Հայրենապաշտը պարտավո՛ր է հաղթել հայրենադավին
Երբ հայկական կողմն ասում է, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, դրանով խաչ է քաշում ե՛ւ Արցախի Հանրապետության, ե՛ւ Հայաստանի Հանրապետության վրա։ Որովհետեւ 86600 քառ. կմ-անոց Ադրբեջան իրականում գոյություն չունի, եւ ոչ էլ Հայաստանի Հանրապետության տարածքն է լոկ 29800 քառ. կմ։
Որովհետեւ Արցախը հայապատկան է, դեռ չհաշված, որ Ադրբեջանն ինքն է հայկական հողերի վրա «բուսնել» եւ, բացի այդ, 29800 քառ. կմ թիվը հնչեցնելով, հայկական կողմն առաջ է բերում իրականում կեղծ՝ այսպես կոչված «անկլավների» հարցը՝ թշնամու ջրաղացին ջուր լցնելով։
«Հարգելի արցախցիներ, որեւէ մեկն իրավասու չէ ձեր փոխարեն որոշելու արդեն իսկ կայացած ինքնորոշման հանրաքվեի արդյունքները, անգամ նոր հանրաքվե կարող եք նախաձեռնել, թե՝ ոչ: Առնվազն կարող են երաշխավորել ձեր անվտանգությունը, ինքնորոշման իրավունքի հարգումը, ինչն այս պահին առավել, քան երբեւէ՝ խոցված է, սակայն չեն կարող օրինական գործընթացները չեղարկել: Ձեր 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն լիարժեք համապատասխանել է տվյալ պահին գործող օրենսդրության պահանջներին, իսկ հետագա օրենսդրական մանիպուլյացիաները այդ իրավական գործընթացի վրա այլեւս տարածվել չեն կարող»,- սա է հակիրճ այս իրավիճակի ճիշտ բնութագրումը, որ պետք է հասկանան մեր հանրության լայն շերտերը, եւ որ ընդգծել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը։ Նա հետգրությամբ շեշտել է ամենակարեւորը. «Սահմանադրության ուժով Հայաստանի կողմից Արցախը որեւէ պետության կազմում ճանաչելուն հանգեցնող միջազգային պայմանագիրը ի սկզբանե առոչինչ է …»։
Երբ թշնամու թելը թելելով՝ հայկական կողմը հնչեցնում է 29800 քառ. կմ թիվը ու կեղծ, արհեստական, ժամանակին հակահայկական ուժերի ու կենտրոնների կողմից հեռահար նպատակով ծնած թեզերը օրակարգ դարձնում, երբեւէ քարտեզ ուսումնասիրած չէ, գոնե բացած կա՞։
Եթե համառոտ, ապա այդ 29800-ը նշանակում է արագացնել ՀՀ-ի կործանումը։ Այդ 29800-ը նշանակում է, որ մեր Արարատյան դաշտը լինելու է թշնամու ուղիղ աչքի տակ։ Հստակեցնենք՝ գյուղերով հանդերձ է լինելու թշնամու աչքի տակ։ Հուսանք՝ Երեւանում ապահով ապրողները գոնե գիտեն Արարատյան դաշտից Երեւան հեռավորությունը։
Երեւանում հանգիստ քնողները թե հիշում են Գորիս-Կապան ճանապարհի ճակատագիրն ու հետեւանքը, ասենք, որ նույն հետեւանքները լինելու են Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան ճանապարհների մասով։ Տնտեսական ու սոցիալական վնասներից չենք խոսում, որովհետեւ Հայաստանն արդեն հայտնված է լինելու թուրքական աքցանում՝ արագ ընթացող բացասական գործընթացներով զուգակցված։ Բոլոր նրանք, ովքեր կասեն՝ ոչինչ, գոնե 29800-ը մնա, կամ՝ դյուրահավատ են, կամ՝ անուղղելի անգրագետ, կամ՝ հայրենավաճառությանը կողմնակից (կողմնակից լինելն ու մասնակցելը այս պարագայում նույն բանն է)։
