Հասարակության արժեհամակարգի փլուզման մասին թեզն արհեստական է ու ներմուծված
Հանրային դեբատների թիվ մեկ հարթակ համարվող սոցիալական ցանցերում, հատկապես հետպատերազմյան շրջանում, աննախադեպ թվով ու որակավորումների խստությամբ քննադատական խոսքեր են հնչում «ժողովուրդ», «ազգ» հավաքական կերպարների հասցեին: Նման դատողություններն աբսուրդութան այնպիսի երանգներ են ստանում, որ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած տարիների՝ պետության համար բացասական բոլոր իրադարձությունների և արդյունքների պատճեռները խորը «փիլիսոփայակ վերլուծություններով» վերջին հաշվով վերագրում են քաղաքացու հավաքական կերպարին:
Սոցցանցերում շրջանառվող նման նեգատիվ երանգներով տեղեկատվական հոսքերի ընդհանուր մտահանգումն այն է, որ հայ ժողովուրդն այլևս նախկինը չէ, մոռացել է, որ ցեղասպանություն է վերապրել, որ պետակաության կորստից 700 տարի անց մեծ դժվարությամբ այն վերագտել է և չի գնահատում այդ բարձրագույն արժեքը, որ այլևս միասնական չէ, որ այսօր հայրենիք ու Առաքելական եկեղեցին թողած միայն ստամոքսային տրամաբանությամբ և կենդանական բնազդներով է առաջնորդվում:
Նման դատողությունները հեռու են իրականությունից՝ դրանք չեն կարող ու չեն բնութագրում ժողովրդի հավաքական կերպարը, այլ ավելի շուտ հասարակությանը պառակտելու, նրա միասնական գործելու կամքը կոտրելու, իր «վատը» լինելու մեջ հենց իրեն համոզելու նպատակ են հետապնդում: Այդ արհեստականորեն խթանած դեբատների մեջ մտնողների շատ փոքր մասն է գիտակցում իր դատողությունների իրական նպատակը և արդյունքները: Շատերն այդ խոսույթի հորձանուտ են մտել չիմանալով էլ, թե այն ուր է տանում, ավելին՝ նրանց մեծ մասն այն անում է իրական հայրենասիրական մղումներով և ազգային վեհ նպատակներով, բայց, մեկ է՝ արդյունքը նույնն է:
Իրականում մեր հասարակությունը բաժանված է երկու հիմնական խմբի՝ օրվա քաղաքական իշխանությունների խոսքերին և վարած քաղաքականությանը հավատացողների, հետևողների և դրան չհավատացողների և այն քննադատողների: Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, որն այս դեպքում չի համընկնում մյուսի պատկերացումների հետ: Կա նաև հասարակության մի հատված, որը կենտրոնում է՝ չկիսելով երկու խմբերի գաղափարները: Բայց այս երեք խմբերի նպատակներն ու թիրախները համընկնում են, նրանք ունեն միասնական հզոր հայկական պետականության տեսլականը՝ ուժեղ և հայրենանվեր քաղաքացիներով:
Ներկայում խնդիրն բացառապես այդ միասնական նպատակին հասնելու ուղիների տեսլականների տարբերության մեջ է ընդամենը, մի թևը մտածում է, որ դիմացինն է շեղվել ուժեղ պետականությանը հասնելու ճանապարհից, մյուս թևն էլ նույնը մտածում է դիմացինի մասին, և այս երկխոսության մեջ աննկատ, չգիտակցված ոտնատակ է արվում ժողովրդի միասնականի, հայրենասերի հոգեկերտվածքն ու կերպարը:
Սա քննարկման կեղծ օրակարգ է, որը կամ հմտորեն թելադրված է դրսից, կամ էլ մենք ինքներս ենք նախաձեռնել՝ չգիտակցելով, զուտ հայրենասիրական վեհ մղումներով առաջնորդվելով:
Հասարակական պասիվությունը փորձ է արվում որպես ժողովրդի արժեհամակարգի խաթարման փաստարկ բերել, ինչը, բնականաբար, այդպես չէ: Այսօր հասարակությունը պասիվ է, քանի որ գործընթացնեը բացառապես միջպետական հարաբերությունների և միջազգային հարթակներում են, իսկ այդ գործընթացների վերաբերյալ, կրկնվենք, հասարակական տարբեր խմբերի մոտ կան տրամաբանորեն տարբեր մոտեցումներ՝ սեփական փաստարկներով և հակափաստարկներով: Պատմությունը փաստում է, որ մեր հասարակությունն միաձուլվում է այն ժամանակ, երբ իր պետականության անվտանգության սպառնալիքն արդեն առարկայական է դառնում: Հավաքական հասարակությունն այսօր չի տեսնում այն կրիտիկական կետը, որը նրան կպարտադրի ապագային հասնելու ճանապարհների տեսլականների տարբերության հարցը մի կողմ դնել և միավորվել գոյաբանական վտանգի դեմ, ինչպես եղել է միշտ: Հետևաբար, այսօր սխալ է խոսել ժողվորդի արժեհամակարգի փլուզման մասին, ավելին, հենց նույն՝ անարժեհամակարգ հասարակության վերածման նպատակին են ծառայում նման խոսքերը: Այսօր միայն թշնամին է ձգտում Հայաստանում և Արցախում տեսնել ամորֆ, անհայրենիք, ազգային-պետականության արժեքներից զուրկ հասարակությունը, և արհեստականորեն շրջանառելով այդ խոսույթը փորձ է արվում հասարակությանը ներշնչել, որ նա հենց այդպիսին է: Բայց այն այդպես չէ մի պարզ պատճառով՝ արդեն հազարմյակից ավել է մեր ազգի և իր հետ ապրող բարեկամ ժողովուրդների գոյաբանական վտանգի հեղինակը նույնն է, և երբ այդ հարցը կրկին բախի մեր դռները, այն ժամանակ միասնական թշնամու դեմ միասնական պայքարը պարտադրված կլինի գոյաբանական տեսանկյունից յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու և աշխարհասփյուռ հայի համար: Ցավոք, միայն այդ ժամանակ է դրսևորվում մեր ժողովրդի հիմնական որակներն ու հոգեկերտվածքի առանձնահատկություններըմ, իսկ մնացած ժամանակներում այն չունի տեսանելի, հետևաբար՝ ինստիտուցիոնալ բնույթ: