Թշնամու լկտիությունը մեր չգործելու հետեւանքն է
Երբ խոսում ենք Հայաստանի ինքնիշխանության մասին, պետք է հասկանանք ամենագլխավորը՝ ինքնիշխան պետությունը պետք թույլ չտա, որ իր տարածքներում թշնամու զինված ուժեր լինեն։ Բոլորը գիտեն՝ ադրբեջանական զորքերը վաղուց ՀՀ ինքնիշխան տարածքներում են։ 44-օրյայից հետո մտել են, ու մենք նրանց հանդեպ չենք կիրառել նվազագույն ու առավելագույն քայլերը։ Նվազագույնը՝ պիտի թշնամուն դուրս շպրտեինք մեր երկրի տարածքից, իսկ առավելագույնը՝ պիտի սատկացնեինք հենց մեր իսկ երկրի տարածքում՝ մեր պետության հանդեպ ոտնձգության համարձակություն ունենալու համար։
Ի դեպ, միջազգային նորմերի համար շունչ ու հոգի տվող մեր պետությունը պիտի որ հստակ իմանա՝ միջազգային ոչ մի նորմով արգելված չէ նշյալ նվազագույն եւ առավելագույն քայլերի դիմելը։
Չդիմեցինք՝ ոչ դուրս քշեցինք թշնամուն, ոչ էլ սատկացրեցինք։ Դրանով ի՞նչ հիմքեր տվեցինք նրան։
Մինչ հարցին պատասխանելը ներկայացնենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հայտարարությունը, որ երեկ է արվել։
Ըստ այդմ՝ (մեջբերումը բառացի է)․ «Դեռ Խորհրդային ժամանակներից Յակ-40 ինքնաթիռներով Կապանի օդանավակայան օրական 10-ից ավել չվերթ է իրականացվել։ Այն ժամանակ թռիչքների մոտեցման եւ վայրէջքի, ինչպես նաեւ վերթիռի սխեմաները մասամբ անցել են Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օդային տարածքով։ Սակայն այն բանից հետո, երբ 2020 թվականին վերաբացվեց Կապանի «Սյունիք» օդանավակայանը, ներդրվեցին ժամանակակից նոր օդային սխեմաներ՝ համաձայն որի մոտեցումները, վերթիռներն ու վայրէջքները իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքով: Համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը եւ տվյալ պետության տարածքում իրականացված թռիչքները չեն համաձայնեցվում հարեւան երկրների հետ: Այն թռիչքների մասին տեղեկատվությունը, որոնք իրականացվում են 2 պետությունների սահմանագծին, տրամադրվում է հարեւան պետությանն ի գիտություն, ինչն էլ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները մինչ այժմ արել են: Հայաստանի Հանրապետությունը գործում է ինքնիշխանության հայեցակարգին եւ քաղաքացիական ավիացիայի ոլորտի միջազգային օրենքներին համապատասխան, որոնցով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անդամակցող յուրաքանչյուր պետություն պարտավորվում է խստագույնս ղեկավարվել: Նշենք նաեւ, որ սույն թվականի օգոստոսի 19-ին, Կապան քաղաքի օրվա կապակցությամբ, ՆովԷյր ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավով իրականացվելու է ուղեւորափոխադրում Երեւան- Կապան- Երեւան երթուղով»:
Հիմա՝ շարունակությունը։ Օգոստոսի 17-ին ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը հայտնել էր, որ օգոստոսի 19-ին Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթից կլինեն կանոնավոր չվերթներ: Օգոստոսի 18-ին հայտարարություն տարածեց ՀՀ ԱԱԾ-ն, ըստ որի՝ «Օգոստոսի լույս 18-ի գիշերը՝ ժամը 04։24-ին, ադրբեջանական կողմից դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։ ՀՀ ԱԱԾ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության եւ/կամ ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր»։
Մի կողմ ենք թողնում «Հայաստան-Ադրբեջան սահմանագիծ», «դեռեւս չպարզաբանված ավտոմեքենա», «անհայտ անձ» եզրույթների քննարկումը (այլ նյութի խնդրո առարկա է) եւ կոչեր հղելու՝ մեր իրականության պարագայում արդեն զզվելի դարձած քաղաքականության վերլուծությունը եւ ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքը (ֆ/բ-ում է ներկայացրել)․ «Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի ղեկավարը հաստատել է, որ Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակահերթերը պատահական չեն եղել եւ դրանով Ադրբեջանը զգուշացնում է, որ թույլ չի տա Երեւանից Կապան կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնել: Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությանն արգելել է շահագործել Սոթքի հանքը, չի թույլատրել մետալուրգիական գործարան կառուցել Երասխում, իսկ հիմա` դեմ է Կապանի օդանավակայանի շահագործմանը: Արդեն իսկ ուրվագծվում են մի քանի խոշոր հանքաարդյունաբերական ձեռնարկություններ, որոնց վերաբերյալ Ադրբեջանը քարոզչական պատերազմ է սկսել, ընդհուպ այն բարձրացրել միջազգային մակարդակ: Այն, որ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը ՀՀ-ի վարչապետն է եւ նրա համար է պատասխանատվություն կրում, դա բացարձակապես սուտ է: Ադրբեջանական զորքերը վաղուց ՀՀ ինքնիշխան տարածքներում են, ավելին` միջամտում են ՀՀ ներքին հարցերին, որոշում` հայտարարություններից մինչեւ տնտեսական եւ անվտանգային խնդիրներ»:
Ցավոք, պատգամավորը ճիշտ է։ Եվ, ցավալիորեն, իրականությունը ներկայացված է առանց որեւէ չափազանցության։
Սյունիք այց այսօր եղավ (դեռ կանոնավորի մասին չէ խոսքը)։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնեցին Կապան: Բայց քանի դեռ վերոհիշյալ նվազագույն եւ առավելագույն քայլերը թշնամու հանդեպ ՀՀ-ն, որպես պետություն, չի ձեռնարկել, ուրեմն՝ մեր ինքնիշխանության հետ կապված խնդիրը մնալու է։ Ահա նշյալ՝ այն հարցի պատասխանը, թե ինչ հիմքեր տվեցինք թշնամուն։