Image

Մենաշնո՞րհ, թե՞ վերջաբան․ ընտրությունը մերն է

Վախկոտների համար այս արեւի տակ տեղ չկա՛։ Սա հստակ է։ Վախկոտները մի վերջաբան ունեն՝ վախճան։ Սա էլ է հստակ։ ՀԱՅԸ  վախկոտ չէ, քաջերի՛ զարմից է։ Սա անհերքելի է։ Բայց․․․ 21-րդ դար, նենգ քաղտեխնոլոգիաներ, ուղեղների լվացման մեխանիզներ, գաղափարախոսությունների պատերազմ, գլոբալիզմ կոչվածի հաղթարշավ, ազգային ամեն ինչի ոչնչացում, բնական ամեն ինչի ոտնահարում, ազգային ու իրականում՝ մարդկային իրավունքների ոտնահարում եւ․․․ 

Եվ-ը այն ընտրությունն է, որ մենք պիտի անենք, եվ-ը այն կածանն է, որ մենք պիտի հարթենք։ Կամ՝ մնանք այս դարի ճահճում՝ տուրք տալով անբնական, անբանական ու կեղծ ամեն ինչի՝ դնելով բոլորիս վերջի սկիզբը։

Եթե չենք ուզում գալ վերջին, ուրեմն առաջին հարցը, որ ինքներս մեզ պիտի տանք, սա է՝ ինչպիսի՞ հայրենիք ենք ուզում ունենալ վաղը։ 44-օրյայից հետո խոսել ենք այս թեմայով, այսօր կրկնվել ենք ուզում անհրաժեշտաբար։

                                                              * * *

Եվ այսպես՝ ինչպիսի՞ հայրենիք կունենանք վաղը։ Այս հարցի պատասխանը հստակ տրվել է։ «Ինչպիսին որ կառուցվում է այսօր մեր մտքի եւ հոգու մեջ։ Երբ որ մեր սիրտը եւ ուղեղը լցնողը ապառաժահիմն ու հաղթական հայրենիքի գաղափարն է, վաղվա Հայաստանը չի կարող ավազահիմն, ապազոր եւ դժբախտ լինել։ Ազգերն ունեցել են, ունեն ու պիտի ունենան իրենց արժանի ճակատագիրը։ Արի եւ հայրենապաշտ, որ ասել է՝ հզոր, ահա՛ անկախության արժանի ժողովուրդը։ …Բայց կան, դեռ կան որոշ տարրեր մեզանում, միամիտ, «հիմա՛ր սրբության աստիճան», որ կարծում են, թե կարելի է եւ՛ ազգ կոչվել, եւ՛ քաղաքական մուրացիկ մնալ, թե կարելի է մուրալ անգամ պետականորեն անկախ ապրելու իրավունքը։ Սրանք կուզեին, որ աշխարհի ուժեղները եւ՛ շնորհ անեին իրենց, եւ՛ պաշտպանեին այդ շնորհը արտաքին վտանգից։ Սրանք դժբախտություն ունեն ուժեղ համարելու հայությունից զատ բոլորին, բոլոր ժողովուրդներին։ Չեն հասկանում, թե հզորությունն ու տկարությունը հարաբերական հասկացողություններ են, թե ժողովուրդներից եւ ոչ մեկն է առանձին բացարձակորեն ուժեղ, ինչպես եւ ոչ մեկն է նույն ձեւով ամենաթույլը։ … Քաղաքականության մեջ պարտվում, ձախողում են այն ժողովուրդները, որոնք չունեն որոշ եւ հստակ նպատակ, կամ երբ ունեցածը խստորեն ազգային չէ»։

Մեր օրերի, հե՛նց այսօրվա ու հե՛նց այս պահի՝ ոսկերչական ճշգտությամբ պատկեր, որ տվել է ռազմաքաղաքական ու պետական հզոր գործիչ, իմաստասեր Գարեգին Նժդեհը (1927 թ. առաջին անգամ Սալոնիկում հրատարակված «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատություն)։ Աշխարհի զարգացման տրամաբանությունն այնքան կուռ անփոփոխ է մնացել, որ դարեր անց էլ ոչինչ չի փոխվում։

