Մեր մոնոէթնիկությունը անվտանգությա՛ն խնդիր է, ոչ թե անհանդուրժողականության
Գորգը տվել էի մաքրելու։ Բերեցին։ Թվաց՝ հասարակածային Աֆրիկայի բնակիչ է։ Հարցիս հայերեն պատասխանեց՝ չէ, հնդիկ եմ։ Ապրու՞մ է, թե՞ սովորում, ընտանիքո՞վ է, թե՞ առանց ընտանիքի, մնալու՞ է, թե՞ գնալու։ Պարզվեց՝ գնալու մտադրություն չունի, ժամանակ առ ժամանակ 2 կամ 3 ընկերությունում առաքիչ է, օրական վաստակը՝ 12-18 հազար դրամ, մտադիր է Հայաստանում ապրել, ամուսնանալ, ընտանիք կազմել։ Ինչու՞ չի ուզում իր ապագան Հնդկաստանում կառուցել – հարցիս ի պատասխան ժպտում է՝ հայ աղջիկները սիրուն են շատ-շատ։
Հաջորդ օրը զանգում եմ մեկ այլ ծառայության եւ քանի որ այլ գորգ չունեմ, մաքուր գորգս եմ կրկին ուղարկում։ Գալիս է կրկին այլազգի։ Սկսում եմ հարցերը։ Անունն է ասում Ռ․ Բ․ Սինքհ (Սինխ, Ռ․ Բ․-ն չեմ մտապահել, արագ-արագ էր խոսում)։ Ուսանող չէ, ընկերներից լսել է, որ առաքիչներն այստեղ լավ փող են աշխատում, եկել է։ Ասում եմ՝ բայց Սինքհ ազգանուն ունեցողները Հնդկաստանում հողատերեր ու գործարանատերեր են, համենայնդեպս՝ գոնե իրապես միջին խավ են (այնտեղից եկող ծանոթներս այդպես են ներկայացրել, թեեւ սա էական չէ), Հնդկաստանն էլ՝ ավելի մեծ, Հայաստանից՝ հնարավորություններով շատ, ի՜նչ է այստեղ կորցրել։ Պատասխանում է՝ Հնդկաստանում առաքմամբ զբաղվելով օրական 2-3 դոլարի չափով է գումար աշխատել լավագույն պարագայում՝ տոներին (100 հնդկական ռուփին 1․21 ԱՄՆ դոլար է), իսկ այստեղ 45-50 դոլար է աշխատում՝ սեփական մոտոցիկլով 2 ընկերությունների համար գործելով։ Կրկին գալիս եմ Սինքհ-ի թեմային, տեսնում եմ՝ խուսափում է։ Ես էլ թե՝ իսկ կարող է Հնդկաստանից չեք, Սինքհ էլ չեք, այլ Պակիստանից եք, չեք ասում։ Կարկամեց։ Հենց իր ներկայությամբ զանգում եմ ծառայություն, ասում եմ՝ սրանից հետո իմ տուն չուղարկեք մի պետության քաղաքացու, որի պետությունը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը, դեռ 44-օրյային էլ տեղը տեղին աջակցել է իմ թշնամուն․․․
Քայլում եմ Երեւանի կենտրոնով՝ մեծ ու փոքր։ Ինձ մի պահ իմ իսկ երկրում զգում եմ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։
Միանգամից ասեմ՝ որեւէ ազգի, ժողովրդի կամ ցեղախմբի հետ խնդիր չունեմ (թուրքից բացի)։ Ռասիստ չեմ։ Մարդասեր եմ՝ նույնիսկ արդի աշխարհի չափորոշիչներից շատ։ Բայց խնդիր ունեմ, եւ իմ խնդիրը այն քաղաքականության հետ է, որ տարվում է իմ երկրում։
Իհարկե՝ կարող էի պետական համապատասխան կառույցից ճշտել՝ քանի օտարերկրացի է վերջին 5 տարիներին ժամանել, քանիսն են ժամանակավոր կացությամբ, քանիսն են ապաստան խնդրել, քանիսն են գնացել, քանիսը՝ մնացել։ Բայց 44-օրյայից հետո պետական աղբյուրների հանդեպ վստահություն չկա։ Նաեւ՝ իմաստ չկա ճշտելու, եթե փաստերն ակնառու են այնքան, որ ամեն օր ճպպում են ճակատիդ։
Մոնոէթնիկությունը մեր ուժն է, որ դեռ մնացել է մեզ, եւ հիմա դա են ուզում ջարդել։ Մեր մոնոէթնիկությունը մեզ համար անվտանգության խնդիր է եւ ամենեւին կապ չունի անհանդուրժողականության հետ։ Մեր երկրում ապրել եւ ապրում են ռուսներ, ասորիներ, եզդիներ, քրդեր, ուկրաինացիներ․․․ եւ՝ հայերին հավասար իրավունքներով։ Այնուամենայնիվ, մեծամասամբ եղել ենք միատարր, եւ անվտանգության առումով խնդիր չենք ունեցել։ Հիմա այդ խնդիրն արդեն կա եւ բախում է մեր դռները։ Եթե մեր միատարրությունը ջարդվի, դժվար չէ պատկերացնել՝ մեզ ինչ է սպասվում մանավանդ պատերազմի պարագայում։ Սրան հավելյալ թմրամոլության աճը, աղանդավորականների ծավալումը եւ երկրում գործող գործակալական ցանցերը։
Եթե կգտնվեն մարդիկ, որ կգերադասեն չմտահոգվել՝ ասելով, թե ի վերջո ազգային անվտանգության ծառայություն կա, տարբեր կառույցներ, որ կմտածեն այդ մասին, ես պարզապես հակիրճ կկտրեմ․ «Աստծո սիրուն»․․․