Թշնամին զինվում է, մենք եւս պարտավո՛ր ենք
Երբ երեկ գրել էի, թե՝ «տեւակա՞ն խաղաղություն ենք ուզում, սա՛ է ճանապարհը՝ ատե՛լ, զինվե՛լ ու սատկացնե՛լ թշնամուն, որից հետո կրկին զինվել՝ կրկի՛ն ատելու եւ կրկի՛ն սատկացնելու համար», շատ զանգեր ու հաղորդագրութուններ ստացա՝ «չճկվող գրիչ» ունենալու եւ «ճիշտն առաջ տանելու» համար։ Բայց զանգերից մեկն ուղղակի մեղադրանք ներկայացրեց «պատերազմ հրահրելու» մեջ՝ նշելով «մեղքս»․ այն է՝ խաղաղությանը չեմ հավատում։ Բնականաբար՝ փորձեցի բացատրել, որ հավատում եմ խաղաղությանը ու ցանկանում եմ խաղաղություն, բայց ՀՀ-ի բռնած անատամ ուղին իրականում լայնածավալ պատերազմի է հանգեցնելու, մինչդեռ իրական խաղաղության հասնելու ճանապարհները կան։ Իսկ, այո, այն խաղաղությունը, որ այսօր ՀՀ-ն է քարոզում, կեղծ է։ Առանց զինվելու խաղաղություն չի՛ լինելու։
Վստահ լինելով, որ կեղծ խաղաղությանը շատերն են հավատում, մի փոքր բացենք փակագծերը։
Ե՛վ այսօրվա ե՛ւ վաղվա Թուրքիայի միսն ու արյունը բոզկուրտներն են՝ «Գորշ գայլերը»։ Սա թուրքական ահաբեկչական կառույց է, իրենք իրենց անվանում են ազգայնական։ Ինչը, իհարկե, սխալ է, որովհետեւ նախ՝ ազգայնականներ ունենում են ազգերը, իսկ թուրքական ցեղախմբի կառուցվածքը հայտնի է, եւ հետո՝ ազգայնականները ահաբեկիչներ չեն լինում։ Մինչդեռ մեր հողերի վրա ստեղծված Թուրքիա կոչվող պետական միավորումն ինքը իրականում մի մեծ ահաբեկչական կառույց է։ «Գորշ գայլերը» շովինիստներ են՝ «ազգ»այնամոլներ։ Քանի որ «ազգ» բաղադրիչը թուրքի պարագայում կիրառելը սխալ է, ուստի՝ «գործ գայլերը» պարզապես մոլագարներ են, ովքեր հավատարիմ են պանթուրքիզմի եւ նեոֆաշիզմի գաղափարախոսությանը, հնչեցնում են թյուրքական տեսակի գերազանցության թեզերը։ Թուրքական ղեկավարությունն ինքը ահաբեկչությամբ է զբաղված աշխարհում եւ տարածաշրջանում, դա չի էլ թաքցնում՝ մշտապես «Գորշ գայլերի» նշանը ցույց տալով։ Էրդողանը դա միշտ է հաճույքով արել։ Նրա ընդդիմադիրներն էլ հետ չեն մնում։
Նկատենք, որ «Գորշ գայլերի» նշանը միայն մոլագարների նպատակների նշանը չէ, այլեւ՝ Թուրքիայում փոքրամասնություն համարվողների եւ հատկապես հայ ժողովրդի հանդեպ ատելության մարմնացումի խորհրդանիշն է։ Չմոռանանք, թե Էրդողանն ինչ էր ասել 44-օրյայի ժամանակ. «Թուրքիան այս պատերազմին մասնակցում է երիտթուրքերի 1915-ին կիսատ թողած գործը վերջնական ավարտին հասցնելու համար»։ Թուրքիան ոչ միայն մասնակցել է 44-օրյային՝ աջակցելով ադրբեջանցիներին, այլեւ ներգրավել է ահաբեկիչների։ «Գորշ գայլերը» շարունակություն են ունենալու։ Դա ապացուցում է 2014 թ. մի դեպք։ Թուրքիայում աշակերտներին պլանշետներ էին բաժանում, եւ մասնակցում էր այն ժամանակվա վարչապետ Էրդողանը։ «Fox» հեռուստաընկերության տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է դահլիճի հետեւի շարքերում նստած 14-15-ամյա մի աշակերտ պարզում «Գորշ գայլերի» նշանը։ Դա հաճույքով գրավել էր Էրդողանին։
