Image

Անվերնագիր՝ ցրթողների ու կեղծ խաղաղասերների մասին

Որ պատերազմը չի ավարտվել՝ փաստ է։ Որ խաղաղության օրակարգ կոչված կեղծ թեզը խաղաղություն չի բերելու՝ դա էլ է փաստ։ Փաստերն էլ այնքան ակներեւ են, որ նույնիսկ պեղելու եւ ապացուցելու կարիք չկա։ Մեր ազգային ու գիտակից մասը ամեն օր այս մասին խոսում է, գրում, զգուշացնում, ահազանգում։ Անգիտակից մասը գերադասում է չլսել, չհասկանալ, չմտածել։ Ճիշտ եւ ճիշտ ջայլամի օրինակով, երբ իրեն երկար հետապնդում են եւ նա այլեւս ուժ չի ունենում վազելու, գլուխը մցնում է ավազի մեջ՝ ենթադրելով, որ ամբողջ մարմինը ծածկվում է եւ իրեն չեն տեսնում։

Որպեսզի անգիտակից մասը լսի, մտածի, անհանգստանա, պետությունը պետք է ասի վտանգի մասին ու ցույց տա այդ վտանգը չեզոքացնելու ուղիները կամ բացատրի, որ կան այդ ուղիները եւ անհրաժեշտ են համախումբ ջանքեր։ Պետությունը, իմա՝ ՀՀ օրվա քաղաքականությունը վարող իշխանական կողմը, որ պատասխանատու է այդ ամենի համար, չի գործում, վտանգը չեզոքացնելու ուղիներ չի առաջադրում եւ չի ուզում առաջադրել։

Ասել, թե իշխանական կողմը հստակ քայլեր չի անում, ճիշտ չի լինի։ Անում է՝ բայց ոչ հայանպաստ ու ոչ պետականամետ։ Ապացույցը՝ խնդրեմ․ 1․ Արցախից ձեռքերն անթաքույց լվացել է,ավելին՝ Արցախի հանդեպ ատելությունը չի թաքցնում, 2․ դատելով այն հանգամանքից, որ ՀՀ-ում թառած թուրքերին էլ չի քշում, նշանակում է, ձեռքերը նաեւ Հայաստանից է լվացել, եւ 3․ իրավիճակը շտկելու ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ ուժերը չի մոբիլիզացնում, ծախսերի առաջնահերթություն չի սահմանում եւ, ինչպես արդեն ասել ենք, այս պահի հայկական խնդրին (Հայաստան եւ Արցախ) նայում է դիտորդների պես՝ հեռադիտակով։

Եվ որ ամենավտանգավորն ու հակահայկականն է՝ ամեն ջանք գործադրում է՝ հանրությանը ցույց տալու, որ ինչ էլ լինի (Արցախի հանձնում, ՀՀ-ից եւս տարածքների հանձնում եւն), կարեւորը խաղաղությունն է՝ «ջհանդամը» թե պատերազմ չի լինի ու «ջհանդամը» թե պատերազմին պատրաստ չլինելով՝ պատերազմից զատ ստանալու ենք նաեւ նվաստացում։

Որպեսզի հանրույթը կույր մնա, անհրաժեշտ են տեսարաններ՝ օրինակ՝ զխտկվելու փառատոններ, միջին աստղիկների ու համաշխարհային աստղերի համերգներ, հայկական ազգային արմատից եկող տոների գաղափարների վերափոխումներ ու ծաղրումներ (ինչպես Վարդավառի դեպքում արեցին) եւն։

Հիմա խոսվում է համաշխարհային ինչ-որ ռեփերի այցից ու ինչ-որ գներ են քննարկվում սոցմեդիայում։ Գինը ճշտելը, մոտավորապես կողմնորոշվելը բարդ բան չէ, պարզապես պետք է նայել, թե այդ ռեփերն ընդհանրապես գնային ինչ միջակայքում է համերգներ տալիս։ Բայց չի խոսվում ամենակարեւոր մասին՝ գինն էական չէ, էականն այս ստորացուցիչ միջավայրն է, որում դրել են բոլորիս։ Նույն տան մեջ, նույն հարկի տակ ապրող ծնողի մի երեխան սոված է՝ ուր որ է լավագույն դեպքում կուշաթափվի, վատագույն դեպքում կմահանա, իսկ ծնողը մյուս երեխայի համար տոն է կազմակերպել, տորթ ու փուչիկներ բերել։

Այս կարգի ծնողին պետք է զրկել ծնողական իրավունքից, որովհետեւ՝ 1․ նա իր իսկ երեխաներին տարբերակում է, 2․  իրականում չի սիրում նաեւ այն երեխային, ում համար տոն է կազմակերպել, 3․ այդ կեղծ տոնով երեխաներին փորձում է միմյանց դեմ հանել եւ 4․ իրապես թաքցնում է, որ փափագում է երեխաների մահը։

Այս կարգի ծնողին ծնողական իրավունքից զրկելը քիչ է։ Նրան պետք է զրկել երեխա ունենալու եւ ապրելու իրավունքից՝ պատմության մեջ երբեւէ հայտնի ամենախստագույն պատժամիջոցներով։ Այս դեպքում հույս կա, որ մի երեխան տորթով կկիսվի մյուսի հետ, եւ նրանք ամբողջ կյանքում ուս ուսի տված կապրեն՝ քաղելով իրենց կյանքի ամենադառը դասը․ ամեն ցրթող ծնող չէ։

Օրինակը գուցե պարզունակ է, բայց, այո, մեր հանրույթին բացատրելու լավագույն ձեւն է այն իրավիճակի, որ անկախ այն բանից, թե ով է քո իշխանավորը, դու պարտավոր ես պինդ բռնել Արցախի ձեռքը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։