ՀՀ-ն հիմա ձայնազուրկ է եւ առանց Արցախի զրկվելու է նաեւ այդ ձայնը վերագտնելու հիմքերից
Երբ ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին պաշտոնակատար եւ Կովկասում բանակցությունների գծով նախկին ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ասում է, թե խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի տարբեր հայեցակարգեր, եւ տարածքային ամբողջականությունը դրա մի մասն է, ԱՄՆ-ի քաղաքականությունը հաշվի առնելով՝ կարելի է հասկանալ, թե ում «տարածքային ամբողջականության» մասին է խոսքը։ Այո, Ադրբեջանի, որովհետեւ նա «կառուցողական» է որակում ադրբեջանական «ամբողջականությունը» ճանաչելու հայկական կողմի հայտարարությունները։ Իսկ Արցախի հայերն էլ դառնում են Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովուրդ։
Անշուշտ, ԱՄՆ-ի նախկին եւ ներկա դիվանագետները քաջատեղյակ են Արցախի հայապատկանությունից, Ադրբեջանի արհեստածին լինելուց եւ լավ հասկանում են, որ եթե պետք է իրավունքի տեսակետից խոսք լինի «տարածքային ամբողջականության» մասին, ապա դա պետք է վերաբերի Հայաստանին, որովհետեւ հայկական հողերի վրա ստեղծված Ադրբեջան կոչվող պետությունն իրականում տարածք չունի, որ մի բան էլ ամբողջականությունից խոսի։
Բայց ԱՄՆ-ից նեղվելը կնշանակի սլաքներն ուղղել սխալ ուղղությամբ. քանզի ԱՄՆ-ը տարածաշրջանում իր շահն է պաշտպանում եւ չի կարող ավելի հայ լինել, քան հայը։ ԱՄՆ-ը իր նպատակների ու քաղաքական շահաբաժինների տերն է։
Երբ Ռուսաստանը, ի դեմս այդ պետության նախագահ Պուտինի, հայտարարում է, թե Բաքվի եւ Երեւանի միջեւ խոչընդոտները հաղթահարելի են, ու, մեծ հաշվով, դրանք գոյություն չունեն, ՌԴ-ից նեղվելը դարձյալ կնշանակի սլաքները սխալ ուղղությամբ տանել, որովհետեւ ՌԴ-ն չի կարող իր շահերը թողնել եւ ավելի հայ լինել, քան հայը։
ՌԴ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չլուծված խնդիրները համարում է «զուտ տեխնիկական բնույթի», «տերմինաբանության հարց»։ Երբ խոսքը Ղրիմի մասին է, ՌԴ-ն լավ գիտի, որ տերմինաբանությունը տեխնիկական բնույթի հարց չէ, տերմինաբանությունը հստակ քաղաքականություն է, եւ քաղաքականությունում ոչ միայն զուտ տեխնիկական հարց չկա, այլեւ չկա զուտ կետադրություն։ ՌԴ-ն, մեծ հաշվով, մեղավոր չէ, որ հայկական կողմի համար Արցախը մեկ տարի առաջ Հայաստան է, մեկ տարի հետո՝ Հայաստան չէ։ Ու քանի դեռ հայկական կողմի քաղաքականությունը հայանպաստ չէ, ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Եվրոպան… տարածքային ամբողջականության հարցը հօգուտ ադրեջանական կողմի կվերագրեն, իսկ հայկական կողմի ուղղությամբ մեր բոլոր իրավունքներին կտան «տեխնիկական բնույթի» գնահատական։
«Հայկական կողմը» (ՀՀ-ի օրվա քաղաքականություն վարող իշխանությունը), գիտենք, ոչ լուծումներ է փնտրում, ոչ էլ ուզում է փնտրել, իսկ եթե ինչ-որ լուծումներ էլ «գտնում» է, ապա դրանք հանուն հայկական շահի չեն։ Մեղքեր բարդում է՝ օրինակ, թե տարածաշրջանում հաշվեկշիռը խախտվել է, որովհետեւ մեր դաշնակիցը Ադրբեջանին է պաշտպանում։
Մենք, իհարկե, կարող ենք երկար քննարկել, թե այդ ինչու մեր դաշնակցի համար Ադրբեջանը դաշնակից դարձավ, ինչու հաշվեկշիռը խախտվեց եւն։ Բայց դա անօգուտ է, քանզի, ցավոք, այս իրավիճակի քաղաքականության պատասխանատուների համար «Արցախը տանք՝ պրծնենք» խոսույթն է միակ լուծումն ու երազանքը։
