Image

Աշխարհը հարգում եւ օգնում է ուժեղին

«ՀՀ թերթ»-ի (hhtert.am) զրուցակիցն է Հայաստանի ժողովրդային շարժում ՀԿ-ի համակարգող, թուրքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը։

- Պրն․ Պետրոսյան, ի՞նչ զարգացումներ են ընթանում մեր տարածաշրջանում։ Կարելի՞ է խոսել հաղթողների եւ պարտվողների մասին, թե՞ գործընթացը դեռ ակտիվ փուլում է։

- Համաշխարահային մեծ դերակատարների միջեւ հավասարակշռության փոփոխման ժամանակ, աշխարհաքաղաքական նշանակության տարածաշրջաններում սովորաբար պատերազմներն անխուսափելի են։ Այդպիսի տարածաշրջաններից է Հարավային Կովկասը։ Այստեղ բախվում են մի կողմից՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Արաբական երկրների, մյուս կողմից՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, ԵՄ-ի եւ Իսրայելի շահերը։ Ընդ որում, այս երկու խմբերի երկրների միջեւ առանձին-առանձին էլ մրցակցություն եւ որոշակի մարտավարական շահերի բախում կա։ Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ Հարավային Կովկասը դուռ է, որի բանալու անցքը Հայաստանն է։ Հենց այդ պատճառով էլ ներկա փուլում բոլորը ցանկանում են տիրանալ Հայաստանին։ Բախումները մեր տարածաշրջանում սկսվել են դեռ 2008-ին եւ ներկայում դիվանագիտական ու ռազմական ակտիվացման նկրտում ունեն։

- Ինչպե՞ս է ազդում Ռուսաստան-Արեւմուտք, Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատումը Հայաստանի եւ ընդհանրապես, մեր տարածաշրջանի վրա։

- Նախ պետք է ընդունել, որ այսօր Եվրոպան քաղաքական առումով, դժբախտաբար, գրեթե գոյություն չունի։ Այն, ըստ էության, ԱՄՆ-ի կցորդն է։ Ուստի ՆԱՏՕ-ի մասին առանձին խոսելն անիմաստ է։ Օր օրի ընդարձակվող Ռուսաստան-Արեւմուտք առճակատումն աշխարհաքաղաքական գերուժերի վերադասավորման մի հատվածն է։ Իրականում դեռեւս 2008-ին ԱՄՆ-ում սկիզբ առած տնտեսական ճգնաժամով արդեն պարզ էր, որ Չինաստանը՝ որպես առանձին միավոր, շատ ավելի զորեղ է, քան ԱՄՆ-ի վերնախավն էր պատկերացնում։ Առանց այդ տարվա Չինաստանի ֆինանսական ներդրումների Միացյալ Նահանգների տնտեսության մեջ՝ այսօր գուցե աշխարհի քաղաքական քարտեզն այլ լիներ։

Ռուսաստանն աշխարհի քաղաքական ապագա քարտեզի վրա իր ծանրակշիռ տեղն ու դերն ունենալու համար դեռեւս 2008-ից հետո կատարեց շատ լուրջ վերադասավորումներ իր տնտեսությունում եւ արտաքին քաղաքականությունում։ Արդյունքում նա մի շարք տարածաշրջաններից ժամանակավորապես նահանջեց, ապա վերադարձավ այլ կերպարով։ Այսօր ամբողջական Արեւմուտքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, տեղեկատվական դաշտում աննախադեպ հարձակում է իրականացնում Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, մասամբ նաեւ Հնդկաստանի ու Արաբական երկրների ղեկավարների նկատմամբ։ Այս բախումների հարթակներից մեկն էլ մեր տարածաշրջանն է, որտեղ ԱՄՆ-ի փափուկ եւ կոշտ ուժերը, միջնորդավորված կամ ուղղակի բախվում են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի փափուկ եւ կոշտ ուժերին, որտեղ ամեն բլոկի նպատակն է հակառակորդին դուրս մղել մեր տարածաշրջանից։ Այնպես որ, այս աշխարհաքաղաքական առճակատումների ընթացքում անխուսափելի են պատերազմները եւ բախումները հայերի եւ ազերիների, վրացիների եւ ազերիների միջեւ։

