Image

Ազգային իրավունքի ժամանակը քշելու է գյադեքին

Եթե մեզ թվում է, թե Հայաստանի Հանրապետությունը մի օր սովի չի մատնվի, ապա չարաչար սխալվում ենք։ Հայաստանն էլ կարող է մի օր շրջափակվել ու ոչ միայն այն պատճառով, որ արտաքին քաղաքական հարթակում տկար ենք, պետությունների հետ հարաբերություններ փչացնող, նոր հարաբերություններ իրականում չկառուցող, այլ նաեւ՝ թշնամու ոչ մի քայլին չենք հակադարձում։

Բայց կարծես մեղանչեցի ճշմարտության դեմ։ Հակադարձու՛մ ենք։ Միանշանակ հակադարձում ենք։ Մեր երկրի հանդեպ տարածքային պահանջների՝ թյուրքական գործնական քայլերին ի պատասխան հակադարձում ենք․․․ կոչերով։ Հետեւաբար պետք է գրեինք ոչ թե «թշնամու ոչ մի քայլին չենք հակադարձում», այլ՝ «համարժեք չենք հակադարձում»։

Ծիծաղելի չէ, ողբերգակա՛ն է։ Եվ մի օր այս ողբերգությունը կկանգնի (պարզապես առայժմ դեռ չենք նկատում) դիմացներս, երբ, օրինակ, շրջափակվի Սյունիքի մարզը, կամ՝ Գեղարքունիքի մարզը, կամ՝ Վայոց ձորի մարզը։ Հնարավոր չէ՞։ Թշնամու կողմից Արցախի շրջափակումն ինչպե՞ս հնարավոր եղավ։ Եվ սակայն ինչ տարբերություն Արցախի ու Սյունիքի կամ Արցախի եւ Գեղարքունիքի միջեւ։

«Օֆ, Աստված չանի, չեմ ուզում մտածեմ» քաղաքական հասուն ու խորիմաստ այս պատասխանից հետո վերջ՝ ցավերը պրծան, մտահոգություններն ավարտվեցին, Արցախը գլոբուսից հեռացավ, Հայաստանում հացը չկտրվեց։

Տխեղծ մտածողություն, դավադիր պահվածք, դրուժանի կեցվածք՝ մյուս հոմանիշներով հանդերձ։ Այս մտածողությունը ուղղակիորեն հայրենադավություն է, որ ամենաուղղակի իմաստով օգնում է թշնամուն։ Եվ թշնամին գործում է։ Փաստերը շատ են, աչքներս խոթած, համառորեն տեսնել չենք ուզում՝ պատճառաբանելով իբր՝ մութ է, աչքը ցավում է, փոշի է լցվել եւն։

Փաստերը շատ են, բայց այսօր կմեջբերենք նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի փաստարկներից ընդամենը մեկը․ «Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան:

Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալով Հայաստանը, «Արեւմտյան Ադրբեջան» բացարձակ կեղծ հայեցակարգի շրջանակում կազմվել են, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ:

Այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են ադրբեջանական կեղծ անվանումներով։

Սա իրականում ադրբեջանական իշխանության ռազմաքաղաքական ծրագիր է, բայց փորձ է արվում դրան տալ մարդասիրական բնույթ՝ թաքցնելու համար Հայաստանի Հանրապետությանն ուղղված տարածքային նոր նկրտումները եւ սպառնալիքները։ Ընդ որում, խոսքը ոչ թե 1 կամ 2 բնակավայրի, այլ Հայաստանի ամբողջ տարածքի մասին է. ինչպես իրենք են նշում՝ 29,800 քառ.կմ։

Հատկապես ուշագրավ է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը գրեթե չի գործածվել Ադրբեջանում։ Այս նոր եզրույթն իր հայեցակարգով մշակվել եւ շրջանառվում է հատկապես 2022թ. սկսած։ Ընդ որում, Ադրբեջանում պաշտոնյաներ են արդեն խոսում վերադարձի ինչ-որ առաջին փուլի եւ արդեն մոտ 300,000 մարդու մասին։

Այս ամենը պետք է դիտարկել՝ որպես ադրբեջանական իշխանության հայատյաց ֆաշիստական քաղաքականության մաս, որ իրականում որեւէ առնչություն չունի խաղաղության հետ եւ իրացվում է ադրբեջանական շարունակվող թշնամանքի պայմաններում»։

Կարդացի՞ք, հասկացա՞ք, ըմբռնեցի՞ք, շատ լավ։ Մտահոգվել պետք չէ։ Կա խորիմաստ պատասխանը՝ «Օֆ, Աստված չանի, չեմ ուզում մտածեմ»։

Աստված անելու՛ է։ Որովհետեւ Աստված չի օգնում այն ընկածին, եթե «նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը» (պարբերության մեջբերումները՝ Նժդեհից)։ Որովհետեւ այդպես էլ չենք հասկանում, որ «իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական»։  Ուզու՞մ ենք, որ մեր հայրենիքից մեզ մնացած այս հատվածը՝ Հայաստանն ու Արցախը չընկնեն, ուրեմն՝ գործենք, ուժի հասկացողությունը վերազգանք։

Այլապես ստիպված ամեն օր լսելու ենք «հայտնագործություններ», թե բա՝ Ադրբեջանը Արցախից ելքը թույլատրում է,Արցախ մուտքը՝ ոչ, որովհետեւ էթնիկ զտում է անում, մենք խաղաղություն ենք ուզում, բայց Ադրբեջանը ոնց որ չի ուզում ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ այլն եւ այլն։ Լուրջ, «հարգարժան» «պետական» «այրեր», նոր գլխի ընկա՞ք։ Հայտնի սեւ հումորի օրինակով թե բա՝ «քշի Թուրքիա, նոր եմ իմացել, որ Ցեղասպանություն ա էղել»։

Այս երկրի բնիկին ու տիրոջը՝ հայի՛ն է մնում որոշել՝ ամեն օր սպասել «խաղաղության» կեղծ օրակարգին ու լսել «հայտնագործություններ», թե՞ ինքնօգնությամբ ոտքի կանգնել՝ ազգի իրավունքի ուժը վերականգնելով։ Այս պարագայում հարուստ արդյունքը անպայման քաղելիք է։ Իսկ առաջին արդյունքն էլ վերնագրում է։

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։