Image

Արձանագրում-դիտարկում

ԱՐՑԱԽՈՒՄ ԹՇՆԱՄԻՆ ԿԵՂԵՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 120 ՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ

 

Ա/ Արցախում մեր թողտվությամբ սովամահ են լինում ոչ միայն 120 000 արցախցիներ, այլեւ 120 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Ցանկացած իշխանություն, այդ գերլծակներին տիրապետելուց, կամ տիրանալուց առաջ խոստանում, երդվում, օրդում ա ուտում, քիչ է մնում ասի հորս արեւ` բոլոր քաղաքացիների շահերն ինձ համար գերակա են, ես իմ անձը կուրանամ, բայց Հայաստանի, հայերի ու Հայաստանի Հանրապետության շահերը կպաշտպանեմ ատամներով:

Երբ գալիս է այդ շահերը պաշտպանելու պահն ու ժամանակը, պատճառաբանում են ատամնացավն ու անատամությունը:

Երբ Թուրքիան գրավեց Կիպրոսի կեսը, պատճառաբանեց, թե այնտեղ պաշտպանում է իր քաղաքցիների շահերը:

Երբ Ռուսաստանը ներխուժեց Դոնբասի տարածք, պատճառաբանեց, թե այնտեղ ոտնահարվում են իր քաղաքացիների շահերն ու իրավունքները…

Ի՞նչ ենք անում մենք:

Հրաժարվում ենք 120 հազար մեր քաղաքացիներից ընդհանրապես: Մի քանի մեքենա ենք <քշում> մինչեւ պատվիրատուի տեղադրած ուղեկալ, շատ լավ իմանալով, որ դրանք չեն անցնելու, անատամ դիմում ենք հղում ՄԱԿ-ին, իմանալով, որ այնտեղ ոչ բարեկամները չեն թողնելու որեւէ հոդաբաշխ որոշում ընդունել… ու արդարանում ենք, թե բա էլ ի՞նչ անենք:

Բայց այնտեղ, մեր հայրենիք Արցախում, մեր հայրենակիցներն են, մեր ազգակիցներն են ե’ւ` մեր երկրի, մեր պետության` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ում պարտավոր ենք պաշտպանել ամեն գնով, պետական բոլոր լծակներով ու հնարավորություններով:

Ցավոք, այսօր պետականություն եւ իշխանություն հասկացությունները հոմանիշից վեր են ածվել հականիշի:

Նորից ենք ցանկանում բարձրաձայնել.

 

ԱՐՑԱԽՈՒՄ ԹՇՆԱՄԻՆ ԿԵՂԵՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 120 ՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ

Պետություններ կան, կան իշխանություններ, որ անգամ իրենց մեկ քաղաքացու շահերը պաշտպանելու համար պատրաստ են նույնիսկ խզելու դիվանագիտական հարաբերությունները:

Ողբամ զքեզ ով հայ ժողովուրդ, որ ողնաշարիդ ողերը պակասել են, ատամներդ հաշվել են, սիրտդ ներսից թրատել, հոգիդ` թլպատել են…

բ/ Արցախում իրականացվում է բացահայտ ցեղասպանություն

Սա եւ’ պատճառ է եւ’ առիթ եւ’ հիմք` Արցախը բացարձակ անկախ պետություն հռչակելու եւ ճանաչելու համար:

Այն տհասների համար, ովքեր կարծում են, թե մենք իրավունք չունենք խառնվելու Արցախ – Ազերբայջան հարաբերություններին, տպագրում ենք ՀՀ Անկախության հռչակագիրը, որն, ի դեպ, վերցրել ենք ՀՀ կառավարության կայքից.

 

ՀՀ Անկախության հռչակագիր

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

  1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
  2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
  3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:
  4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:
  5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:
  6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
  7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:
  8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:
  9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:
  10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:
  11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
  12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

գ/ Անհասներին հիշեցնում ենք, որ Ադրբեջան կոչվող օտարածին նորագոյացությունն իր անկախությունը հռչակել եւ ՄԱԿ – ում գրանցել է 1918 թ սահմաններում, երբ Արցախը իր կազմում լինել չէր կարող…

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։