Արցախահայությունը հայ ժողովրդի ոսկե գենոֆոնդն է․ Վիկտոր Կրիվոպուսկով
Oգոստոսի 24-ին «Զվարթնոց» օդանավակայանում առանց որեւէ բացատրության թույլ չեն տվել Հայաստան մուտք գործել հայ ժողովրդի մեծ բարեկամ, «Խռովահույզ Ղարաբաղ» («Мятежный Карабах») գրքի հեղինակ, Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին։ Հայաստանի կառավարությունն անցանկալի անձանց ցուցակում է ընդգրկել մի մարդու, ում կյանքն ու գործունեությունն անմիջականորեն կապված են Հայաստանի, այդ թվում՝ Արցախի եւ հայ ժողովրդի հետ։ Կրիվոպուսկովի Հայաստան մուտք գործելու արգելքն անսպասելի էր ոչ միայն իր համար, այլեւ բոլոր այն մարդկանց, ովքեր քաջատեղյակ են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, բարեկամության ամրապնդման եւ հատկապես Արցախյան հիմնախնդրում անաչառ մոտեցումների հարցում ռուս հասարակական-քաղաքական գործչի ունեցած ավանդին։ Ի դեպ, նշենք, որ Վիկտոր Կրիվոպուսկովն անցանկալի անձ է համարվում նաեւ Ադրբեջանում։
«ՀՀ թերթը» (hhtert.am) զրուցել է Վիկտոր Կրիվոպուսկովի հետ ինչպես տեղի ունեցած միջադեպի, այնպես էլ՝ հայ-ռուսական հարաբերությունների, առկա խնդիրների եւ մարտահրավերների մասին։ Նրա խոսքով, միջադեպը հարվածում է Հայաստանի եւ Ռուսաստանի շահերին, միաժամանակ դրանով հարձակում է իրականացվում հայերի եւ ռուսների միջեւ միջանձնային հարաբերությունները ոչնչացնելու մակարդակում։ Վերջին ժամանակաշրջանում նման ռազմավարություն դրսեւորովում է ամենաթեժ կետերում, մասնավորապես Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, իսկ մինչ այդ՝ Վրաստանի հետ։ «Մերձբալթյան երկրների մասով կարծես թե համակերպվել էինք, որ այդպիսին է վերաբերմունքը։ Այստեղ ավելանում է Մոլդովան, Ուկրաինան եւ հիմա արդեն Հայաստանը։ Ուշադրություն դարձնենք այս երկրների ղեկավարներին, մի՞թե նմանություններ չկան նրանց գործողություններում։ Օրինակ՝ Հայաստանի գործող իշխանությունների վերաբերմունքը միջպետական հարաբերություններում, դեպքերը շատ-շատ են, իսկ հիմա արդեն գործը հասել է միջանձնային հարաբերությունները քանդելու գործին։ Հայաստանում փոխվել է երկրի զարգացման կոդը, ռուս-հայկական հարաբերությունների զարգացման փոխարեն այսօր հստակորեն որդեգրվել է ամերիկյան ուղղությունը»,- ասաց մեր զրուցակիցը՝ իր դեմ գործողությունը համարելով այդ ամենի հետեւանքը։
Կրիվոպուսկովը ներկայացնում է ռուսական համայնքը հայ-ռուսական բարեկամության եւ համագործակցության մակարդակում։ Նա ընդգծեց, որ հայ եւ ռուս ժողովուրդների շփումները, միջանձնային հարաբերությունները սկսել են ձեւավորվել ու զարգանալ դեռեւս 10-րդ դարից։ Լավ իմանալով ոչ միայն ռուս, այլեւ հայ ժողովրդի պատմությունը, նա հիշեցրեց, որ քրիստոնեությունը՝ ուղղափառությունը Ռուսաստան է սկսել մուտք գործել այն ժամանակ, երբ Կիեւի մեծ իշխանուհի Օլգան այցելելով Կոստանդնուպոլիս, կամավոր ընդունեց քրիստոնեություն Բյուզանդայի հայազգի կայսեր կողմից։ Իսկ Կիեւյան մեծ իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի կինը՝ Բյուզանդիայի մակեդոնական դինաստիայի ներկայացուցիչ կայսր Վասիլի (Բարսեղ) 2-րդի քույրը արքայադուստր Աննան էր։ «1828թ-ից, երբ Արեւելյան Հայաստանը մտավ Ռուսական կայսրության մեջ, այդ ժամանակից մենք անբաժան ենք եղել։ Խորհրդային Միության փլուզմամբ կրկին բաժանվել ենք, բայց փոխհարաբերություններում առկա ձգողականությունն ամուր էր։ Դա խանգարում է պրոամերիկյան ուղղություն վերցրած Հայաստանի ներկայիս իշխանություններին։ Այդ մասին արդեն բաց տեքստով եմ ասում, չնայած մինչեւ օգոստոսի 24-ը մշտապես ընդգծել եմ, որ որպես Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերության ղեկավար մեր համայնքը եւ ընդհանրապես ռուսաստանցիները իրավունք չունեն քննադատելու հայերին, քանի որ մեր ձեռքին դրա համար որեւէ հիմք չի եղել»,- ասաց նա։
