Հումանիտար բեռներով շարասյունը հարվածեց կեղծիք տարածող ադրբեջանական քարոզչական մեքենային
Հումանիտար բեռով շարասյունն արդեն երրորդ օրն է կանգնած է Լաչինի միջանցքի սկզբնամասում: ՀՀ-ում հավատարմագրված երկրների դեսպանները նախ Երևանում հավաստիացան, որ բեռնատարներում բացառապես հումանիտար բեռ է, այնուհետև նրանց մի մասը նաև երկու օր անց հասավ Լաչինի միջանցքի սկզբնամաս և անձամբ համոզվեց, որ բեռները սպասում են հայկական անցակետի մոտ, որից այն կողմ պետք է ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ուղեկցեն բեռը միջանցքով դեպի Արցախ:
Այն, որ ադրբեջանական կողմը թույլ չէր տալու, որ հումանիտար բեռը հասներ արդեն սննդի սուր անբավարարության պայմաններում գտնվող արցախցիներին, մեր համար անսպասելի չէր, սակայն միջազգային հանրությունը ներկայացնող երկրների դեսպանների համար այդ իրականությունը փաստարկված ներկայացնելու անհրաժեշտություն կար: Ադրբեջանական քարոզչամեքենան հսկայական ռեսուրսներ է ծախսում սոցիալական ցանցերով և միջազգային տարբեր մակարդակի հարթակներում այն թեզի ներկայացման համար, թե իբր Արցախի Հանրապետությունում բլոկադա չկա, առավել ևս՝ սննդի խնդիր:
Լաչինի միջանցքի սկզբնամասում առնվազը 17 երկրի դեսպաններ այլևս համոզվեցին, որ Արցախի միակ կյանքի ճանապարհը փակ է և եթե նախկինում տարբեր ակնկալիքներով և շահադիտական նպատակներով իմիտացնում էին, թե չեն կարող չհավատալ միջանցքը բաց լինելու մասին ադրբեջանական ղեկավարության ամենաբարձր մակարդակով հնչեցվող հայտարարություններին, ապա այսօր այլևս ստիպված կլինեն իերնց մայրաքաղաքներին զեկուցել, որ 120 հազար արցախահայությունը լիակատար բլոկադայի և հումանիտար աղետի մեջ է: Իսկ այդ երկրները բավականին ներկայացուցչական են՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Հնդկաստան, Իրան, Իրաք, Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա, Լիտվա, Սերբիա:
Լաչինի միջանցքի մուտքի մոտ կանգնած հումանիտար բեռների շարասյունը հարվածեց ադրբեջանական քարոզչամեքենայի՝ վերջին շրջանում շրջանառվող կեղծ թեզին, թե իբր այն բաց է: Սրանից հետո, թերևս պաշտոնական Բաքուն պետք է մեծ ջանքեր ու ռեսուրսներ ծախսի, որպեսզի փորձի աշխարհին համոզել, որ մի ողջ ժողովրդի լիակատար բլոկադայի մեջ պահելով, ոչ թե ցեղսպանել կամ իր հազարմյակների բնօրրանից դուրս մղել է ցանկանում, այլ «ինտեգրում» է ադրբեջանական հասարակության հետ: Աշխարհը թերևս տեսավ ու հասկացավ, թե Բաքվում նստած քաղաքական վերնախավն ինչ է պատկերացնում արցախցիներին ինտեգրելու գործընթացի տակ: Միջազգային հանրությունը տեսավ, որ ադրբեջանն այսօր արդեն խաթարում է 120 հազար արցախցու անվտանգությանը և հիմնարար իրավունքները: Նա այլևս, ուզի թե չուզի, Բաքվին պետք է ասի, որ իր գործողությունները հակասում են միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերին՝ գոնե այս դեպքում ստիպված լինելով խոսել, ոչ թե լռել և չտեսնելու տալ արցախյան մերօրյա հումանիտար աղետը: Այլ հարց է, թե Ադրբեջանի ղեկավարությունը տեղիք կտա այդ հայտարարություններին, թե կշարունակի արհամարել դրանք:
Մյուս կողմից էլ Ադրբեջանական գործողությունները հարվածում են ռուս խաղաղապահ առաքելությանը և միտված են վարկաբեկելու այն: Լաչինի միջանցքը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է, լիովին վերահսկում է ադրբեջանական կողմը՝ թույլ չտալով անգամ խաղաղապահների տեղաշարժը դեպի հայկական սահման: Միջազգային կենտրոններն այս պայմաններում արդեն օրինաչափորեն հարցականի տակ կդնեն ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախում՝ փաստելով, որ վերջինս չի կարողանում ապահովել միջանցքով անխափան տեղաշարժը, ինչի հետևանքով Արցախում հումանիտար աղետ է: Այստեղ արդեն գործնական քայլեր անելու խնդիր ունի Ռուսաստանը, քանի որ Ադրբեջանն ակնհայտորեն քայլեր է անում նրան Արցախից դուրս մղելու, իսկ արցախցիների հանդեպ վարվող նման քաղաքականության պայմաններում, առանց խաղաղապահ առաքելության տեղի հայության գոյատևումն իր բնօրրանում անհնար է, հետևաբար՝ ՌԴ-ին այնտեղից դուրս մղելը ենթադրում է մեկ այլ խաղաղապահ առաքելության մուտք տարածաշրջան: