Անկախության Հռչակագրի օ՞ր են շնորհավորում․ խելքի՜ աշեցեք
Այս օրը՝ օգոստոսի 23-ը ուրիշ նշանակություն ունի։ Այս օրը շնորհավորելու իրավունք չունե՛ն բոլո՜ր նրանք, ովքեր այս օրվա հիմքը թուլացրել են։ Մասնագիտության բերումով պիտի որ գոնե կարդայի այդ թուլացնողների խոսքը։ Բայց նույն այդ մասնագիտության բերումով չեմ կարդա, քանզի խնձորը պարտադիր չէ ամբողջությամբ ուտել՝ հասկանալու համար, որ նեխած է։
Այս օրվա հիմքը թուլացրածները ի՜նչ պիտի ասեն։ Առավել քան պարզ է։ Բայց մեր ընթերցողներին, առավելապես ոչ 90-ականների սերնդին բացատրենք, թե այդ՝ «բոլոր նրանք» ինչու իրավունք չունեն այս օրը շնորհավորելու։
Անկախությունն ու Անկախության Հռչակագրի օրը եղավ, որովհետեւ եղավ Արցախյան շարժումը։ Այսինքն՝ Անկախության Հռչակագրի էության, նպատակի ու խորքայնության հարցերը, առանց Արցախի ու Արցախի հարցի, անհնար է պատկերել։ Հռչակագիրը Հայի՝ անկախ ապրելու կամքի, պետության ու պետականության արժեքի գիտակցման փաստաթուղթն է։ Անկախության Հռչակագիրը ազգային երազանքի իրականացման հիմնաքարերից է։
Հետեւաբար՝ բոլոր նրանք, ովքեր դավաճանել են Արցախին, ուրացել են Արցախը՝ այն Ադրբեջանի մաս ճանաչելով, անկախության արժեքը չեն գիտակցում, պետականության արժեքը չեն հասկանում, կամ չգիտեն՝ ինչ ասել է ազգային երազանք, կամ՝ գիտակցելով թրատում են այդ երազանքը։
Երկրի մի հատվածն ուրացողը երկրի մյուս հատվածին ամրությու՞ն կբերի։ Միանշանակ՝ ոչ։ Արցախն ուրանալով՝ իրականում Հայաստանի Հանրապետությունն էլ են ուրանում եւ հային են ուրանում։ Այդ բոլոր նրանք ի՜նչը պիտի շնորհավորեն։ Ազգի տապալումը, ազգային երազանքի տապալումը, ազգի հեռանկարի տապալումը, անկախության տապալումը, բայց ոչ ազգի անկախությունն ու վերելքի ձգտումը։
Թշնամին մեր երկրի տարածքում է, ուղղակիորեն խառնվում է մեր երկրի անվտանգային ու տնտեսական խնդիրներին՝ այդպիսով ուղղակիորեն մեր երկրին օրակարգ թելադրելով։ Այդ բոլոր նրանք, որ թշնամուն երկրից դուրս չեն շպրտում, Անկախության Հռչակագրի օր պիտի շնորհավորե՞ն։
Զավեշտալի ու անհեթեթ կլիներ, եթե ողբերգական չլիներ։ Ազգի անցյալը չընդունողը, Հայի դատից հրաժարվողը, Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին նպաստելուց ձեռք քաշողը Անկախության Հռչակագրի օ՞ր պիտի շնորհավորի։
Այս օրը պիտի շնորհավորեն նրանք, ովքեր ազգային երազանքը տապալողներից կվերցնեն այս օրը շնորհավորելու նրանց՝ թեկուզ ձեւական, բայց իրավունքը։ Վերջնականապե՛ս կվերցնեն։