Image

Ցուցքի մասնագետների ամբողջ ճշմարտությունը

Հայաստանից Արցախ մարդասիրական բեռով շարասյան թեման ի սկզբանե ցուցք էր, շոու-այս բառով ասենք, որ բոլորը հասկանան։ Որ ցուցք էր, դա հասկանալի էր․ այն «հայկական կողմը» (օրվա քաղաքականությունը վարող ՀՀ իշխանական հատված), որ անառարկելիորեն ընդունում է թշնամական բոլոր պահանջները, չէր կարող Արցախ բեռ հասցնել։

Այն «հայկական կողմը», որ Արցախը ադրբեջանական է համարում (ոչ միայն, Սյունիքի շատ հատվածներ այդ «հայկական կողմը» ադրբեջանական անուններով է նշում,-հեղ․), ի՜նչ ցանկություն պիտի ունենար, որ բեռները տեղ հասցներ։ Բնականաբար՝ պիտի ասի, տեսեք՝ ուղարկեցի, չթողեցին։ Խաղի հույսի միջազգայինի՞ վրա էր։ Միջազգայի՞ն։ Ի սեր Աստծո, «հայկական կողմը» հենց այդ միջազգայինների առաջ է օրուգիշեր հայտարարում, թե պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում (իրականում չգիտենք՝ գուցե արդեն գրավոր համաձայնել է, պարզապես դեռ չի հանրայնացնում)։

Իսկ ի՜նչ է՝ Բաքուն հիմա՞ր է, որ թույլ տա այն պարագայում, եթե իրականում իր վրա չկա միջազգային ճնշում։ Իրականում նաեւ միամտություն է կարծել, թե Բաքուն թքած ունի միջազգայինի վրա։ Չէ՜, որ իսկապես ճնշում լինի ու պատժամիջոց, թքած չի ունենա․․․

«Հայկական կողմն» այնպես շեփորահարեց, որ բեռ է տանում, կարծես ոչ թե 2 օրվա, այլ՝ երկու ամսվա բեռ էր։ Կամ ինչու՜ էր շեփորահարում, ի՜նչն էր շեփորահարում, որ իր երկրի մի հատվածին նվազագու՞յնն էր հասցնում իբր։ Գիտեր, որ չի կարողանալու, բայց շեփորահարում էր, որովհետեւ ցուցքի պարտադիր պայմանն է դա։

Անկեղծորեն ասած՝ այնպես չէ, որ մտածում ենք, թե անհնար է Արցախ բեռ հասցնելը։ Անհնար չէ, եթե կա դիվանագիտություն, որովհետեւ դիվանագիտությունն անհնարինի արվեստ է։ Բայց մեր դիվանագիտությունը նույնիսկ հնարավորի արհեստին չի տիրապետում, ուր մնաց անհնարինի արվեստը։

Ինչեւէ, բեռները տեղ չհասած՝ Բաքուն հայտարարեց՝ «խաղն ավարտված» է։ Վերջ, «հայկական կողմի» ցուցքն ավարտվեց։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը  ֆուռերով շոուի մասին հայտնի դառնալուց մի քանի րոպե անց վստահեցրեց՝ շոու է, ուրիշ ոչինչ։ «Դե նախ՝ ակնհայտ էր,-ասել էր նա,- հաշվի առնելով, թե ինչպես միանգամից իշխանական պոռնկաքարոզչական հարթակները սկսեցին այդ մասին շեփորահարել։ Թե բա «օգնություն ենք տանում»։ Երկրորդը (եւ ամենակարեւորը)՝ ակնհայտ էր, որ առանց ադրբեջանցիների թույլտվության ոչ մի ֆուռ էլ Արցախ չի մտնելու, իսկ թշնամին այն բանի համար չէ համարյա 8 ամիս Արցախի վզին օղակը սեղմում, որ հիմա հենց այնպես դրանք ներս թողնի։ (Նույնիսկ իրականում չնչին քանակությամբ՝ առավելագույնը 3–4 օրվա հաշվարկով, տարվող այդ մթերքը)։ Եվ  իսկապես, գրառումիցս 1–2 ժամ անց էլ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը գրեց, թե թարգեք էդ կապիկությունները, ոչ մի բեռնատար Գորիսից Ստեփանակերտ չի գնալու։ Ինչ եզրակացություններ եմ անում այս կրկեսից... Նիկոլն էլ, Արայիկն էլ (!!!) վաղուց արդեն ադրբեջանցիներին ինչ որ պետք էր, դրա համաձայնությունը տվել են եւ բանավոր խոստացել։ (Կամ գուցե եւ գրավոր)։ Արցախի պաշտպանունակությունը կազմաքանդելով եւ պաշարմանը պատրաստության գործընթացը հետեւողական ձեւով սաբոտաժ անելով Արայիկը մի կողմից, Նիկոլը՝ մյուս, օգնեցին ադրբեջանցիներին, որ օղակը սեղմեն։

Իսկ հիմա ֆուռերի մասին... Բանտում, երբ զեկերից մեկը հացադուլ է սկսում, իրեն կոտրելու համար բանտի ղեկավարությունը իրեն հնազանդ այլ զեկերի միջոցով տարբեր ճնշումներ է գործադրում հացադուլ անողի վրա։ Օրինակ՝ հացադուլավորի մոտ կարող են սկսել համով ուտելիք տաքացնել, որ հոտն ընկնի բանտախցով մեկ, ցուցադրաբար քեֆ անեն իր կողքը։ Հիմա բերել են, 400 տոննա սնունդը մոտեցրել են սահմանին, թե բա տեսե՛ք. ամեն ինչ կա, բայց դե պիտի հնազանդվեք։ ՀՀ-ում նիկոլաթուրքական օկուպացիոն ռեժիմի հովանավորությամբ համարյա ամենօրյա գրաֆիկով անցկացվող փառատոնները, ուտուշ-խմուշ-տաշիտուշիները նույնպես ջիջիլ գցելու, դիմադրության կամքը կոտրելու համար են։ Կրկնում եմ. մենք գործ ունենք Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում թշնամու շահերը սպասարկող օկուպացիոն ռեժիմների հետ, դա չտեսնելն այլեւս անհնարին է։ Քանի դեռ արցախահայությանն Արայիկն է ներկայացնում, իսկ ՀՀ-ին՝ Նիկոլը, մենք շանս չունենք»։

Ահա եւ վերջ, բոլոր վերլուծությունները սկսվում են այս ճշմարտությամբ եւ ածանցվում այս ճշմարտությունից։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։