Որ Արցախը տալուց հետո Հայաստանի Հանրապետության կյանքն ավելի է ծանրանալու, միանշանակ է։ Փաստ է՝ ՀՀ-ն հիմա տարածաշրջանում ձայնազուրկ է, բայց առանց Արցախի զրկվելու է նաեւ այդ ձայնը վերագտնելու հիմքերից։ Որովհետեւ միջազգային ոչ մի դերակատար չի հարգի մի պետության, որ չի պայքարում իր տարածքների համար։
Առանց Արցախի ՀՀ-ն կդառնա մի տարածք, որտեղ հայեր են ապրում, եւ դա էլ կարճ կտեւի։ Սա է ողբերգական իրականությունը։ Բայց դա ողբերգություն ու ցավ է միայն հայի համար։
Իսկ պարզապես հայի ազգանուն ունեցողների համար կարեւոր չեն Հայրենիքը, հայկական պետությունը, հայի՝ իր բնօրրանում ապրելու անօտարելի իրավունքը։ Նրանց համար տարածք է, բնակատեղի է, կարեւոր չէ՝ բնակիչներն էլ հայ են, թե թուրք։ Կարեւոր չէ, որովհետեւ հենց նոյեմբերի 9-ի հայտարարությունում նրանց համար Քարվաճառը Քելբաջար դարձավ, Ակնան՝ Աղդամ։ Որովհետեւ երբ ադրբեջանական ղեկավար Ալիեւն «Արեւմտյան Ադրբեջան» անվանեց Հայաստանի Հանրապետության տարածքը, «հայկական կողմի» պատասխանը եղավ թե բա՝ վայ, աշխարհ, տես, Ադրբեջանն ի՜նչ է ասում, դրանով նա խոչընդոտում է խաղաղության ջանքերը։
Այս օրակարգով մենք իրավունք ունե՞նք աշխարհից նեղանալու։ Անշուշտ, ոչ։ Մինչդեռ «հայկական կողմը» պետք է դիվանագիտական լուրջ աշխատանք տաներ եւ գար Ադրբեջանի բերանին։ Դրա համար «հայկական կողմն» ունի բոլոր իրավունքները եւ փաստերը։
Ինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ինչի մասին է խոսում, «մոռացել» են, որ մեր Ուտիքի, Արցախի եւ Փայտակարանի հողերի վրա են աճեցվել։ Երեւա՞նն են իրենցը համարում։ Կհամարեն, որովհետեւ հայկական կողմից բերաններին չեն գալիս ու չեն խոսում Բաքու անվան մասին։ «Աշխարհացոյցը» (7-րդ դար) հստակ ասում է, որ Փայտակարանն Ուտիք գավառից արեւելք էր, Արաքս (Երասխ) գետից հարավ ընկած տարածքում: Փայտակարան նահանգն ուներ 12 գավառ, որոնցից 6-րդը կոչվում էր Աթշի Բագաւան: Գավառի կենտրոնն էլ հենց համանուն Աթշի Բագաւան բերդավանն էր: Բագարվան անունով է հիշատակվում պարսկական ու արաբական աղբյուրներում։ Եվ, այո, Կասպից ծովի արեւմտյան ափին գտնվող Ափշերոնի շրջանին է համապատասխանում Աթշի Բագավանը։
Կարող ենք նաեւ խոսել, թե ինչպես Բագուն դարձավ Բաքու, բայց, միեւնույն է, մեր դիվանագիտական հատվածը սրանից չի օգտվելու։ Գուցե շատերը հարցնեն՝ այդ ի՜նչ եք ակնարկում, դա ո՞ր թվերին էր, հիմա 21-րդ դարն է, ու այս դարի խնդիրները պետք է լուծել։ Պատասխանենք՝ Ադրբեջանից երկարակյաց մարդիկ են ապրում դեռ, ուրեմն՝ թիվ չունեցող արհեստական Ադրբեջանը պատմական թվերից է խոսում, մենք մեր թվերը պիտի մոռանա՞նք։ Կամ՝ ի՞նչ է նշանակում 21-րդ դար։ Մեր իրավունքները 21-րդ դարո՞ւմ են հաստատվել։ Բա եթե խնդիրը 21-րդ դարի հարցերը լուծելն է, Ադրբեջանն ինչո՞ւ է իր համար պատմություն հնարում, իրեն պատմական «ազգ» համարում։ Որովհետեւ գիտի, որ պետության իրավունքը միայն օրվա իրավունքը չէ, դրա համար էլ Ադրբեջանը, որ իրականում տարածք ու անուն չունի եւ մեր տարածքներում ցրթված թյուրքական ընկեցիկ է, իր համար պատմություն է հնարում, որ իրավունք ունենա ապրելու։
Իսկ ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետությունը։ Ոչինչ, «մոռացել» է իր բոլոր իրավունքները՝ բնօրրանի, պատկանելության, պետության, ազգի։ Խորքային առումով նաեւ ա՛յս պատճառով է հաջողում թյուրքական կողմը, այլ ոչ թե նավթի ու գազի։ Հային մնում է որոշել՝ Հայաստանի տերն ի՞նքն է, թե՞ ՀՀ-ի օրվա քաղաքականությունը վարող «հայկական կողմը»։ Թե թողեցինք վերջինիս վրա, ապագան կարող է այլեւս հօգուտ մեզ «դարձ ի շրջանս յուր» չանել։
https://hhpress.am/hanrapetutyun/2023/19915/