Կարմիր գիծը հատվել է
Նորանկախ Հայաստանի իրավաքաղաքական եւ արժեքային հիմնաքարը դրվեց Անկախության հռչակագրի ընդունմամբ։ Ավելի քան երեք տասնամյակ անց լրջագույն փորձության է ենթարկվում ազգային պետություն ունենալու իրականություն դարձած մեր երազանքը։ Պատմաքաղաքական առումով կարեւոր փաստաթղթի ընդունման 33-ամյակին կանգնած ենք հռչակագրում ամրագրված, բայց միայն մասնակի կյանքի կոչված նպատակներից եւ ուղենիշներից հրաժարվելու ճանապարհին։ Անկախության հռչակագրում նախանշված ուղուց մենք շեղվեցինք, երբ մեկ տարի անց, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախության հանրաքվե անցկացրեցինք առանց Արցախի։ Դա առաջին սայթաքումն էր եւ երկարաժամկետ կտրվածքում հասանք այսօրվա արդյունքին։
Երբ «անկախություն», «ազատություն» հասկացությունների մեջ չկա իրապես ազգային բովանդակություն, ապա դրանք դառնում են ձեւական եւ օգտագործվում են պոպուլիստական նպատակներով։ Անկախության հռչակագիրը խանգարում է բոլոր այն ուժերին եւ քաղաքական թատերաբեմի խաղացողներին, որոնք ցանկանում են ազատվել հայերիս պատմական հայրենիքի մի հատվածի հանդեպ ստանձնած պարտավորություններից եւ բավարարելով մարգինալ, ապազգային շերտերի եւ արտաքին խաղացողների քմահաճույքներն ու վախերը, խաչ քաշել համայն հայության դարավոր իղձերի եւ պատմական արդարության վերականգնման վրա։
Այսօր, երբ հայտարարվում է, թե Անկախության հռչակագրի հիմքում խորհրդային ժառանգությունից հրաժարումն է՝ դրանից բխող բացասական հետեւանքներով, դրանով խեղաթյուրվում է փաստաթղթի բուն էությունը։ Ավելորդ չէ ընդգծել, որ Հռչակագրով նախեւառաջ սկիզբ դրվեց Արցախը մայր հայրենիքի հետ վերամիավորելու քաղաքական, իրավական, պատմական գործընթացին։ Նորանկախ պետությունը հայտարարեց, որ տեր է կանգնելու իր անցյալին եւ դրա հիման վրա ապագան կառուցելու իրավունքին։ Հաջորդ կարեւոր ամրագրումը ՀՀ կողմից «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին» սատար կանգնելու պատասխանատվության/առաքելության ստանձնումն էր։ Անհնար է առաջ շարժվել, երբ լուծված չեն դարեր շարունակ պարտության տարած նախադրյալներն ու հանգամանքները։ Հետեւաբար վերոնշյալ երկու կարեւոր կետերի ամրագրումը պարզապես քմահաճույք չէր, այլ անկախություն կերտող հայկական պետական միավորի կայացման նախապայման։