Հիմա՝ ի՞նչ է իրականում «Գորշ գայլերը»։ Թուրք «ազգ»այնականների լեգենդար համարվող առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշը 1969 թ. Ադանայում տեղի ունեցած կոնգրեսով հայտարարել է «ազգ»այնական ուժերը միավորող նոր կուսակցության մասին՝ MHP, իսկ ինքն ընտրվել այդ կուսակցության առաջնորդ։ «Ազգ»այնականները քաղաքական պայքարում հաջողություն չունենալով՝ 1968-ին սկսեցին բացել «Կոմանդոսների» ճամբարներ, որոնցում պատրաստություն անցածները համալրեցին «ազգ»այնական-իդեալիստների շարքերը։ Հասարակական բողոքներից հետո այդ ճամբարներն ավելի ուշ կոչվեցին «Գորշ գայլեր» կամ «Իդեալիստներ»։
«Գորշ գայլերի» նշանի իմաստը, նույն այս Թյուրքեշի մեկնաբանմամբ, սա է. «Ճկույթը թուրքն է, ցուցամատը՝ իսլամը։ Այդ շարժումն անելու ժամանակ մատների արանքում ազատ տարածություն է մնում, որն էլ աշխարհն է, իսկ բթի, մատնեմատի եւ միջնամատի միացված կետն էլ կնիքն է։ Այսինքն՝ «Գորշ գայլերի» նշանը ցույց է տալիս՝ թուրք-իսլամական կնիքը դնում ենք աշխարհի վրա»։
Այս «Գորշ գայլերը» բազմաթիվ ահաբեկչական գործողություններ է արել աշխարհում։ 2022 թ. դեկտեմբերին Բերձորի միջանցքը փակած, իբր ադրբեջանական էկոակտիվիստները «Գորշ գայլերի» նշաններն էին ցույց տալիս։ «Գորշ գայլերի» վտանգն աշխարհում կարծես բավականաչափ իրական չի ընկալվում կամ միտումնավոր լռության է մատնվում։
Լռողները, բնականաբար, չեն խոսում այն մասին, որ «Գորշ գայլերի» գաղափարախոսությունը անդրադառնում է պանթուրանիզմին, որն ուղղակիորեն վերաբերում է, ասենք, Ռուսաստանին։ Պանթուրանիզմի գաղափարը «Մեծ Թուրանն» է՝ Ադրիատիկից մինչեւ Խաղաղ օվկիանոս, կայսրություն, որը կմիավորի ոչ միայն թյուրքական, այլեւ ույղուրա-ֆիննական ժողովուրդներին:
Հայաստանն ու Արցախը «գորշ գայլային» քաղաքականության համար ոսկոր են, ուստի Թուրքիան ամեն գնով օգնելու է տարածաշրձանային իր փշրտուքին՝ Ադրբեջանին, հայկական հարցը վերջնականապես փակելու համար։ Օգնության է գալիս Իսրայելը, որ մեծ քանակաությամբ զենք է մատակարարում Ադրբեջանին։ Այս մասին դեռ այս տարվա ապրիլին հաղորդել էր իսրայելական հեռուսալիքներից մեկը (13-րդ հեռուստաալիք)՝ խոսելով «երկու երկրների միջեւ ընդհանուր սպառնալիքի մասին» եւ բացատրվում էր, որ Իսրայելը զենք է մատակարարել Ադրբեջանին 2020 թ. պատերազմի օրերին, մատակարարում է հիմա, որովհետեւ Իրանի դեմ առճակատման ժամանակ Իսրայելն ակնկալում է ստանալ Ադրբեջանի աջակցությունը։ Տեքստը եթե դիվանագիտական լեզվից վերածենք «սովորականի», ապա Ադրբեջանը պարտավոր է լինելու կանգնել Իսրայելի կողքին ընդդեմ Իրանի եւ դրա համար է 44-օրյային զենքեր ստացել։
Ընդամենը մեկ ապացույց։ 2020 թ. նոյեմբերի 5-ին BBC-ն (գործակալության ռուսական ծառայությունը) ռեպորտաժ էր թողարկել, թե ինչու է Իսրայելն այդքան սերտ կապված Ադրբեջանի հետ, եւ ինչպիսին են նրա հարաբերությունները Հայաստանի հետ։ Նշվել էր, որ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ Ադրբեջանի զենքի 60 տոկոսը գնվում է իսրայելական ընկերություններից, իսկ վերջին 5 տարիների ընթացքում երկու երկրների միջեւ զենքի առեւտուրը գերազանցել է 740 միլիոն դոլարը։ Իսրայելն ինքը զենքի արտահանման վերաբերյալ տվյալներ չի հրապարակում։