Ներկայումս հայ-ռուսական հարաբերությունները բարդ շրջան են ապրում։ Զրուցակցիս խոսքով, եթե ավելի տարիքով սերունդը հասկանում է, թե ինչ է տեղի ունենում, ապա երիտասարդության շրջանում շատ վառ կերպով դրսեւորվում է հակառուսական դիրքորոշումը։ Խեղաթյուրվում է ընդհանուր պատմությունը, ավանդույթները, քարոզվում են հակաբնական արժեքներ, խախտվում է ընդհանուր հոգեւոր դաշտը, իսկ դրան զուգահեռ քայքայում են միջանձնային հարաբերությունները, ընտանեկան արժեքները, եկեղեցին։ Հասկանալի է, որ միջպետական հարաբերություններում արտահայտվող հակառուսական դիրքորոշումը եւ գնահատականներն արտաքին քաղաքականության մեջ, չի կարող չնկատվել իրենց կողմից։ Եվ չնայած դրան, անձամբ Կրիվոպուսկովը եւ իրենց ընկերությունը շարունակում են աշխատանքներ իրականացնել Ռուսաստանում հայերի իրավունքների պաշտպանության առումով, նաեւ ներկայացնում են երկու ժողովուրդների պատմականորեն ձեւավորված դարավոր կապերի արմատները, այդ թվում՝ միջանձնային։ «Մենք ցույց ենք տալիս, որ ռուսներին ամենամոտ ժողովուրդը հայերն են։ Միասնական են մեր հոգեւոր արժեքները, ավանդույթները, այդ ամենը պատմականորեն է ամրապնդվել։ Սակայն եթե աշխատանքներ չարվեն այն ուղղությամբ, ապա զարգացումները մտահոգիչ կարող են լինել։ Այսօր արդեն դրա դրսեւորումների ականատեսն ենք դառնում։ Պետական կառույցների կողմից որեւէ աջակցություն չկա Ռուսաստանի հետ մշակութային-հումանիտար կապերի զարգացման ուղղությամբ, ինչն առավել արտահայտիչ է դառնում հակառուսական տրամադրությունների աճման շրջանակներում, հատկապես երիտասարդության շրջանում»,- ընդգծեց ռուս գործիչը։
Անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, Կրիվոպուսկովն ասաց, որ ամենավատ երազում անգամ չէր կարող պատկերացնել, որ Հայաստանի Հանրապետությունը կհրաժարվի Լեռնային Ղարաբաղի հայերից, եւ ամողջությամբ՝ Արցախից։ «Արցախը եւ արցախահայությունը հանդիսանում են հայ ազգի ամենամաքուր տեսակը, հայ ժողովրդի հենց այդ շերտն է, որ երբեք որեւէ այլ տեղ չի տեղափոխվել, մշտապես մնացել է իր հայրենիքում։ Այսօր ոչնչացվում է հայ ժողովրդի ոսկե գենոֆոնդը եւ չպետք է թույլ տրվի, որպեսզի խախտվի ազգի կոդը։ Ինչպե՞ս կարելի է հրաժարվել սեփական ընտանիքից, եղբորից, քրոջից, ազգականներից։ Սա եզակի դեպք չէ, այլ մասսայական, 120 000 հայ կտրված է աշխարհից եւ հայտնի չէ նրանց ճակատագիրը։ Մի՞թե որեւէ մեկին դա չի հուզում»,- իր վրդովմունքն արտահայտեց զրուցակիցս։
Կրիվոպուսկովի խոսքով, երբ խոսում են առաջին, երկրորդ ցեղասպանության մասին, մոռանում են կամ էլ չգիտեն 1920 թվականի Շուշիում տեղի ունեցած ցեղասպանության մասին։ Ռուս մեծանուն գրող Օսիպ Մանդելշտամը 1932 թ գրել է «Ֆայտոնչին» բանաստեղծությունը, որտեղ նկարագրել է Շուշին 1920թ. հայերի ջարդերից տարիներ անց։
«…Ես Ղարաբաղը տեսա լեռնային,
Տեսա գիշատիչ Շուշի քաղաքը,
Ուր ճաշակեցի սարսափներ մահի -
Հոգուս խռովքին համանվագ:
Քառասուն հազար մեռյալ լուսամուտ,
Ակնախոռոչներ մութ, սնամեջ.
