Բանական մարդը գիտի՛ պատասխանը
2018-ից եւ, հատկապես, 2020-ից հետո ամեն տարի մեր գյուղում (անունն էական չէ, քանզի իբրեւ մեկ առանձին գյուղի, բայց ընդհանրական օրինակ եմ բերում) շոշափում եմ մարդկանց տրամադրությունները։ 2018-ի ժողովրդական ոգեւորությունը 2018-ի ծավալով չկա։ Թեեւ, այո, կան ծրագրավորված ուղեղով ապրողներ, որոնք չունեն հայրենիք, հայրենի տուն, ազգ հասկացությունների զգացողությունները, փոխարենը ունեն միայն մեկ զգացողություն եւ, ըստ այդմ, իշխանություններին կամ ավելի ստույգ՝ ղեկավարի աթոռը ներկայացնող անձին համարում են իրենց «հայրը»։
Բարեկամներս ասացին՝ այդպիսի մարդիկ կան, բայց դեռ մեկին եմ հանդիպել։ Ու այդ մեկը, որ այդչափ ջերմեռանդությամբ գնատահում է «հայր» հասկացությունը, օտարվել է բոլորից, նույնիսկ սեփական ընտանիքի անդամներից։ Օրինակ՝ աղջկան ու փեսային տնից դուրս է վռնդել, որովհետեւ փեսան համարձակվել է աներոջն ասել, որ 44-օրյայում հայ զինվորն իրապես հաղթել է, որ Արցախն իրականում դավաճանվել է, որ առանց Արցախի ամբողջ Հայաստանը դարձել է սահմանամերձ եւն։ Այդ գտածոյին «հայտնաբերեցի» երեխաներիս շնորհիվ, որովհետեւ չէին ցանկացել բակում խաղալ նրա թոռան հետ, որովհետեւ թոռը չէր ցանկացել երեխաների «ջոկատում» ընդգրկվել ու գնալ Արցախը «ազատելու»։ Թաղի մյուս բոլոր երեխաները «ջոկատը» կազմել էին ու նշյալ գտածոյի թոռանը «հռչակել»՝ «ուղեղ թափուգ (մշո բարբառն է՝ թափած) անհայ»։
Հետո, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ ես իմ տանը նստած հանգիստ հաց ու սոխ կուտեի, մեկ էլ՝ շրըխկ, կռիվը թակեց դուռս, որովհետեւ, «հորը» պաշտողի ասելով, «անհայի» արշավի կազակերպիչները իմ երեխաներն էին։ Մատով ցույց տվեց՝ այո, երեխաներն իմն էին, բայց «արշավի» հեղինակը ես չէի, այլ՝ այն բոլոր երեխաները, ում եղբայրը կամ բարեկամը ծառայում է բանակում։ Նրանք, ի տարբերություն մեծերի, համեմատել գիտեին։ Դե, լսելով մեծերի խոսակցությունը, համեմատել էին իրենց հայրերի ծառայության շրջանը եւ հիմա իրենց եղբայրներինը ու եկել էին եզրակացության։ Ես էլ, հայտնի անեկդոտի օրինակով, «հորս արեւ, տեղյակ չեմ», մտա երեխաների «պաշտպանության տակ»։
Թաղը հավաքվեց, բաժանվեց ինձ պաշտպանողների ու քոթակողների ցանկություն ունեցողների միջեւ։ Երեխաներ իմ կողքին էին։ Մեծերը վարանում էին՝ արդյո՞ք պատերազմ եմ ուզում։ Մի խոստում տվեցի՝ «ձեր տիկտոկներից դուրս եկեք, մտեք իրական կյանք»։ Բոլորի հեռախոսներում մեր կայքը՝ hhtert.am-ը գրեցի, ասացի՝ վաղը կպատասխանեմ, կարդացեք։ Այսօր այդ վաղն է ու վերատեղադրում եմ այն նյութը, որ գրել եմ 2021-ին։ Երեկոյան կսպասեմ թաղի պատասխան քննարկումներին։
* * *
Չկա որեւէ բանական մարդ, որի սիրտը պատերազմ ուզի եւ հարեւանների հետ վատ հարաբերություններ։ Բայց եւ չկա որեւէ բանական մարդ, որ ընդառաջ վազի հարեւանի գիրկն ընկնելու համար, երբ հարեւանն ամեն օր ոտնահարում է նրա արժանապատվությունը՝ անձի, տարածքի ու գույքի նկատմամբ ամենակոպտագույն խախտումներով՝ դեռ մեղմ ասած։ 44-օրյա պատերազմի ընթացքում, հետո եւ ցայսօր արհեստածին պետություն Ադրբեջանը, որ նույնիսկ մեր որոշ կուսակցություններից տարիքով փոքր է, իր ավագ եղբոր՝ դարձյալ մեր տարածքների վրա հիմնված Թուրքիայի հետ միասին, պետական մակարդակով հակահայկական քարոզչություն է իրականացնում։