Մեկ այլ փաստ բոլոր այն «միամիտների» համար, ովքեր կարծում են, թե աշխարհը խաղաղության է պատրաստվում, մենք էլ աշխարհի մի մասնիկն ենք։
Ռազմական ահաբեկիչ Թուրքիան հստակ զարկ է տալիս ռազմարդյունաբերությանը։ ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2023 թ. զեկույցը։ Համաձայն այդ զեկույցի՝ աշխարհի թիվ մեկ բանակը պատկանում է ԱՄՆ-ին: Հզորագույն եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի եւ Չինաստանի բանակները։ Առաջատար տասնյակում կան ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկիր՝ Ֆրանսիան (9-րդ տեղ), Մեծ Բրիտանիան (5-րդ տեղ), Իտալիան (10-րդ տեղ) եւն։ Թուրքական բանակը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը` 2022-ի համեմատ բարելավելով իր դիրքը 2 հորիզոնականով։ Իրանի Իսլամական Հանրապետության զինուժն այս տարի զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։ Նշվում է, որ վարկանիշային սանդղակում ներառված չէ երկրների միջուկային հզորության գործոնը։ Ռազմական հզորության առաջին տասնյակի 4-րդ տեղում Հնդկաստանն է, 5-րդում՝ Միացյալ Թագավորությունը, 6-րդում՝ Հարավային Կորեան, 7-րդում՝ Պակիստանը, 8-րդում՝ Ճապոնիան։ Հաջորդում են Ֆրանսիան եւ Իտալիան։ Զենքի արտահանման ծավալներով Թուրքիան աշխարհում 12-րդ տեղում է։
Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ 2018-2022 թթ. ԱՄՆ-ն 7 անգամ մեծացրել է զենքի արտահանման ծավալները՝ հասցնելով 40 տոկոսի։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որին հաջորդում են Ֆրանսիան, Չինաստանը, Գերմանիան։ Այս ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ ավելացնելով զենքի արտահանման ծավալները 69 տոկոսով։ Թուրքիայի արտահանման ցուցակում ծավալներով առաջին տեղում Կատարն է՝ մոտ 20 տոկոս, այնուհետեւ ԱՄԷ-ն՝ 17 տոկոս, եւ Հորդանանը՝ 13 տոկոս։ Զենքի ներկրման ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 19-րդ տեղն աշխարհում։ Առաջին տեղում է Հնդկաստանը, երկրորդ տեղում՝ Սաուդյան Արաբիան, իսկ եռյակը եզրափակում է Կատարը։
Թուրքիան նաեւ, այսպես ասենք, դրոնային քաղաքականություն է սկսել։ Դեռ նախորդ տարի աշնանը թուրքական «Baykar Makina» ընկերությունը հայտարարել էր, որ ընկերության եկամուտների գերակշիռ մասն ԱԹՍ-ների արտահանման բաժինն է, «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ գնող 24 երկրի հետ գործակցում են։ Ինչպես Թուրքիան հասավ այս արդյունքին (որակական եւ մատչելիության համատեղում), սա քննարկման այլ թեմա է։ Փաստն այն է, որ Թուրքիան դրոնային քաղաքականությունն օգտագործում է տարբեր երկրների հետ ե՛ւ ֆինանսական, ե՛ւ քաղաքական առումով շահավետ հարաբերություններ ստեղծելու համար։ Դժվար չէ հասկանալ, որ այս շահավետություն ասվածը ենթադրում է նաեւ տվյալ երկրների միջոցով թուրքական օրակարգի ներկայացում եւն։
