Image

Ռեքվիեմ «Ռեպլիկահուն»

Ռեպլիկ 1. - «Ես 29800 քառակուսի կիլոմետրի վարչապետն եմ…»

Մենք էլ գիտեինք, թե երկրների ղեկավարներն ընտրվում կամ կարգվում են ժողովրդին ղեկավարելու, պետական ինստիտուտները կառավարելու համար: Այնինչ պարզվում է կան «- եր, որոնց թվում է, թե ղեկավարում են, ասենք, երկհարկանի առանձնատուն (ոչ թե ընտանիքը), դրա համար էլ, պահի տակ որոշում են, որ «մանսարդը մեզ պետք չի», որովհետեւ այնտեղ տարին տասներկու ամիս ձյուն է: Մեզ պատշգամբը պետք չէ, որովհետեւ այն, տարածքի «ղեկավարի» աչքին դժգույն ու դժբախտ «պատշգամբ» է: Ավտոտնակի դիմացը կարող ենք զիջել «հարեւանին», ով զավթել է մեր ողջ այգին, որովհետեւ նրա սրտի ուզածը իր համար օրենք է ( երեւի արյունը քաշում է): Իսկ մենք մեքենան կամ կփորձենք ավտոտնակ մտցնել քամակի կողմից (ոչինչ որ հետեւի կողմից դարպաս չկա) կամ էլ, որ շատ ավելի «լավ» է` կծախենք( նույն հարեւանին): Հետո ավտոտնակն էլ կծախի ( ծախելու նման բան լինի, լավ գին տվող լինի…) ու կհայտարարի, որ դա հարեւանի տարածքային ամբողջականության մեջ է, ինչը մենք (իրենք) անվերապահորեն ճանաչում են:

Հետո այդ ոչ բարով «հարեւանը «կգա մեր բակի լողավազանի կեսին կտիրանա, իսկ շենքի պարետը կասի` հո լողավազանի համար չենք պատերազմելու կիրթ ու բարեկիրթ հարեւանի հետ:

Պատկերացնու՞մ եք, մեր ոխերիմ բարեկիրթներն ասեին` մենք X  քառակուսի կիլոմետրի նախագահ ու վարչապետ ենք: Էլ ի՞նչ կուզեինք. Քոռն ի՞նչ կուզի – երկու աչք: Էլ ո՛չ մեր պատշգամբը, ո՛չ մանսարդը, ո՛չ ավտոտնակը, ո՛չ Կիպրոսը, ո՛չ Սիրիան…

Իսկ այդ տանն ապրողներն իր ծառերին անգամ չեն կարող մոտենալ, հատկապես` տանձի:

Էլ չենք ասում բադրիջաններին. բայց սա առանձին ռեպլիկահունի թեմա է:

 

Հ. Գ.

Ռեպլիկահունի հասցեատիրոջը. ա՛յ տղա, բա որ հիմա չափենք «բնակարանդ» ու պարզվի, որ դու էնքան էս տվել (Ջերմուկ, Սոթք, Սյունիք…), որ 29800 չէ այլեւս, այլ, ասենք, 29300… ու դու ո՞վ կլինես էդքանից հետո: Տղայականով նմաններին ուրիշ բան են ասում ու ուրիշ ձեւ են վարվում…

Բաս, բիճո՛…

 

Ռեպլիկահուն – 2

Բադրիջանը (սմբուկը) բանջարաբոստանային կուլտուրա է: Քանի որ այն կուլտուրա է, սիրում է աճել կուլտուրական միջավայրում, կուլտուրական ձորերում: Ասենք` Ծաղկա – ձորում, Վանա – ձորում, հատկապես` Հրազդանի ձորում: Վերջինումս աճած բադրիջանը որպես հումուս սիրում է ինստագրամ, ֆեյսբուք, երբեմն` օդնոկլասնիկ, բայց շատ ավելի սիրում է դատի տալ զոհված ազատամարտիկի մորը…

