44-օրյայի նախաշեմին հաշվարկ չէիք արել, իսկ՝ վաղվա համար արե՞լ եք
Հանրահայտ փաստ է, որ արցախյան 44-օրյա պետերազմի ելքն ապահովել է Թուրքիան՝ մեկ տասհազարյակը գերազանցող ադրբեջանցի զինվորների և մի քանի հարյուր թուրքման և թուրք զինյալների կյանքի գնով: Այդ իրողությունը փաստագրվել է միջազգային բոլոր դիտորդ կառույցներում և ռազմավարական վերլուծությունների կենտրոններում: Օրերս սակայն պարզ դարձավ, որ Հայաստանում և Արցախում հնարավոր պատերազմին Թուրքիայի անմիջական ներգրավվածության տարբերակը չի հաշվարկվել ռազմական գործողությունների վերսկսման սցենարները մշակելիս:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի վերջին նիստում ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց. «Այդպիսի հաշվարկը մեր կողմից թերի է եղել, մենք չենք հաշվարկել նման բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող էր հայտնվել Արցախյան թատերաբեմից 25-45 կմ հեռավորության վրա` իրականացնելով թռիչքներ»:
Այս խոսքերը լսելուց հետո սովորական մահկանացուներիս մնում է միայն տարակուսել և կրկին հայտնվել հետպատերազմյան դեպրեսիվ հոգեվիճակում: Ռազմավարական հետազոտություններով և կանխատեսումներով չզբաղվող յուրաքանչյուր ոք, զուտ հետևելով նախապատերազմյան երեք ամիսների միջազգային լրահոս սպրդած բաց տեղեկատվությանը, կարող էր միանշանակ հայտարարել, որ Թուրքիան ոչ միայն հրահրելու է պատերազմ Արցախի ժողովրդի դեմ, այլ անմիջական մասնակցություն է ուեննալու դրանում՝ աչքի առաջ ունենալով ապրիլյան քառօրյա պատերազմի անհաջողությունները, երբ ամեն ինչ թողել էր ադրբաջանական զինուժի հույսին:
2020 թվականի հուլիսին Տավուշի սահմանային միջադեպից հետո միջազգային լրահոսին հետևողները պետք է, որ լսած լինեին, թե ինչպես հենց Թուրքիայի նախագահը և ԱԳ նախարարը մի քանի օր տարբերությամբ նույն ձևակերպմամբ արձագանքեցին տավուշյան սահմանային բախումներին և 14 ադրբեջանցու ոչնչացման փաստին: Թյուրքական պետության երկու պաշտոնյաները հայտարարեցին, թե Հայաստանը գերագնահատում է իր հնարավորությունները՝ թափանցիկ ակնարկելով թյուրքական պատասխան քայլի մասին: Այդ հայտարարություններից անմիջապես հետո Ադրբեջանի տարածքում սկսվեց թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որի քողի տակ թուրքական կանոնավոր ստորաբաժանումները և բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչները մտան ոչ միայն Նախիջևան, այլև Ադրբեջանի այլ տարածքներ՝ մինչև պատերազմ այնտեղից չհեռանալու ծրագրով: Զորավարժությունների անվան տակ մեծ թվով տեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան, առաջին հերթին՝ ռազմական ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ, իրենց օդաչուներով և օպերատորներով:
Իրադարձությունների և հայտարարությունների այս շղթայում չհաշվարկել Թուրքիայի անմիջական մասնակցությունն արցախյան 44-օրյա պատերազմում՝ դավաճանությանը համահավասար մասնագիտական անփութություն է, որը շատ թանկ է արժեցել մեր ժողովրդի և հայկական երկու պետականությունների համար:
Մյուս կողմից էլ հարց է ծագում՝ ի՞նչ էր անելու հայկական կողմը Թուրքիայի անմիջական մասնակցությունը հաշվարկելու դեպքում: Այդ կարճ ժամանակահատվածում թուրքական գործոնին հակազդելու համար ԱԹՍ-ների և F-16 ինքնաթիռներին հակազդելու ՀՕՊ միջոցների ներկրումը տեխնիկապես շատ դժվար էր, իսկ թյուրքական պետությունների գործողություններին համարժեք հակաքայլը՝ ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի ներգրավումը պատերազմական գործողություններին՝ քիչ հավանական՝ ռուս-թուրքական գերջերմացած հարաբերությունների ֆոնին, ինչը փաստեց նաև հետպատերազմյան շրջանում ՌԴ կեցվածքը և ոչ մի դեպքում Թուրքիայի հետ հակասությունների մեջ չմտնելու քաղաքականությունը, առավել ևս, երբ նախատեսվում էին հատուկ ռազմական գործողություններ Դոնեցկում և Լուգանսկում: Հետևաբար՝ 44-օրյա պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության հաշվարկի դեպքում էլ հայկական կողմը հակազդման գործիքակազմ չուներ, ոչ միայն սպառազինության, այլ նաև քաղաքական առումով:
44-օրյա պատերազմի ելքը, սխալ հաշվարկների համատեքստում, լուրջ դաս էր հայկական կողմի համար և այսօր օրինաչափ հարց է ծագում՝ ռազմավարական մեր հաշվարկներն անողները փոխվե՞լ են, թե՞ նույնն են մնացել, առաջիկա ժամանակահատվածի համար անվտանգային առումով ի՞նչն է հաշվարկվում և ի՞նչն անտեսվում: Չլինի այնպես, որ ինչպես վերջին հազարամյակում ունեցած մեր հիմնական հաղթանակը տանուլ տվեցինք՝ սխալ հաշվարկների հետևանքով և այսօր ինչ-որ հանձնաժողովում ընդամենն արձանագրում ենք սխալվելը, այնպես էլ վաղը նույն սխալը թույլ տանք՝ էլ ավելի աղետալի հետևանքներով: