Փնտրվում է հայից ավելի հայ
Եթե անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկ կայացած քննարկման արդյունքում բանաձեւ ընդունվեր, միեւնույն է այն որեւէ դերակատարություն չէր ունենա։ Որեւէ բանաձեւ, կոչ, հայտարարություն, ինչպես տեսնում ենք՝ անգամ միջազգային դատարանի որոշում ի զորու չէ կասեցնելու Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները։ Ի վերջո, հայ հասարակությունը պետք է հասկանա, որ չի կարող որեւէ պետություն, առավել եւս այսպես կոչված միջազգային հանրություն մեզանից ավելի հայամետ լինել։ Բոլոր սպասումներն ամուլ են, երբ երկրիդ գործող իշխանությունը եւ նրան սպասարկող քաղաքական, հասարակական ուժերն ու անհատները Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, այդ դեպքում ինչու եք այլ երկրներից եւ կառույցներից պահանջում հայից ավելի հայ լինել։
Ցավալի է այն փաստը, թե ինչպես ենք ոգեւորվում որեւէ պետության ներկայացուցչի ճշմարտությունն ասելու հանգամանքից եւ դա ընկալում որպես հայամետ դիրքորոշում։ Կամ էլ՝ վրդովվում, բորբոքվում որեւէ պետության ներկայացուցչի դիտորդի դեր ստանձնելու կամ մեր հաշվին սեփական օրակարգը սպասարկելու ցանկությունից։ Այսպիսով, միջազգային ներկայացումը տեղի ունեցավ, դերակատարները խաղացին իրենց դերերը՝ մեկ անգամ եւս փաստելով, որ դրսից օգնություն ակնկալելով մսխում ենք այն ժամանակը, որը պետք է օգտագործվեր իրական լուծումներ գտնելու համար, այդ թվում՝ քաղաքական հարթությունում։Մյուս կողմից, տեղի ունեցածով արձանագրվեց նաեւ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված ստատուս-քվոն պահպանելու համար կոչված կառույցն այլեւս ի զորու չէ ապահովելու այսօրվա մարտահրավերների լուծումը։ Դա օրինաչափ է փլուզվող աշխարհակարգի պայմաններում, երբ միջազգային դերակատարների դիրքի եւ դերի վերաբաժանումներ են ընթանում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա մեզ համար անպտուղ քննարկումները ավելի անկաշկանդ եւ ազատ գործելու ազդակ կհանդիսանան Ադրբեջանի համար։ Արդյունքում արցախահայության եւ շղթայական ձեւով Հայաստանի մյուս տարածքների շուրջ օղակն ավելի է սեղմվում։ Վերջին օրերին ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությունն իբր ՀՀ զինված ուժերը կրակ են բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, խոսում է այն մասին, որ թշնամին հիմքեր է պատրաստում հերթական ագրեսիային դիմելու համար։ «Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է»,- այսօր հայտարարել է կառավարության ղեկավարը։ Թատրոնի միջազգային արարն ապահովված է, հաջորդ արարի «պատասխանատուն» Ադրբեջանն է։ Հայաստանը ներկայացնողների համար կարեւորը քննարկման անցկացման փաստն է, քանզի 120 հազար հայերի կյանքից եւ անվտնագությունից առավել կարեւոր է «խաղաղության օրակարգը»․ «Հայաստանի Հանրապետությունը շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»։ Նույն օրակարգն էր երեկ պաշտպանում նաեւ ցեղասպանությունների հարցում մասնագիտացած Թուրքիայի ներկայացուցիչը՝ «որպես տարածաշրջանային խաղաղությամբ և կայունությամբ խիստ հետաքրքրված և այդ նպատակին հասնելուն ուղղված նախաձեռնություններում ակտիվորեն ներգրավված երկիր»։
Այդքա՛նը։ Մեկնաբանություններն այլեւս ավելորդ են։