Image

Անպատժելիության եւ պատասխանատվության բացակայության ծանր հետեւանքները

Ցեղասպանության եւ թուրքերի՝ դարեր ձգվող բարբարոսությունների մասին հիշում ենք ապրիլի 24-ին, լավագույն դեպքում՝ տարելիցին նախորդող եւ հաջորդող մի քանի օրերի ընթացքում։ Հրդեհների, հրդեհավտանգ իրավիճակների մասին խոսում ենք, երբ դժբախտ պատահարը մարդկային կյանքեր է խլում։ Նույնն է նաեւ անբարեկարգ ճանապարհների, ավտոմեքենաների անսարքությունների, անբարեխիղճ վարորդների մասով․․․ այո՛, երբ ճանապարհատրանսպորտային պատահարը խլում է մեկից ավելի մարդկային կյանքեր։ Մեկ մահն արդեն չի դառնում հանրային քննարկման առարկա, սարսափելի է ընդունել, բայց հասարակությունը սովորել է հպանցիկ կարդալ եւ անցնել բոլոր այն գույժերի վրայով, որտեղ պատահարի զոհ է դարձել ընդամենը մեկը։

Ուղիղ մեկ տարի առաջ Երեւանի կենտրոնում գտնվող «Սուրմալու» առեւտրի կենտրոնում խոշոր պայթյուն էր տեղի ունեցել, որի հետեւանքով 16 մարդ էր զոհվել, մի քանի տասնյակը վիրավորվել։ Որոշ ժամանակաշրջան հանրության շրջանում, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների կողմից պատահարը եւ դրան հարակից հարցերը քննարկման առարկա դարձան, կառավարությունը նույնպես ծրագրեր եւ լուծումներ քննարկեց, վերահսկման մեխանիզմների խստացումների, անվտանգության պայմանների պահպանման մասին խոսեցին, իսկ հետո ամեն ինչ ընթացավ իր հունով, այսինքն՝ «կարմիր գծի» երկայնքով աճպարարություններ անող հասարակություն՝ պատսխանատու օղակից մինչեւ շարքային քաղաքացի սկսեցին ապրել այնպես, կարծես չէր էլ եղել պայթյունը եւ դրա հետեւանքով օրակարգ եկած բազմաթիվ խնդիրները։

Այսօր հերթական ողբերգությունն է տեղի ունեցել, կեսգիշերն անց՝ 00.20-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «ԶԻԼ» մակնիշի բեռնատար եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով մահացել են «Ֆոլքսվագենի» վարորդն ու 10 ուղեւորները, իսկ բեռնատարի վարորդն ու «Ֆոլքսվագենի» 5 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հանրային հարթակներում կրկին քննարկվում են անբարեկարգ ճանապարհների, անբավարար լուսավորության, գծանշումների բացակայության կամ անբավարար լինելու, փողով վարորդական իրավունք ստանալու եւ շատ այլ խնդիրների մասին։ Խոսելու ենք, սգացող «սմայլիկներ» ենք դնելու, իսկ մի քանի օր անց կրկին «հերոսաբար» հրաժարվելու ենք ամրագոտի կապելուց ու անվտանգության այլ կանոնները պահպանելուց։ Պատասխանատու օղակներն էլ մի որոշ ժամանակ կուժեղացնեն վերահսկողությունը, հետո ամեն ինչ կընթանա իր նախկին հունով։ Չկա հետեւողականություն որեւէ խնդրի լուծման հարցում։

Այն, որ այդպես էլ լինելու, փորձն է ցույց տալիս․ ընդամենը երեք օր առաջ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացել էր երեք հոգի, դրանից եւս երկու օր առաջ Ստեփանավան-Լոռի Բերդ ճանապարհին ավտովթարի հետեւանքով զոհվել էին երկուսը։ Այս վթարները ոչ թե միակ, այլ հերթականն են։ Երբ վիճակագրական տվյալներն ենք ուսումնասիրում, տեսնում ենք, որ գրեթե ամեն օր հանրապետության տարածքի որեւէ հատվածում առնվազն մեկը ՃՏՊ-ի զոհ է դառնում։ Պատերազմի մեջ գտնվող երկրի համար պատահարներից, որի վրա կարելի է եւ պատասխանատու օղակները պարտավոր են ազդեցություն ունենալ, չափազանց շատ կորուստներ ենք ունենում։

Հանրության անդորրը խախտվել էր նաեւ 2019 թվականի հուլիսին, երբ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի վրա՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են երեք ավտոմեքենաները, որին զոհ էին գնացել 7-ը, իսկ մեկ տասնյակից ավելին՝ տարբեր աստիճանի վիրավորում էր ստացել։ Այդ ժամանակ էր, որ ԱԺ իշխող խմբակցության անդամների կողմից որոշեցին շրջանառության մեջ դնել ճանապարհային երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ։ Դրա շրջանակներում պետք է հնարավորություն տրվեր քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն, որի հիման վրա կհարուցվեր վարչական վարույթ եւ կարգազանց վարորդը ենթարկվեր վարչական տույժի: Գեղեցիկ է հնչում, բայց դա միայն կոսմետիկ փոփոխություն կարող էր տալ, քանի որ խորքային խնդիրները դրանով չէին կարող լուծվել։ Հետագայում ներմուծվեց բալային համակարգը, որը նույնպես ընդունվել էր ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանց հետեւանքով զոհերի մտահոգիչ վիճակագրությունը նվազեցնելու համար, բայց ինչպես տեսնում ենք՝ որեւէ էական փոփոխություն չբերեց։ Արդյունք գրանցելու համար անհրաժեշտ է քաղաքաշինական ու ճանապարհային երթեւեկության կազմակերպման հետ կապված խնդիրները լուծվեն, իրավախախտումներին ավելի խիստ մոտեցում ցուցաբերվի եւ դրան զուգահեռ վերացվեն դրանց նպաստող օբյեկտիվ պատճառները։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։