Image

Բեկում մտցնելու համար անհրաժեշտ են բեկումնային լուծումներ

Եվրոպական քաղաքակրթության իրական հիմքի մասին աշխարհի գիտական հատվածը գրեթե չի խոսում, իսկ ավելի ստույգ՝ հանցավոր լռություն պահպանում (այս թեմային մենք դեռ առանձին կանդրադառնանք)։ Եվրոպական քաղաքական հատվածն էլ է տեղյակ այդ հիմքից (իրապես գրագետ քաղաքական հատվածը), բայց այն «մոռացության  մատնելով»՝ հեռացել է  դրանից։ Վերջնահաշվարկում Եվրոպայից մնացել է այն, ինչը տեսել ենք երեկ՝ Հայկական հարցի հետ կապված, եւ այսօր ենք տեսնում՝ Արցախի հետ կապված։ «Եվրոպան, այդ դիվանագետ պոռնիկը, ոսկի կցանե, որպեսզի բոզություն հնձե…». Ռուբեն Սեւակի բնորոշումը ամենադիպուկներից է թերեւս։

Ինչեւէ, քանի որ Եվրոպան վաղուց կորցրել է իր քաղաքակրթական հիմքը եւ ընտրել է «բոզություն հնձելու» ճանապարհը,  գանք այս կետին։

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, 20 զարգացող երկրների կառավարություններին ողղված նամակում, գրում է («Ռոյթերս»), թե կարիքավոր պետությունների ցածր գնով հացահատիկ առաջարկելով՝ Ռուսաստանը նոր կախվածություններ է ստեղծում եւ խաղում է համաշխարհային պարենային անվտանգության դեմ։

Ըստ Եվրոպական դիվանագիտության ղեկավարի, մինչ ամբողջ աշխարհը պայքարում է մատակարարումների եւ աճող գների հետ կապված խնդիրների դեմ, Ռուսաստանն առաջարկում է ամենախոցելի երկրներին երկկողմ պայմանավորվածություններ իջեցված գներով հացահատիկի վաճառքի մասին եւ ձեւացնում է, թե լուծում է այն խնդիրը, որն ինքն էլ ստեղծել է։ ՌԴ-ի այս քայլը նա անվանում է «անպատկառ քաղաքականություն», որի դեպքում պարենը գիտակցաբար օգտագործվում է որպես զենք՝ նոր կախվածություններ ստեղծելու համար։

Հիմա Բորելի ասած՝ ռուսաստանյան «անպատկառ քաղաքականությունը» թողնենք մի կողմ (քննարկման այլ թեմա է, բացի դա՝ ռուսասանյան քաղաքականության ամենատարբեր դրսեւորումները, բոլոր երանգներով, հայերս ամենատարբեր ժամանակահատվածներում զգացել ենք) մեկ պարզագույն պատճառաբանությամբ․ անպատկառության մասին բարձրաձայնողը նախ ինքը պետք է պարկեշտ լինի։

Հետաքրքիր պատկեր է ստացվում՝ անպարկեշտ Եվրոպան զայրացել է անպատկառ Ռուսաստանի վրա։

Պարկեշտությունից խոսող Եվրոպան մոռացել է, թե ինչ է հնձում Արցախի հաշվին։ Այս՝ «ժողովրդավար» հորջորջվող Եվրոպան հանուն իր շահերի (ռուսական էներգետիկ կախվածությունից թեկուզ մի փոքր դուրս գալու համար՝ նավթ, գազ, եւ՝ ոչ միայն) սեղմում է մի պետության ձեռք, որ բռնակալության քարոզիչ է՝ վերից վար։ Այս՝ մարդու իրավունքներից խոսող Եվրոպան սեղմում է մի պետության ձեռք, որ լավագույնս է ոտնահարում մարդու իրավունքները։ Այս՝ արդարությունից խոսող Եվրոպան սեղմում է մի պետության ձեռք, որ ոչ միայն չի թաքցնում իր ռազմական հանցագործությունները, այլեւ հպարտանում է դրանով։ Այս՝ ֆաշիզմի դեմ պայքարող Եվրոպան սեղմում է մի պետության ձեռք, որ պետական մակարդակով խրախուսում է հայատյացությունը։

Այս՝ իբր լուսավորյալ Եվրոպան սեղմում է արհեստածին թյուրքական եւս մեկ պետության՝ արհեստածին Ադրբեջանի ձեռքը։ Այդ ձեռքը կտրելու փոխարեն։

Շատ մոտավորապես այն վիճակն է, երբ գողն առաջինն է գոռում գողին բռնելու մասին (անպարկեշտ Եվրոպան՝ անպատկառ Ռուսաստանին)։

Իսկ իրապես այն վիճակն է, երբ երկու անպատկառներ՝ Եվրոպան ու թյուրքական երկու պետությունները (Թուրքիա եւ Ադրբեջան) միմյանց ձեռքն են սեղմել՝ հանցավոր համաձայնության գալով։ Հանուն այդ կեղտոտ հանցավոր նպատակի՝ Եվրոպան աչք է փակում Արցախի տարածքների՝ Ադրբեջանի կողմից օկուպացիայի, Արցախի շրջափակման, Հայաստանի տարածքների՝ Ադրբեջանի կողմից բռնազավթման վրա։

«Բոզություն հնձող»  Եվրոպան մեկ դարում  չէ՜ր փոխվելու․ 20-րդ դարում Հայոց ցեղասպանությունը թույլ տալով 21-րդում ինչու՞ պետք է արգելի։ Ոչ  շահերն են փոխվել, ոչ ստոր նպատակները։ Մի կոչ է՝ հղում է, գործնական քայլ հո չի անելու։ Սա է աշխարհի կարգը, ու մենք հաստատ կորչելու ենք, եթե այս կարգի դեմ ձեռքներիս լինի այնքան զզվելի «թղթե շերեփը»։

Պետք է հասկանանք հստակ մեկ բան․ Արցախի եւ, ըստ այդմ, Հայաստանի հարցում եթե ուզում ենք դրական բեկում մտցնել, ապա գիտակցենք, որ այլեւս անցել է սովորական լուծումների ժամանակը։ Բեկում մտցնելու համար անհրաժեշտ են բեկումնային լուծումներ, որոնք գոնե մի պահի կկանգնեցնեն մեր գահավիժումը ու ժամանակ կտան հետագա գոծողությունները ծրագրելու։ 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։