Նախ՝ «ադրբեջանական պատմական հողեր» է համարում Սյունիքը, Սեւանն ու Երեւանը, խոստանում է «հետ բերել» եւ վստահ է, որ կարող է, որովհետեւ «արդեն հաղթել է հայկական ֆաշիզմին»։ Հիմա էլ սոցհարթակներում հարցումներ են տանում, թե ով ինչպես է պատրաստվում հայերի հետ վարվել։ Տոկոսային հարաբերությամբ գերակշիռ մասը պատրաստվում է «բռնաբարել հայուհիներին», «սպանել հայ զինվորին» եւ այլն։ Նմանատիպ քայլերից հետո թյուրքական տարրը խոսում է հարեւանությունից ու ճանապարհների ապաշրջափակումից։ Մի կողմ թողնենք այդ տարրի մասին մեր գիտելիքները, վերլուծությունները, իմացությունը եւ զուտ հարց հնչեցնենք. ի՞նչ կարգի հարեւանություն է պետք անել քեզ ատողի հետ, ոչ թե քեզ բռնաբարելու ու սպանելու ցանկություն ունեցողի, այլ հենց քեզ բռնաբարածի, սպանածի, գլխատածի հետ։ Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը։
Հետո՝ եթե հանկարծ միամտորեն որեւէ մեկը կկարծի, որ ինքը քաղաքականության հետ կապ չունի եւ ճանապարհների, իբր, ապաշրջափակման դեպքում իր գործը թյուրքական տարրի հետ տնտեսական կապն է կամ՝ ավելի ստույգ՝ առեւտուրը, այդ տարրի մեկ այլ նպատակ ֆիքսենք, որ, ի դեպ, անթաքույց ասվում է. «Աշխարհագրական առումով Զանգելանը Արեւելյան Զանգեզուրի մաս է կազմում եւ գտնվում է Արեւելյան Զանգեզուրում։ Արեւմտյան Զանգեզուրը եւս մեր պատմական հողն է, եւ այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»։ Հիմա՝ եթե պատմության համար ընդամենը մեկ ակնթարթ առաջ բերված ու գցված «պետությունը» քո տարածքն իրենն է համարում, ի՞նչ առուտուր պետք է անի քեզ հետ։ Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը։
Կամ՝ պե՞տք է արդյոք հավատալ այն հարեւանին, որ անարգում է քո պատմական, մշակութային ու կրոնական ժառանգությունը, կենդանի վիճակում խոշտանգում է քո գերի ընկած զինվորին, գլխատում՝ համացանցում տարածելով տեսանյութերը, ապօրինաբար ներխուժում քո իսկ ինքնիշխան տարածք… Այսպիսի հարեւանի հետ ճանապարհների ապաշրջափակումը «համագործակցությու՞ն» է լինելու, թե՞ ընդամենը նրա՝ քո հանդեպ ցեղասպան քաղաքականության ձեւաչափի փոփոխություն։ Մեր պետության տարեկան եկամուտը 3 մլրդ դոլար է, պետական պարտքը՝ 3 անգամ ավելի։ Նորմալ հարեւանի պարագայում համագործակցությունն օրինաչափ է։ Փոխարենը՝ արդյոք որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ հայատյաց հարեւանի դեպքում «համագործակցությունն» իրականում տնտեսական եւ, ըստ այդմ, քաղաքական բռնածավալում է լինելու Հայաստանի հանդեպ։ Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը։
Մեկ այլ փաստ՝ այդ հարեւան կոչվածը քո երկրի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ վիշապի պես չոքել է ջրերին ու տառացիորեն սպանում է քեզ։ Օրինակ՝ ՀՀ սահմաններից ներս, Սյունիքում, Սեւ լճի տարածքում բազմել է ու չի շարժվում՝ իմանալով, որ տարբեր բնակավայրեր (Գորիս, Տեղ, Խոզնավար, Խնածախ, Սիսիան…) սնուցվում են Սեւ լճից։ Քո ջուրը կտրողի հետ հարեւանությունն ի՞նչ կարգի է լինելու։ Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը։
