Image

Փրկության բանալին վերցնե՛լ է պետք

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ առավոտյան 07․50-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ կրակ են բացել, որի հետեւանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Սա է իրականությունը «խաղաղության օրակարգի» մասին, խաղաղություն, որը հայից խլում են եւ նվիրում կովկասյան թաթարների մնացուկներին։ Սա այն խաղաղությունն է, որն ընդունելի է նավթն ու գազը մարդկային կյանքին ստորադասող միջազգային դերակատարների համար։ Սա այն խաղաղությունն է, որն իբր նվիրեցին մեզ հայկական տարածքները թշնամուն հանձնելու դիմաց, թույլ տվեցին ադրբեջանական ահաբեկչական խմբավորումներին ներթափանցել եւ ամրանալ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մեր երկիրը նմանվեց դուռն ու լուսամուտը ջարդած տան, որտեղ ով ինչ ուզում անում է, քանի որ իրական տանտերը դեռ չի ընդդիմանում։

Զոհ ունենալը դարձել է հերթական իրադարձությունը, որի մասին կարդում ենք լրահոսում եւ անցնում առաջ։ Ցավոք, ինչպես եւ սպասելի էր վերջին շրջանում, հասարակությունն ընդամենը մեկ-երկու օր վրդովվեց, հետաքրքրվեց նաեւ թշնամու կողմից առեւանգված երեք երիտասարդների ճակատագրով։ Այդ մտքի հետ էլ հաշտվեց։ Ընտելացավ կաթիլ առ կաթիլ մեր արյունը քամելու ցավին։ Թշնամին հաշվենկատ է, լավ գիտի մեր թույլ եւ ուժեղ կողմերը, մեզա՛նից լավ գիտի, դրա համար արդյունքի է հասնում։

Մանուկ հասակից մեզ ընտելացրել են այն մտքին, որ խաղաղությունից կարեւոր բան չկա, «ինչ ուզում է թող լինի, միայն թե խաղաղություն լինի»։ Աղոթքի պես կրկնում ենք, մինչդեռ մեզ չեն զգուշացնում, որ խաղաղությունն արժանապատվության եւ ուժի վրա է հենվում։ Ստրկացված, ստորացված, մտքով եւ հոգով խեղված մարդը, ժողովուրդը չի կարող խաղաղություն վաստակել, չի կարող խաղաղության մեջ ապրել։ Այդպիսիք՝ մանրադրամ են այլոց խաղաղությունը կառուցելու ճանապարհին։

«Կայ Մեծ Չարիքը, որ ճակատ է յարդարել հայութեան դէմ, եւ որ մահուամբ կը սպառնայ մեզ։ Չկայ, սակայն, իր ամբողջութեան մէջ կազմակերպուած, յաղթաշունչ, չարիքը դիմագրաւելու պատրաստ եւ կարող հայութիւնը։ Մեր շուրջն ազգերը – մեծ թէ փոքր – տենդօրէն զինւում, պատրաստւում են հաւանական վտանգի դէմ, առանց հարցնելու` ո՞վ է թշնամիս, ո՞ւր է թշնամիս։ Զրահներ է, որ փոխում են նրանք, առանց մի օր իսկ անզէն մնալու։ Իսկ մե՞նք։ Մօտալուտ վտանգի հանդէպ մենք միայն անզօր ճիչեր ենք արձակում, - ճիչը սարսափի ու շուարումի մատնուած անզօր զոհի եւ ոչ թէ ահազանգը կռուի պատրաստ ռազմիկի։ Թմբկահարել գալիք վտանգի մասին եւ ոչինչ չանել ժամանակին այն չէզոքացնելու կամ կասեցնելու եւ կամ նրա հարուածը մեղմելու համար, կը մնայ ամենահայկականը հայ յատկութիւններից»,- գրում է Գարեգին Նժդեհը («Յիշի՛ր պատերազմը»)։

Նույնն այսօր է, երբ զենք վերցնելու եւ սեփական գոյությունն ու հայրենիքը պաշտպանելու բնական պահանջը փորձում են ներկայացնել որպես ագրեսիայի դրսեւորում, գերռազմականացման վտանգ։ Հային զինաթափում, թուրքին ու կովկասյան թաթարին՝ զինում։ Արդյունքում մեզ հայրենազրկում են, դարձնում թափառական՝ համոզելով, թե ընտրությունը երկու ճանապարհի միջեւ պիտի տեսնենք՝ օտարության կամ կապիտուլյացիայի։ Իսկ իրականությունը թողարկվում է, թաքցվում է այն պարզ ճշմարտությունը, որ հայրենազուրկ, օտարականի ցուպը ձեռքին երկրից երկիր շրջողը ո՛չ խաղաղություն կգտնի, ո՛չ հանգստություն, ո՛չ էլ ապագա։ Իրավիճակը եւ մեջքը շտկելու բանալին էլ է Նժդեհը տալիս՝ «ռազմարվեստ, ցեղային ինքնաճանաչություն եւ ցեղային բարոյական»։ 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։