Սմբուկը ( ցորենը, գարին, եգիպտացորենը, լոլիկը, վարունգը….) տարօրինակորեն չի սիրում ցանվել եւ աճել լեռնային ցախառատ վայրերում, որտեղ հատկապես անընդհատ կրակում են թշնամական դիրքերից… բարեկիրթ թշնամական դիրքերից:

 

Ռեպլիկահուն – 3

Բյուջեիս փողերը քեզ եմ տալիս – հնչում է ոնց որ – գրպանիս փողերը քեզ եմ տալիս, բա ինչու՞ չեք հրաժարվում: Մարդու լեզուն մատնում է ենթագիտակցությունը: Էս մարդը պետական բյուջեի մասին խոսում է, ոնց որ կխոսեր իր գրպանի պարունակության մասին (ինչ իմանանք, կարող ա ինքն ա ճիշտ):

Ա՛յ պաշտոնավոր. նախ էդ պաշտոնը հորդ տնից չես բերել, երկրորդ` էդ բյուջետային գումարները ավելի շուտ եւ ավելի շատ իմն ու իմ կողքիններինն են, քան քոնը:Անձամբ քո՛ գրպանի գումարներն էլ են մեր գումարներից գոյացել (անկախ ծագման աղբյուրից):

Էնպես որ` պետք չի մեր եղբայրներին շանտաժ անել, թե` դե, եթե չեք ուզում ենթարկվել «ի՛մ» կապիտուլյացիոն քաղաքականությանը, ապա հրաժարվեք այն գումարներից, որը ձեզ է տրվում օրենքի կետի համաձայն (ո՛չ թե ինչ-որ մեկի քմահաճույքով):

Բայց չէ, ինչի՞: Գնացեք բարեկիրթի պետական բյուջեից Ակնայով թունավորվեք, մեռեք: (Համ գլխից կազատվեմ, համ` գլխացավանքից… օ՛ֆ է…)

Ես վախ չունեմ, 120 հազար չէ, երկու միլիոնուկեսի ոչնչանալուց էլ չեմ վախենում:

Ինձնից հետո թեկուզ…

 

Ռեպլիկահուն – 4

Այս մի հունը որոշեցինք նվիրել հյուսիսափայլի երկրի արտաքին գերատեսչությանն ու իր տխրահռչակ ղեկավարին:

Տո ա՛յ հարավի ծնունդ – հյուսիսի խայտառակություն. քեզ մոտ ծնված օրի՞ց են փոխել ֆազի ու զրոյի տեղերը, որ շարժիչդ թարս ա պտտվում, դառնում ես շուռ տված…

Ադրբեջանի քո «коллега» - ին ընդունում ու շնորհակալություն ես հայտնում Ղարաբաղում հումանիտար ճգնաժամային իրավիճակը հասկանալու համար: Միգուցե շնորհակալություն ես հայտնում, որ ձեր ներքին ցուցումները հստակ ու ճշգրտորե՞ն են կատարում… Թե չէ, ողջ աշխարհը, գոնե առերեւույթ կոչ են անում մի քիչ պակասացնել դեբիլիզմը, դու շնորհակալություն ես հայտնում:

Ա՛յ տղա, դու ֆազ չես էլ ունեցել:

Հետո օգնականդ վազելով մոտենում, նստում է կողքդ – քափ – քրտինքի մեջ զեկուցում` թե բա չես ասի, հարգանարժան նախարար, ազերիներին դուր չի գալիս, երբ ասում ես նախկին ԼՂԻՄ տարածք… ու էստեղ մի պահ միայն կովկասյան ինքնապաշտպանական գենդ միանում է ու հերիքում, որ բարձրախոսն անջատես:

Բայց արդեն ծիտիկը թռել էր… օգնականդ արդեն ի լուր աշխարհի հայտարարել էր, որ դու էլ, քո գերատեսչությունն էլ նարիշկին եք, ալիեւյան կլիենտ…ոնց որ ռուսաստանյան չինովնիկների կեսից ավելին:

Էլ ի՞նչ գերտերություն…

Շատ են ռեպլիկները, բայց այսօր այսքան հունով բավարարվենք:

Բա՛ս, բատոնո՛ Սերգո՛

Ա. Ս.

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։