Բաքուն խառնվում է ՀՀ ներքին գործերին
Երբ այս տարվա հունիսի սկզբին Էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ Երասխում «զրոյից» կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան, հանրության որոշ շրջանակներ մեծ ոգեւորությամբ ընդունեցին տեղեկությունը։ Նման լուրից ոգեւորվեց նաեւ Ադրբեջանը, քանի որ հնարավորություն ստացավ կրկին խաղարկել բնապահպանական թեզերը եւ ճնշումներ գործադրել «խաղաղության օրակարգը» ՀՀ դրոշակ դարձրած Հայաստանի գործող իշխանության վրա։ Նախ՝ կրակ բացեցին Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, որի հետեւանքով օտարերկրյա երկու քաղաքացի վիրավորում ստացան։ Դա «հիմնավորեցին» որպես «պատասխան գործողություններ» եւ դրանից հետո էլ շարունակում են պարբերաբար թիրախավորել շինհրապարակը։
Ուժի գործադրումից հետո գործի դրվեցին արդեն բնապահպանական կեղծ թեզերը՝ վկայակոչելով միջազգային փաստաթղթեր, ինչպես օրինակ՝ Էսպոյի կոնցենցիան։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությանը «խիստ անհանգստացրել» էր գործարանի կառուցմամբ՝ պնդելով, թե «առանց այդ գործունեությունը Ադրբեջանի հետ համաձայնեցնելու» Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները։ Օրեր առաջ Շրջակա միջավայրի նախարարությունը վերջապես պաշտոնապես պատասխանեց Ադրբեջանի նամակին՝ պնդելով, որ Էսպոյի կոնվենցիայով նախատեսված դրույթներից որեւէ մեկն առկա չէ, որպեսզի Հայաստանը նախապես տեղեկացներ Բաքվին գործարանի կառուցման մասին։ Բնապահպանական խնդիրներով իբր մտահոգ Բաքվի իշխանությունները սակայն բուռն գործունեություն են ծավալում Արցախի Հանրապետության բռնազավված տարածքներում բնական պաշարները շահագործելու ուղղությամբ։ Մեր ռեսուրսների թալանի նպատակով հրավիրում են նաեւ օտարերկրյա գործարարների, որպեսզի վերջիններս ներդրումներ կատարեն։ Անցած տարի Բաքվի բռնապետը պաշտոնապես նման հրավեր էր արել Մեծ Բրիտանիայի գործարարներին՝ ներդրումներ կատարելու Արցախից բռնազավթած տարածքներում, մասնավորապես Քարվաճառում։ Նման առաջարկներ արվել են բելառուսական, իտալական, գերմանական եւ այլ երկրների ընկերություններին։
Վստահաբար մետալուրգիական գործարանի շուրջ իրարանցումը դեռ երկար կձգվի, սակայն այս պատմության մեջ առանցքայինն ու կարեւորն այն է, որ Ադրբեջանը օգտագործում է ցանկացած հնարավորություն Հայաստանի դեմ միջազգային իրավական գործընթացներ սկսելու համար իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ։ Նշենք, որ Երասխում մետալուրգիական գործարան կառուցելու հարցով Ադրբեջանը ծանուցում է ուղարկել ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։
Մեկ այլ հանգամանք եւս, Ադրբեջանն օգտագործում է նաեւ այսպես կոչված «միջազգային հանրության» ձայնը, օրինակ՝ պեղում է որեւէ «գիտնականի», հասարակական գործչի կամ այս դեպքում «բնապահպանի», որն իր «խորքային վերլուծություններն» է կատարում ստեղծված իրավիճակի կամ խնդրի վերաբերյալ։ «Փիթեր Նգոլա» անուն ազգանունով մարդը, որը ադրբեջանական մամուլը ներկայացնում է որպես քենիացի բնապահպան ակտիվիստ, դատապարտում է «Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը»՝ հայտարարելով, թե հայկական կողմն «անտեսում է ՄԱԿ-ի կոնվենցիան եւ վտանգում սահմանամերձ շրջանի բնակչության առողջությունը»։ Զավեշտալին այն է, որ բնապահպան ակտիվիստ ներկայացվող Փիթեր Նգոլան մեկ ուրիշ նյութում հանդես է գալիս ինչ-որ կազմակերպության գործադիր տնօրեն եւ այդ անգամ քաղաքական գնահատականներ հնչեցնում՝ պաշտպանելով «Ղարաբաղի հայկական բնակչության ինտեգրումը Ադրբեջանի հասարակությանը»։ Ահա այսպես հերթական խավիարակերը բարձրացնում է «միջազգային հանրություն» դրոշակը եւ նպաստում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության իրականացմանը։