Եվ այդ տրամաբանությունը հուշում է, որ երբ հիմար կկուն մի ձագին տալով՝ փորձում է փրկել մյուս ձագերին ու բույնը, կորցնում է ամեն ինչ, որովհետեւ աղվեսի ախորժակն ուտելիս բացվում է։ Գազաններն աղվեսի կողմն են, որովհետեւ նրանց ախորժակն էլ է գրգռված։ Պարզապես բնության օրենքն ավելի ճշմարտախոս է, եւ գազանները երկակի ստանդարտներով խաղաղության կոչեր չեն անում։ Կկուն մեղավոր է, որովհետեւ թույլ է։ Մենք կկու չե՛նք։ Ողղակի մեզ ներարկել են կկու զգալու թույնը։ Բայց օրգանիզմը հիանալի ինքնաբուժիչ հատկություններ ունի, եթե հոգին ճիշտ է «աշխատում»։ Գործի՛ դնենք մեր մտքի ու հոգու ուժը։

Այդ աշխարհ կոչվածի տրամաբանությունը հստակեցնում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը միշտ սպառնալիք է հայրենիքի համար. Երեկ եւ այսօր՝ Արցախում, այսօր եւ վաղը՝ Հայաստանում, պատերազմի ընթացքում՝ զոհեր, պատերազմից իբր հետո՝ էլի զոհեր։ Արցախը մեր հայրենիքի անվտանգության համակարգի պինդ, ամբողջական հենակ ողն էր։ Մտածեցինք՝ այդ ամբողջական հենակից հետո թեկուզ ծուռ-ծուռ կքայլե՞նք։ Ո՛չ, որովհետեւ թշնամին ող առ ող ջարդել է ուզում մեր մեջքը։ Ապօրինաբար ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, պահանջներ է դնում։ Ինչպե՞ս է համարձակվում։ Որովհետեւ մեզ լավ է ճանաչում, գիտի, որ ոտքի կանգնեցինք, սատկացնելու ենք։ Եվ թշնամին խնդիր ունի՝ թույլ չտալ մեզ ոտքի կանգնելու։ Ուզում է ծնկած պահել, որովհետեւ ինքն ուժեղանում է մե՛ր վախից։ Էյֆորիայի մեջ լողացող թշնամին մոռացել է, որ ոտքի կանգնելու համար մենք հաճախ ծնկած տեղից էլ ենք խփել։

Ու այդ աշխարհ հորջորջյալի տրամաբանությունը ցույց է տալիս, որ խաղաղություն չի լինելու: Եթե լինի, ապա պիտի պարտադրենք մենք։ Մե՛նք։ Որովհետեւ թշնամու խոստացած խաղաղությունը իբր պատերազմից հետո մեր զոհերն են։ Թշնամու խոստացած խաղաղությունը «միջանցքն» է, որին մենք համառորեն «ճանապարհ» անունն ենք տալիս։ Թշնամին, այնուամենայնիվ, պարբերաբար հստակեցնում է՝ «միջանցք»։ Մենք մեր ցավից կռացած՝ չենք ուզում լսել. «միջանցքը» «ճանապարհ» ենք տեսնում (երեք ճանապարհներ ենք առաջարկում)։ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը հայտարարում է, թե «Զանգեզուրի միջանցքը նոր միջանցք կդառնա եղբայրական Պակիստանից Թուրքիա եւ Ադրբեջան»: Եվ դա հայտարարում է երեք երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպման ժամանակ: Թշնամին հոգեբանական գրոհ է սկսում նաեւ, մենք գրոհվում ենք։ Բայց մեր գենոմի խորհրդանշումը արծվի տիրույթում է, ոչ թե կկվի։ Իսկ արծիվները, ինչքան էլ վիրավոր, մշտապես օգտվում են զարկի՛ իրավունքից, ո՛չ թե զարկվելու։

Աշխարհ անվանյալի տրամաբանությունը դաջում է՝ հաղթանակը ուժեղների՛ մենաշնորհն է, վախճանը՝ թույլերի վերջաբանը։ Այստեղ միակ իրավունքը, որ չունենք, ընտրության իրավունքն է։ Որովհետեւ մենաշնորհի ու վերջաբանի միջեւ բնական թեքումը մենաշնորհի՛ն տեր կանգնելն է:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։