Մեկ ուրիշ փաստ՝ հնարավո՞ր է հարեւանություն մի տարրի հետ, որ քո իսկ լեռներից արդեն իջել ու քո բնակավայրի տարածքում ոստիկանական հենակետ է դնում։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքը ֆիքսել է, որ 2021 թ. սեպտեմբերի 9-ից Երեւան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ճանապարհի այդ հատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են արձանագրվում: Մասնավորապես՝ ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղակայումից հետո բացահայտվել է ճանապարհի նշված հատվածում տեղադրված ընդհանուր 10 տեսախցիկ: Դրանցից 4-ը տեղադրված է ոստիկանական հենակետի անմիջապես հարեւանությամբ գտնվող շենքի վրա. 2-ը շենքի ճակատային մասում են, իսկ մյուս 2-ը՝ շենքի տանիքին: Բոլոր տեսախցիկներն ուղղված են դեպի ճանապարհը: «Ակնհայտ ֆիքսվում են բոլոր մեքենաների պետհամարանիշները, ուղեւորների քանակը, նրանց ու վարորդների դեմքերը՝ հաշվի առնելով, որ հատկապես առանց այն էլ ճանապարհի այդ հատվածում ադրբեջանական զինված ծառայողների տեղադրած արգելապատնեշների պատճառով էականորեն դանդաղել է ավտոմեքենաների արագությունը:
Փաստորեն, բացահայտ անիրավաչափ եղանակով հավաքվում են մարդկանց անձնական տվյալներ՝ այդ տվյալների միջազգային պաշտպանության կանոնների կոպիտ ոտնահարումով: Ոստիկանական հենակետում մշտապես ծառայություն է իրականացնում ինքնաձիգներով ու այլ զինատեսակներով ցուցադրական զինված ադրբեջանական առնվազն 4 ծառայող, որոնք գերթե բոլոր դեպքերում դիմակավորված են՝ դեմքերն ամբողջությամբ փակված: Սա բացարձակ անթույլատրելի, բացահայտ ահաբեկող նշանակության հանդերձանք է՝ հաշվի առնելով, որ խոսքը համայնքները միավորող միջպետական նշանակության ճանապարհի մասին ու որ այդ ճանապարհով երթեւեկում են գլխավորապես քաղաքացիական անձինք: Ավելին՝ ադրբեջանական զինված ծառայողների դիմակավորված լինելը բացարձակ բարձրացնում է նրանց անօրինական արարքներ գործելու ռիսկը եւ ապահովում է անպատժելիություն»:
Հստակեցնենք. ըստ նույն աղբյուրի, «ադրբեջանական իշխանությունները բացահայտ անիրավաչափ են տիրացել Որոտան բնակավայրի այն շենքին ու հարակից հողատարածքին, որտեղ տեղակայված են նրանց զինված ծառայողները, եւ որոնց անմիջական հարեւանությամբ տեղադրված են ադրբեջանական ոստիկանական հենակետ, ագելապատնեշներ ու տեսախցիկներ: Բանն այն է, որ այդ շենքն ու հողատարածքը սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ քաղաքացու: Նրա այդ իրավունքը հաստատված է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի 2013 թ. օրինական վկայականով»… Կարող ենք այլեւս չշարունակել։ Հիմա որեւէ մեկը հավատու՞մ է թյուրքական այս տարրի հետ համագործակցությանը։ Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը։ Որեւէ մեկը այսքանից հետո կասկածու՞մ է, որ այս տեսակի հետ հարեւանությունը իրականում սեղմվող օղակ է լինելու իր պարանոցի շուրջը։ Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը։
Յուրաքանչյուր բանակա՛ն մարդ։