Մեծ քաղաքականության համար լարախաղացներ են պետք

ՄԱԿ ԱԽ նիստի վերաբերյալ։ Եթե հակիրճ, ապա՝ դիվանագիտությունը նվնվալու, լալկանության, նեղանալու, նեղվելու, զարմանալու տիրույթ չէ։ Առավելեւս, երբ թղթե շերեփը ոչ թե միայն ձեռքներումս ենք պահել, այլ՝ փաթեթավորել ենք մեզ դրանով։
Մեր երկրի ոչ մի ոլորտում եւ ընդհանրական առումով պետականամետ քաղաքականություն չի տարվում։ Այն պահից, երբ պետության օրվա քաղաքականության պատասխանատուները հայտարարեցին, որ Արցախը ճանաչում են Ադրբեջան կոչվող պետության մաս, թղթե շերեփը ճպպացրեցին դեմքներիս ու պարզորոշ ցույց տվեցին վերջը։
Ինչ ենք անում մենք՝ Հայաստանի Հանրապետության բնակիչներս։ Ճպպացրածը դեմքներիցս մի կողմ չենք քաշում։
Ադրբեջանը մի պետություն է, որի տարիքից ավելի տարիքով մարդիկ են ապրում։ Ադրբեջանը մի պետություն է, որ արհեստականորեն ստեղծված է հայկական հողերի վրա։ Ադրբեջանը գիտի, որ իր գոյության համար պիտի ստեղծի պատմություն։ Կեղծիքով, ստով, բայց պիտի ստեղծի։ Պետության քաղաքականության կնիքը դրված է․ ադրբեջանական մամուլը վերլուծություններ, հոդվածներ է գրում, հաղորդումներ նկարում «իր հայրենիքի»՝ «Արեւմտյան Ադրբեջանի» մասին (Հայաստանի Հանրապետության տարածքը նկատի ունի)։ Այսօր արդեն հիմքեր է ստեղծում վաղը գործնական քայլերի դիմելու համար։
Ինչ ենք անում մենք։ Վախենում ենք մեր իրական պատմությունից խոսել։ Եղած տարիքն էլ փոքրացնում՝ հասցնում ենք հազիվ 5 հազարի։ Քարահունջի աստղադիտարանը դամբարանադաշտ ենք կոչում, 15 հազարամյա ժայռապատկերների մասին լռում ենք․ Տիգրան Մեծի սխալներն ենք քննարկում, հայի գենն ենք ծաղրում։ Դեմ չենք՝ մենք, դուք, հայը չի ծաղրում, բայց եթե ծաղրողի դիմածնոտային համակարգը դեռ ջարդված չէ ու հեգնական ժպիտը երեւում է, ուրեմն՝ այո, մենք թույլ ենք տալիս, որ ծաղրելու համարձակություն ունենան։
Վախենում ենք մեր անցյալից, փառահեղ էջերը մոռացության ենք տվել, ցավալիներից ենք միայն խոսում։ Անշուշտ, սա անհրաժեշտ է, բայց՝ դասեր քաղելով։ Եթե անցյալին չենք հենվում, ապագա չենք ունենալու։ Անցյալը հիմքն է։ Անցյալը կամուրջ է, իսկ կամուրջն անսկիզբ չի լինում։ Վախենում ենք պայքարել, կռվել, ըմբոստանալ։ Ապրել ենք վախենում՝ մաքուր օդը ստորադասելով ճահճահոտին։ Թույլ ենք տալիս, որ մեզ ստորացնեն, նսեմացնեն ու խաբեն թե՝ հեռանկար կա։ Միայն թե մոռանում ենք, որ կռացած հեռանկար էլ է լինում։
Ինչ ստացանք։ Այն, ինչ երեկ պարզապես փաստվեց ՄԱԿ ԱԽ նիստում․ Արցախի հարց այլեւս չմնաց։ Մնաց արցախցիներին հաց հասցնելու հարցը։ Բերձորի միջանցքը չի դիտվում Հայաստանն ու Արցախը միմյանց կապող կենսական ճանապարհ, Արցախը տիրոջ, բնիկի՝ հայի ձեռքում պահելու ճանապարհ։ Դիտվում է իբրեւ ուղի՝ մարդասիրական նպատակների համար։
Նեղվելը, աշխարհի խղճի վրա հույս դնելը, լացելը, սգալը մեզ ոչինչ չի տալու, ոչի՛նչ։ Լավագույն դեպքում՝ խղճահարություն մեր հանդեպ։ Իսկ նրանց, ում խղճում են, ձեռք չեն մեկնում, քայլեր չեն քննարկում։
Խնդրի լուծման տարբերակը կա։ Բազմիցս խոսել ենք այդ մասին, ուղիները նշել։ Մեզ խաղալ է պետք՝ լոնքերով, մեծ նպատակներ առաջադրելով։ Մեծ քաղաքականությունը մանրիկ քայլերի տեղ չէ։ Մեծ քաղաքականությունը լարախաղացության պես բան է։ Թեկուզ մեկ ոտքի վրա մեծ թռիչքի արվեստ է։ Խաղացողները պիտի ֆիզիկապես ու հոգով ամուր լինեն՝ բարձրության սովոր ու հավասարակշռություն պահող՝ թեկուզ կտրուկ անկման դեպքում։ Լարախաղաց չեն կարող լինել գիրությունից ֆսսացողները, թմրամոլները, հարբեցողները, վախկոտները, իրենց կյանքում նույնիսկ փոքր առվի կողքով քայլելուց զգուշացողները։ Սրանք են, որ սպանում են մեզ ու մեր երկրի հույսերը՝ ներշնչելով բոլորին, թե այդ ջուրը ոչ թե փոքր առու է, այլ՝ անդունդ տանող ջրվեժ։
Հավատալ մանր մարդուկների պուճուր մտքերին, թ ոչ՝ ՀԱՅԻ որոշելիքն է։ Բայց չմոռանանք՝ պուճուր մտքերը փոքրացնում են երկրի տարածքը։
Լուսանկարը՝ հեղինակի (սեւ-սպիտակի պահոցից, 2002թ․)