Դառը տքնանքի բոժոժը հմուտ
Թաղված էր այնտեղ` լեռների մեջ… (թարգմ.՝ Հրաչյա Բեյլերյանի)
«Մանդելշտամը 10 տարի անց այցելելով Շուշի, ցնցված է եղել, դեռ զգացել է այրված մարմինների հոտը։ Այսօր Իլհամ Ալիեւը Շուշին հայտարարել է իրենց մշակութային մայրաքաղաքը։ Միթե սա չի կանգնեցնում, սթափեցնում առաջին հերթին հայերին։ Ալիեւին որեւէ բան չի կանգնենցում, իր առաջադրանքն է վերացնել հայերին Լեռնային Ղարաբաղից, որպեսզի ազատ տարածք լինի Թուրքիայի, Էրդողանի համար, իսկ ամերիկացիների համար՝ հասանելիություն Իրանին»,-ասաց Կրիվոպուսկովը։
Աշխարհաքաղաքական զարգացումները հասկանալու համար պետք է լավ իմանալ պատմությունը։ Դա թույլ է տալիս ճիշտ կողմնորոշվել եւ գնահատել իրավիճակը։ «Մարդիկ, որոնք չգիտեն իրենց պատմությունը մանկուրտ են։ Հայաստանի, հայերի մասին գրել է դեռեւս Հերոդոտոսը մ․թ․ա․ 5-րդ դարում, մինչդեռ դարեր շարունակ «ադրբեջանցի» բառը չի էլ եղել, այն Ստալինի նվեր է եւ առաջին անգամ գրվել է 1936 թ-ի Սահմանադրության մեջ։ Այս ամենը պետք է իմանալ։ Պատմությունն է վկայում է այդ մասին»,- շեշտեց զրուցակիցս՝ նշելով, որ միջանձնային հարաբերություններում բարեկամությունն ու համագործակցությունը չի կառավարվում պետության կողմից, առավել եւս տվյալ ժամանակի իշխանության քմահաճույքով, այլ մարդկանցով եւ մենք այնպես պետք է անենք, որ մարդիկ իմանան իրենց պատմությունը, ինչպես նաեւ ռուսներն էլ իմանան, որ Արցախի ազատագրման համար հազարավոր ռուս զինվորներ են կռվել եւ զոհվել։ Կրիվոպուսկովը վտանգավոր է համարում Լաչինի փոխարեն Աղդամի միջանցք բացելու առաջարկը․ «Պետք է Լաչինի միջանցքը պահպանել եւ զարգացնել, այլ ոչ թե ստեղծել հնարված միջանցքներ։ Սա ցեղասպանական սկզբունք է։ Իլհամ Ալիեւի կողմից այսօր խեղաթյուրվում է պատմությունը, իրականությունը։ Ներկայումս այդ քաղաքականությանը տրվող գնահատականները համարժեք չեն, այդ թվում՝ ՌԴ-ի կողմից»։
Խոսելով հետագա քայլերի եւ անելիքների մասին, Վիկտոր Կրիվոպուսկովը նշեց, որ թեեւ տեղի ունեցածը տխրեցրել է, սակայն այն աջակցությունը, որը ցուցաբերել են զանգվածային լրատվամիջոցները, բլոգոսֆերան եւ հատկապես՝ հայկական, ի պատասխան Հայաստանի կառավարության քայլին, շատ բան է փոխում։ Ռուսաստանի ղեկավարությունը նույնպես իրատեսական դիրքորոշում է ցուցաբերել եւ բողոքի նոտա է ուղղել Հայաստանի կառավարությանը, կոշտ պահանջ դնելով բացատրել արտաքսման հանգամանքը։ Անարդարությանն անդրադարձել է եղել ե՛ւ ՌԴ ԱԳՆ խոսնակի բրիֆինգի ժամանակ եւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կողմից։ «Մենք պետք է շարունակենք աշխատել, մեր գործն արդար է։ Հայերի եւ ռուսների միջեւ բարեկամությունը ոչինչ եւ որեւէ մեկը չի կարող քանդել, եթե մենք ինքներս դա չանենք, իսկ մենք դա չենք ուզում։ Մենք շարունակելու ենք առաջ տանել հայ ժողովրդի շահերը, ներկայացնել պատմությունը, մշակույթը, իրականացնելու ենք հումանիտար աշխատանք»,- ամփոփեց Վիկտոր Կրիվոպուսկովը։