Անգրագետներին ու հայրենավաճառներին մի կողմ թողնենք. նրանց որեւէ բան բացատրելը անիմաստ է։ Գանք դյուրահավատներին։ Նրանք հավատում են, որ սահմանազատում կլինի ու իրենք կփրկվեն 29800-ի տարածքում։ Չի՛ լինելու նման բան։
Նախ՝ որովհետեւ սահմանազատումը երկարատեւ, նույնիսկ տասնամյակների աշխատանք է պահանջում։ Իսկ թուրքական կողմը շտապում է։ Երկրորդ՝ սահմանազատումը խաղաղ գործընթաց է ենթադրում, մինչդեռ թշնամին ՀՀ տարածքում զենքի ուժով է սահմանազատում անում։ Երրորդ՝ թշնամին ՀՀ տարածքից հեռանալու մտադրություն չունի, եւ դա է վկայում հենց թուրքական կողմը (Թուրքիա, Ադրբեջան)՝ խոսքով եւ գործողություններով։ ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը բազմաթիվ ապացույցներ է բերում։ Օրինակ՝ «Նրանք ամրացած են Հայաստանի Հանրապետության սահմանից ներս գտնվող տարածքներում։ Ներքին Հանդ գյուղում մի քանի ամիս առաջ մի փոքր շինություն էր, մի քանի ամիս անց արդեն մեծ շինություններ են, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, նույն ճանապարհները, բունկերները մենք արձանագրել ենք նաեւ Ջերմուկ քաղաքում»։ Կամ՝ Սյունիքի գյուղերի բնակիչները փաստում են, որ ադրբեջանցիները ականապատում են գրավված տարածքները։ Կամ՝ զավթում են աղբյուրները, որ մարդիկ խմելու ջուր չունենան։ Այս փաստերից հետո դյուրահավատ մնալ ու կրկին հավատալ թշնամուն, նշանակում է համալրել հայրենադավների շարքերը։
29800-ի կողմնակիցների համար սանտիմետրերը չէ, կիլոմետրերն էլ խնդիր չեն, մինչդեռ ամեն սանտիմետրի հետեւում մեր ընտանիքների ու երկրի ճակատագիրն է։ Եթե մեր հանրության մի շերտ կարծում է, թե ճանապարհներ, բունկերներ կառուցող, շտապօգնության մեքենայի վրա կրակ բացող ադրբեջանական ԶՈւ-ն կհեռանա մեր երկրից միջազգային ջանքերով, ապա դյուրահավատների օրինակով գնում է համալրելու նշյալ շարքերը։ Այս շերտին կարող ենք հարց հնչեցնել՝ իսկ ի՞նչ ենք անում, որ թշնամին հեռանա, կոչ ենք հղում, համաձայնում ենք նրա պահանջներին եւ՝ վերջ։ Մենք խոսում ենք, թշնամին՝ գործում։ Մինչդեռ երեխաների համար նույնիսկ հասկանալի է, որ թշնամին չի հեռանա, հեռացնել է պետք։ Խաղաղությո՞ւն ենք ուզում ստանալ, բայց խաղաղությունը չեն ստանում, նվաճում են։ Եթե խաղաղություն ստանալուն ենք սպասում, ապա ստանալու ենք մի բան՝ նվաստացում, որին հետեւելու է անխուսափելի պատերազմը։
Մի՝ բան էլ՝ 29800-ի կողմնակիցները գոնե գիտե՞ն, որ իրենց խաբում են, այդ 29800-ի մի զգալի հատվածում թշնամին է ու ամրանում է, ինչքա՞նն է մնացել ՝ 28000, 27400, կարո՞ղ են այդ հարցն ուղղել իրենց խաբողներին։
Թյուր է նաեւ այն պատկերացումը, թե ժողովուրդը ոչինչ անել չի կարող։ Կարո՛ղ է, հարկավ կարող է եւ պարտավո՛ր է անշուշտ։ Սա մեր երեխաների ու երկրի հարցն է։ Ի՜նչ է, թշնամուն բարեկամ համարող շերտը կարող է, հայկական շերտը չի՞ կարող։ Կարո՛ղ է եւ պե՛տք է։ Ի վերջո՝ սա հենց ի՛ր երկիրն է։
https://hhpress.am/hanrapetutyun/2023/19704/