«Խաղաղություն» ուզող Ադրբեջանը այս տարի իր ռազմական բյուջեն ավելացրել է 4.6 տոկոսով` 2022 թ. համեմատ։ Ադրբեջանի հովանավոր Թուրքիան էլ ռեկորդային է գործել։ Դեռ նախորդ տարի «Voice of Turkey» լրատվական պորտալը գրեց, որ Թուրքիայի ռազմական ծախսերը 469 մլրդ լիրայի կհասնեն (հատելով 25 մլրդ դոլարի սահմանագիծը)։ Մինչ այս Թուրքիայի ռազմական ծախսերն ամենաշատը եղել են 2019 թ.՝ 20.6 մլրդ դոլար։ Նախատեսվում է մինչեւ 2024-2027 թթ. ռազմական բյուջեն հասցնել 30 միլիարդ դոլարի։
Թե ինչ շահեր ունի Մեծ Բրիտանիան մեր տարածաշրջանում (ու ոչ միայն), գիտենք։ Նա էլ է զինվում։ Վարչապետ Սունակի գրասենյակն ընդգծել է, որ երկարաժամկետ հեռանկարում Մեծ Բրիտանիան ցանկանում է իր ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2,5 տոկոսի (ներկայումս 2 տոկոսից մի փոքր ավելի): Նշվում է, որ 2025 թ. հետո պաշտպանության բյուջեն կվերանայվի հետագա աճի ուղղությամբ՝ առկայության դեպքում։ Բրիտանական ռազմական բյուջեն կազմում է տարեկան 48,6 միլիարդ ֆունտ (58,4 միլիարդ դոլար): Ավելի վաղ տեղական թերթերը հայտնել էին, որ բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետը սպառնացել է հրաժարական տալ, եթե Թագավորության պաշտպանության նախարարությունը չհասնի բանակի ֆինանսավորման ավելացմանը՝ անվտանգության աճող սպառնալիքների ֆոնին։
Ըստ SIPRI-ի (Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտ)՝ Իսրայելի մատակարարումները գլխավորապես արվել են 2016-2020 թթ.։ Այս ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմական դոնորն Իսրայելն է եղել։ Ինստիտուտը նշում է, որ չնայած բաց աղբյուրներում բավականաչափ տեղեկություն կա Ադրբեջանի կողմից իսրայելական կոնկրետ զինատեսակների ձեռքբերման մասին, իրականում քիչ բան է հայտնի փաստացի առաքված զենքի քանակի մասին:
Վերջին օրերին Իսրայելից կրկին զենք է մատակարարվում Ադրբեջանին։ Եթե կարծում ենք, թե Ադրբեջանն այս զենքը ստանում է Հայաստանի կամ տարածաշրջանի հետ խաղաղության գնալու համար, ուրեմն․․․
Ուրեմն՝ տկարամիտ ապուշներ են այդպես մտածողները։ Բայց մենք չենք կարող մեր երկրի ճակատագիրը թողնել սակավամիտների հույսին։ Վերջապես հասկանանք՝ խաղաղություն չի լինելու, որովհետեւ թշնամին բացահայտ հայտարարում է մեր վերջնական կործանման իր ցանկության մասին։ Իսկ այս իրավիճակում մեզ այլ բան չի մնում, քան զինվելը։ Ինչպես, ումից, ում միջոցով, ինչ գումարներով․ սա քննարկման այլ թեմա է, որին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք։
Իբրեւ վերջաբան։ Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» շատ եմ սիրում․ տեղ-տեղ այնքա՜ն բնութագրական է։ Գրողն ասում է՝ հայը «դանդալոշ է եւ խոնարհ՝ իր Սասունցի Դաւթի նման», բայց եւ՝ «անսպասելի ըմբոստ, հարւածող՝ նրա պես»։ Ուզո՞ւմ ենք փոխել մեր երկրի վիճակը՝ վերջ տանք դանդալոշությանն ու անցնենք մեր հաջորդ կերպարին։