Պատերազմից խուսափելու համար պետք է պաշտպանական համակարգ ստեղծել։ Կհաջողենք միայն համայն հայության ներուժի, գերլարման, կենտրոնացման միջոցով։ Արցախում, Հայաստանում, Սփուռքում ամեն հայ պետք է կոնկրետ իմանա իր անելիքը։ Դիվանագիտության, ռազմական, անվտանգության բնագավառներում Հայաստանի զորացմանը պետք է մասնակցի ամեն հայ։ Բայց այդ արդյունքին հասնելն անհնար կլինի պատասխանատվությունից զուրկ ներկայիս ՀՀ իշխանությունների հետ, եւ, ցավոք, չենք խուսափի կորուստներից։

- Ի՞նչ խնդիր լուծվեց Արցախի տարածքի 75 տոկոսի բռնազավթմամբ, մասնավորապես՝ Թուրքիայի համար։

- Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի միջոցով իրականության մեջ հիմնավորվեց մինչ այդ ԱՄՆ-ի կազմակերպած ու սկսած Ռուսաստանի եւ Իրանի դուրս մղումը Հարավային Կովկասից։ Քաղաքական խաղերի տարբեր հնարքներ կիրառելով, ԱՄՆ-ը կարողացավ այնպես անել, որ Ռուսաստանի յուրաքանչյուր քայլ դիտարկվի որպես ծավալապաշտական նկրտում եւ առաջանա բնիկ ժողովուրդների հակազդեցությունը։ Այդ մոտեցման դրսեւորումն է ներկայիս ՀՀ իշխանությունների եւ Ադրբեջանի քաղաքական էլիտայի փոխհամաձայնեցված ծաղրն ուղղված արցախաբնակ եւ ողջ հայությանը։ Դրա հիմնական նպատակն է ռուսական խաղաղապահ զորքերի դուրս մղումը Արցախից, որին նախորդելու է հայության հեռացումը հայրենիքից՝ Արցախից եւ այդ հարցի ժամանակավոր լուծումը հօգուտ Ադերբեջանի։

Ի դեպ, Թուրքիան դեռեւս ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ էր փորձում Հարավային Կովկասով հասնել Կենտրոնական Ասիա։ Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ իր ներկայությունը օրինականացրեց մեր տարածաշրջանում։

- Արցախի տոտալ շրջափակումը հիմնականում ներկայացվում է որպես հումանիտար ճգնաժամ։ Դրանով արդյո՞ք չենք փոքրացնում հայությանը եւ Հայաստանին սպառնացող վտանգները։  

- Արցախի շրջափակամանն ակտիվորեն մասնակցել եւ օժանդակում են ՀՀ ներկայիս իշխանությունները։ Այս պահի նպատակը, ինչպես արդեն նշեցի, ռուսական խաղաղապահ զորքերին տարածաշրջանից դուրս մղելն է։ Հետո արդեն ռուսական 102-րդ ռազմաբազայի փակումը կդառնա միայն ժամերի կամ օրերի հարց, եւ Ռուսաստանը դուրս կմղվի Հարավային Կովկասից։ Դա լավ է, թե վատ՝ ժամանակը ցույց կտա։

- Որքանո՞վ է հայ հասարակությունը գիտակցում, հասկանում «խաղաղության օրակարգի» վտանգավորությունը մեզ համար։ Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այսպես կոչված Բաքվի բռնապետի կողմից ընթացք տրված «Վերադարձի» ծրագիրը։

