Ջրի խնդիր Հայաստանը չպետք է ունենար, բայց ․․․
Հազարավոր հայորդիների արյամբ ազատագրված եւ պահված Քարվաճառը ՀՀ ներկայիս իշխանությունը գրչի մեկ հարվածով նվիրեց թշնամուն։ Անգամ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Քարվաճառն անառիկ եւ անձեռնմխելի էր մնացել, հայ զինվորը շարունակում էր ամուր կանգնած մնալ իր հայրենի հողի վրա, սակայն մեր դեպքում «թղթե շերեփը» հաղթեց զենքին։ Ռազմավարական նշանակություն ունենալուց բացի մեր հայրենիքի այդ շրջանը կարեւոր էր նաեւ ջրային անվտանգության առումով։ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի ջրային պաշարների զգալի մասը գտնվում են Քարվաճառի տարածքում։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը տարբեր առիթներով անդրադարձել է Քարվաճառի հանձմամբ առաջացող խնդիրների մասին, այլ հարց է, թե որքանով հիմնախնդիրն ընկալելի եղել։
Եվ ահա երեկ, Կառավարության հերթական նիստում գործադիրի ղեկավարը հայտարարում է, թե ջրի խնդիր ունենք։ «Ջուրը այսօր ՀՀ-ում չի կառավարվում, ուղղակի հոսում է եւ սա մեր մեծագույն խնդիրն է: Մենք այստեղ գիտելիքի խնդիր էլ ունենք, մենք չգիտենք, թե ինչ է նշանակում ջրի կառավարում»,-ասել է նա։ Այո, այդ խնդիրն առկա է, Հայաստանի այն բնակավայրերում, որտեղ ջրաչափեր տեղադրված են, ջուրն օգտագործվում է ոչ խնայողաբար, սակայն խնդիրն ավելի խորքային է եւ անվտանգային առումով մտահոգությունների տեղիք տվող։ Հայաստանում առկա եւ դեռ սպասվելիք ջրի խնդրի մեծացումը պայմանավորված է նաեւ ջրային ռեսուրսների ակունքների նկատմամբ Հայաստանի (հասկանալ նաեւ Արցախը) վերահսկողության կորստով։
Ջրային անվտանգությունը, ջրային ռեսուրսների տնօրինման հարցն այսօր կենսական է ամբողջ աշխարհում բազմաթիվ պետությունների եւ նրանց բնակիչների համար։ Ի տարբերություն շատ երկրների, այդ մարտահրավերին մենք սերտորեն առնչվում եւ շարունակելու ենք առնչվել հատկապես Քարվաճառի շրջանն Ադրբեջանին հանձնելուց հետո։
Քարվաճառի շրջանից են սկիզբ առնում Հայաստանի ջրային պաշարների 85 տոկոսը։ Արցախի Հանրապետությունում օգտագործվող ջրի մոտ 98 տոկոսը սկիզբ է առնում Քարվաճառում։ Այնտեղ են գտնվում նաեւ Սեւանա լիճը սնուցող Արփա եւ Որոտան գետերի ակունքները։ Իսկ Սեւանում կենտրոնացած Հայաստանի ջրային ռեսուրսների 80 տոկոսը, արդյունքում առանց այդ գետերի Սեւանին բնապահպանական աղետ է սպառնում։ Էլ չենք խոսում այն մասին, որ գետերի հուների նկատմամբ վերահսկողությունը փաստացի հնարավորություն է տալիս ահաբեկիչ եւ հանցագործությունների մեջ թաթախված արհեստածին պետությանը ջրային ահաբեկչություններ եւս իրականացնել։
Մինչեւ պատերազմը Ադրբեջանը հանգնած էր ջրային ռեսուրսների լրջագույն խնդրի առջեւ, գյուղատնտեսական աշխատանքների շրջանում ահազանգեր էին հնչում, որ ոռոգման ջրի սղության պատճառով բերքը փչանում է։ Այսօր արդեն Ադրբեջանն աշխատանքներ է կատարում Քարվաճառում գտնվող ջրերի աղբյուրների եւ գետերի բնականոն հուները փոխելու ուղղությամբ, նաեւ ջրամբարներ է կառուցում, որպեսզի սահմանափակվի դրանց հոսքը Հայաստանի եւ Արցախի տարածքներ: Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին ահազանգ հնչեցվեց, որ Սարսանգի ջրամբարը գրեթե ցամաքել է, ինչը պայմանավորված էր Արցախի շրջափակման հետեւանքով առաջացած էներգետիկ ճգնաժամով։
Ակնհայտ է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո մենք կորցրել ենք ոչ միայն մեր ֆիզիկական, տնտեսական, պատմամշակութային արժեքներն ու ռեսուրսները, այլեւ անվտանգության ջրային բաղադրիչը: Արդյունքում կրկին օրակարգային դարձավ ջրային պաշարների եւ դրանց անվտանգության ապահովման խնդիրը, որը լուծվել էր Արցախի տարածքների ազատագրմամբ։