Image

Առը հա՛, թե ՀԱՅԸ հաղթվելու է

Պապս դեռ ողջ էր, երբ Արցախյան շարժումը սկսվեց։ Բոլորս ոգեւորված էինք՝ հանքային ջրով երկիր էինք պահելու։ Պապս մտահոգ էր։ Մի օր հիմար հարց տվեցի․ «Չեմ հասկանում՝ ուրախ չե՞ս, որ անկախանում ենք»։ Ժպտաց։ Ցավոտ ժպտաց․ «Իհարկե ուրախ եմ, անկախությունը մաքուր օդ շնչելու պես բան է»։ «Բա՞․․․», -երկրորդ հիմարությունն արեցի։ Ասաց՝ «արի, քեզ հիմա մի բան ցույց կտամ»։ 14-15 տարեկան էի, մտածեցի՝ «անկախությունն ինչպե՜ս է ցույց տալու»։

Մտանք բարեկամի տուն (Վարդենիսում էինք), հարցրեց՝ հարսն ու՜ր է, սկեսուրն ու ամուսինը թե՝ խանութ է գնացել։ Պապս էլ թե՝ «բայց առավոտը էսինչ սարում եմ տեսել»։ Խառնվեցին, ոտքի կանգնեցին, ամուսինը դուրս նետվեց կնոջը փնտրելու, պապս էլ թե՝ «սպասի, կատակում եմ, թոռիս դաս էի տալիս»։ Ամուսինը ծիծաղեց․ «Լավ էլի, ապեր Մակիչ (այդպես էին դիմում պապիս), դու ու քո կատակները»։ Շշմել էի, բան չէի հասկանում։ Պապս թե՝ «տես, կողքից մի բան ասացի, հավատացին, խառնվեցին։ Կարո,-դարձավ ամուսնուն (կերպարը ճիշտ եւ ճիշտ ինքն է, անունն է փոխված, որովհետեւ Կարոն ու կինը չկան, բայց ընտանիքը կա),-ընտանիքիդ անկախությունը չես ամրացրել, ով ուզի՝ կմտնի, կբաժանի։ Դասդ առա՞ր, իշու ձագ»։

Հենց Կարոյի շեմից անցանք, չդիմացա․ «Պա, լավ էլի, Կարոյի՝ սեփական կնկան չհավատալը ինչ կապ ունի մեր երկրի անկախության հետ»։ «Ամենաուղղակի,-ասաց,-երկիրը Կարոյի ընտանիքերի պես ընտանիքներից է բաղկացած։ Երկիրը մեծ ընտանիք է, լիքը խառնակիչներ են մտնելու։ Թե հավատաց, քանդվելու է էդ մեծ ընտանիքը․․․»։

Երկար զրուցեցինք։ Այն ժամանակ չհասկացա, փորձեցի դաս տալ պապուս, մի մարդու, ով մշեցի էր՝ Հայրենիքի իր տունը կորցրած, Երկրորդ համաշխարհայինին էր մասնակցել, գերի էր ընկել, Ստալինյան քաղաքականությանը համապատասխան՝ աքսորվել էր՝ գերի ընկնելու ու չմահանալու համար, հետո սուտ մատնության հետեւանքով կրկնակի աքսորի էր «արժանացել», ով պայքարել էր մի ամբողջ կյանք՝ թուլանալու, վհատվելու, մեռնելու փոխարեն, որովհետեւ պայքարելն իր համար շնչելու պես բան էր․․․

Կարոյի դեպքից 32 տարի է անցել, Հայաստանն ու Արցախն ինձ այսօր Կարոյի տունն են հիշեցնում ով ուզեց՝ մտավ-խառնեց, թշնամին ու կապ չունի՝ արտաքին, ներքին, վերի թե վարի, կամ կողքի, ինչ ուզեց՝ արեց, մորմոնները մտան, միսիոներները մտան, աղանդները մտան, սորոսները մտան, բանակի դեմ պայքարողները մտան, ընտանիքների դեմ պայքարողները մտան, գործակալները մտան։ Մտա՜ն ու մտա՛ն։  Կարոն այդպես էլ դաս չառավ։ Միամիտ «իշու ձագ» մնաց։ Կարոյի կնկան ասացին՝ սարի գլխին ոսկի կա թափած, գնա-բեր։ Կարոյին էլ ասացին, կնիկդ խանութում չէ, սարում է։ Կարոն եկավ ու ըհը՝ կնիկը սարում է, էլ ոչ հարց, ոչ պատասխան, ոչ պարզաբանում, բաժանում ու՝ վերջ։ Կարոյի կինն էլ մարդու չլսելուց վիրավորվեց ու թողեց, որ իրեն պաշտպանեն․․․ օտարները։

