտի գումարվեին ու դուրս հորդեին։ Ու հորդեին ոչ միայն ընդդեմ Արցախում ապրող հայի, այլ՝ Սյունիքում ապրողի, Վայոց ձորում ապրողի, Սփյուռքում ապրողի եւ ընդհանրապես հայի հանդեպ։

Մյուս օրինակի մասին․ շարքային, արդի աշխարհին համապատասխանող մի դերասանի՝ ցուցքի դերասանի, որ շարքային է նկարահանող խցիկի առաջ ու խցիկից հեռու։ Շարքային, որի բառերը այնքան կշիռ ու հարգ չունեն, որ սովորական մարդուն կհամեմատի «խաչվածի ու խաչից իջնողի» հետ , կասի, թե իր կյանքն ուզում է մատաղ անել երկրի ապագայի համար ու․․․ դառնալ պատգամավոր։ Կյանքը երկրին մատաղ անելու ցանկություն ունեցողին կփնտրես երկրի սահմանին երկրի համար դժվար իրավիճակում, բայց կգտնես հարբեցողության ու վայելքի մեջ։ Խզումը որտե՜ղ առաջացավ, ո՜ր բառը բաց թողնվեց։ Մեկ էլ կնայես արտաքինին, կտեսնես թյուրք-թաթարական կառուցվածքը՝ կարճոտն, հաստագլուխ եւ կգտնես գեն, ծագում, արյուն բառերը։ Ու կպարզվի՝ ոչ մի խզում էլ չկա, բառերը պարզապես չէին բարձրաձայնվել։

Մի երգչի օրինակ էլ կա․ իր սիրուն երգերով սերունդ է դաստիարակվել, բայց մի օր գլխին ինչ ծանրության բառ թափվեց, չերեւաց․ երեւանյան այս տղու համար «ղարաբաղցիք» դարձան «ուղտերով եկած-լցվածներ»։ Լավ, ի՜նչ եղավ այս մարդու ուղեղի հետ, որ արցախցիներին համարեց եկվորներ, անապատային կենդանիներին էլ խառնեց լեռներում մագլցող կենդանիների հետ։ Ճեղքը որտե՜ղ առաջացավ, տեսողական ի՜նչ խաբկանք եղավ կամ թմրային ի՜նչ ազդեցություն, որ խեղճ ուղտերը ստիպված եղան լեռները բարձրանալ։ Ուղտերի շարանը բռնեցինք ու գտանք  բաց թողած բառերը՝ փող, հարբեցողություն, հանուն փողի՝ ցանկացած տեքստ։

Ու լիքը այսպիսի օրինակներ՝ լսված ու չլսված բառերով, բայց՝ միշտ բանալիով, որ կհուշի՝ ինչպես տարբերել պողոսյաններին պետրոսյաններից․ երկուսն էլ՝ «յան»-ով, նույն ազգի ներկայացուցիչ, բայց հակադիր պահվածքներով՝ հանուն հայի ու հայատյաց։ Բանալի բառերը կբացեն գաղտնիքները՝ իսկապե՞ս «յան» է՝ արյամբ, ծագումով, թե՞ պարզապես յան՝ ուղղակի անվանումով։ Բառերը՝ ասված-չասված, հնչած-լռած, լսված-թաքնված, թույլ կտան շատ բան քննել։ Պարզապես ճիշտ լսել է պետք ասված բառերի արանքում թաքնվածները։ Ունեցա՞նք լսելու այս կարողությունը՝ կմաքրենք շրջապատն ու երկիրը։ Ինքնամաքրումը վերականգնման հզոր ուժերից է եւ այնքա՜ն անհաժեշտ մեր այսօրվա ու վաղվա համար։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։