- Հայ հասարակությունը, ինչպես ցանկացած այլ հասարակություն, պասիվ է քաղաքական պրոցեսներում։ Դրանցում հիմնական դերակատարները ռազմական եւ քաղաքական էլիտաներն են։ Վերջինները, տիրապետելով հսկայական գաղտնի տեղեկությունների, կարողանում են հասկանալ թշնամու պետության հետագա քայլերը։ Նրանք են կազմակերպում-ձեւավորում հասարկության գիտակցությունը եւ ենթագիտակցությունը։ Ցավոք, այսօր եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի ռազմական ու քաղաքկան էլիտաները չկան։ Մի շարք մարդիկ զբաղեցրել են էլիտայի տիրույթը եւ բացի համակարգերը քանդելուց, այլ բան չեն անում։ Մարդիկ են նստած աթոռներին, ովքեր չեն ցանկանում պատասխանատվություն վերցնել, նրանք պատասխանատվությունը ժողովրդի լեզվով ասած՝ անընդհատ սրա կամ նրա գրպանն են գցում, որպեսզի իրենք մաքուր երեւան։

Մենք պետք է հասկանանք, որ աշխարհը չի սիրում այն ժողովուրդներին, որոնք իրենց խնդիրը դարձնում են «միջազգային հանրության» լուծելիքը։ Աշխարհը հարգում եւ օգնում է նրանց, ովքեր իրենց խնդիրները լուծում են սեփական ուժերով։

Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական ղեկավարների «խաղաղության օրակարգի» հիմնասյունն է՝ Ռուսաստանին, ապա Իրանին Հարավային Կովկասից դուրս մղելը։ Դրա մասին շատ պարզ եւ ուղիղ խոսում են եւ՛ ԱՄՆ-ում, եւ՛ Բրյուսելում, նաեւ Էրդողանն է ասում։ Այսքանից հետո ՀՀ իշխանություններն իրենց քայլերով պահանջում են, որ ռուսական խաղաղապահ զորքերը՝ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինեն, եւ իրենց խաղաղապահական գործունեությունն անթերի իրականացնեն․․․ Սա ՀՀ իշխանությունների անլրջության գագաթնակետն է։

Այսօր դեռ վաղ է խոսել Բաքվի կողմից «Վերադարձի» ծրագրի մասին։

- Ներհասարակական, քաղաքական քննարկումներում հաճախ հնչեցվող հարցերից մեկն այն է, թե ով/ովքեր են պատասխանատու այսօրվա իրավիճակի համար։ Ի վերջո, ինչու՞ ենք հասել այս հանգրվանին եւ որո՞նք են մեր առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու քայլերը։

- Այսօրվա համար պատասխանատու են՝ ՀՀ-ում իշխանության գլուխն անցած բոլոր առաջին դեմքերը։ Նրանք պատճառ հանդիսացան, որպեսզի հասարակությունը գործնականում համակերպվի՝ ով էշ, մենք՝ փալան մտքին եւ արդարություն ու բարեկեցություն փնտրի երկրից դուրս։ Ու այսօր տեսնում ենք՝ արդեն Հայաստանից են մաս-մաս տանում։ Մտավորականությունը, քաղաքական կուսակցությունները, ռազմական վերնախավը բերանները ջուր առած նստել ու չեն շարժվում։

Դիմակայելու համար հարկավոր է այս բեռը, որը կոչվում է ՀՀ իշխանություն հեռացնել, ցանկացած ձեւով եւ մեթոդով։ Հարկավոր է ստեղծել նոր՝ հայրենիքը սիրող եւ պաշտպանելու պատրաստ էլիտա։ Այստեղ նոր հեծանիվ պետք չի հորինել։ Պիտի հասկանալ, որ ջունգլիում, ամեն մեկն իր գոյության համար է պատասխանատու, իսկ գոյությունը պահպանելու համար պետք է լինել ճկուն, ուժեղ, արագաշարժ ու ՏԵ-ՂԵ-ԿԱՑ-ՎԱԾ։ Մենք պետք է հասկանանք, որ մեզ պատասխանատվություն վերցնող եւ ազգային ու պետական շահը սեփական շահից վեր դասող վերնախավ է հարկավոր։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։