Օտարները քանդեցին Կարոյի, Հայրոյի, Արմոյի, Վասոյի տները, որովհետեւ նրանք ու նրանց կանայք թույլ տվեցին, որ մատի ու մատանու արանքը օտարը մտնի։ Բացատրող չեղավ, իրական պաշտպանող չեղավ, իրականությունը ներկայացնող չեղավ։ Կարոն, որ կնոջը մի թթու խոսք չէր ասել, համրացավ, վիրավորվեց կնոջից։ Կինը, որ անսահման սիրում էր Կարոյին, ատել սկսեց։ Նրանք, որ փորձեցին Կարոյին ու կնոջը բացատրել խառնակչության նպատակն ու ցույց տալ խառնակիչներին, հռչակվեցին հեքիաթասացներ, հետո՝ դավադրապաշտներ, հետո՝ «տգետ ազգայնականներ»։ Կարոյի ու նրա պեսների ընտանիքը քանդածները, անշուշտ գտան մի ընտանիք, որտեղ իսկապես ծեծուջարդ կար, բայց խոսեցին ոչ թե այդ ծեծուջարդի օրինակի մասին, այլ՝ այդ օրինակը փռեցին բոլոր ընտանիքների վրա։

Նրանք, ովքեր հասկացան եղելությունը, ծաղրի ենթարկվեցին։ Նրանց ձայնը կորավ։ Նրանք, ովքեր հասկացան վտանգի ծավալները, փորձեցին բարձրաձայնել, գրել այդ մասին, տեղեկացնել համապատասխան մարմիններին, դարձյալ ծաղրի ենթարկվեցին։ Խառնակիչները համապատասխան մարմիններ էլ էին մտել ու իրենց սեւ գործն անում էին նաեւ իրենց գրչակների միջոցով, որ, չգիտես ինչու, «լրագրող» կամ «մտավորական» կամ․․․ անունն էին ստացել։

Թաց ու չոր խառնվեց իրար, կրթությունն իջավ շրիշակի մակարդակին, ավելին՝ Կարոյի ու նրա պեսների ընտանիքները կառավարելու իրավունք ստացան նույնիսկ շրիշակի մակարդակի կրթություն չունեցողները։ Մարդկանց գիտակցությունը կորավ, աչքերը փակվեցին, ով ինչ ասաց՝ ծափ տվեցին, ով նվագեց՝ պարեցին, ամեն ինչ արեցին՝ բացի սեփական ուղեղն օգտագործելուց։

․․․ Թշնամուն թվում է հաղթելու՞ է։ Առը հա՝ երեք մատի կոմբինացիա նրան էլ, նրա տեղական կամակատարներին էլ։ Որովհետեւ, ճիշտ է, Կարոն ու իր կինը այդպես էլ միմյանցից խռովված գնացին այն աշխարհ, բայց նրանց զավակները ամուր ընտանիքներ են կազմել։ Ավագ որդին հիշում է ծնողների բաժանվելու պատճառը, գուցե աղոտ է հիշում, բայց խորքային մի բան է հասկացել․ տունն օտար չպիտի մտնի, հյուրը պիտի տան տիրոջ կանոնները չխախտի ու պիտի հեռանա ճիշտ ժամանակին։ Ով կփորձի խախտել կանոնները՝ վերջին անգամ կտեսնի այդ տան շեմը։ Իսկ ինքն ու իր տան անդամները օրվա մեջ միշտ ժամանակ կգտնեն միմյանց հետ խոսելու։

Թշնամուն թվում է հաղթելու՞ է։ Առը․․․ Հա՛, ՀԱՅԸ թուլացել է, բայց թույլ չէ, հա՛, ՀԱՅԻ տունը խառնել են, բայց տան հիմքը կա, հա՛, ՀԱՅԻՆ փորձում են ծնկած պահել, բայց ոսկորի ծուծքը լիքն է, ոտքի կկանգնի։

Առը հա՛, թե ՀԱՅԸ հաղթվելու է․․․

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։