Image

Խրախճանքներ ու սիրո առաքումներ, իսկ վաղը․․․ պատերազմ  էր

Առաջ պոռալով ետ-ետ կերթանք․ մեր մեծ երգիծաբանի մշտարդիական փիլիսոփայությունն է։ Իսկը մեր այսօրվա նկարագրությունը, երբ աննախադեպ աճերի մասին գոռալով՝ աննախադեպ հետաճեր ենք արձանագրում բոլոր ոլորտներում՝ կրթականից սկսած մինչեւ անվտանգություն։ Պաշտոնական թվերն, իհարկե, այլ բան են ասում, բայց իրականությունը խոսուն է։

Օդում կախված լուրեր չեն, հստակ տեղեկություն է՝ Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են հարձակվել Հայաստանի վրա։ Ու խոսքը սադրիչ գործողության մասին չէ, այլ՝ լայնածավալ հարձակման, այն է՝ պատերազմի։ Սրա մասին ահազանգում են թուրքագետները, ռազմական փորձագետները․․․, որովհետեւ տեսնում են թշնամու նախապատրաստական աշխատանքները, զինտեխնիկայի եւ զինուժի կուտակումները։ Եթե հաշվի առնենք նաեւ, որ թշնամին 2020թ․ հետո ՀՀ-ի ներսում է, ապա դժվար չի լինի պատկերացնել, թե ինչքան բարդ ու վտանգավոր իրավիճակ է մեզ համար։

Հուսալ (շատ ենք չէ՞ սիրում գործողության փոխարեն հույս տածել), թե ՀՀ-ի ներկայիս արտաքին քաղաքականությունը մեզ աջակցություն կբերի, նշանակում է անտառում հավատալ, թե գայլն ախորժակը կզսպի ու չի ուտի նապաստակին։ Ռուսամետները հույսը Մոսկվայի հետ կկապեն, արեւմտամետները՝ Փարիզի, Բրյուսելի կամ Վաշինգտոնի։ Դե այնպես, ինչպես Բերձորի միջանցքը վերաբացելու մասով են կապում՝ «մոռանալով», որ կենտրոնների միակ գործը կոչ անելն է։

Իսկ թշնամին թե՛ իր ներքին եւ թե՛ մեր լսարանի համար թեզեր է գցում, քարոզչական հսկայածավալ արշավ է սկսել։ Երեկ թուրքագետ Վարուժան Գեղամյանը նշել էր, թե «բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը եւ Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ»։ Եվ բացատրել էր, որ՝ «1․ այս պահին թուրք-ադրբեջանական նախապատրաստվող լայնամասշտաբ հարձակման մասին են վկայում ռազմական տեխնիկայի եւ զորքի ահռելի կուտակումները Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզի սահմանների երկայնքով, գրեթե ամենօրյա դարձած կրակոցները, Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը եւ քարոզչական նախապատրաստությունը, Ադրբեջանում պահեստազորի հավաքը եւ այլն։ 2․ Եթե հարձակումը լինի, ապա այս անգամ այն լինելու է նաեւ Նախիջեւանի կողմից՝ թիրախավորելով Երասխից մինչեւ Սյունիքի հարավային ծայրամաս ընկած հատվածը։ Ակնհայտ է, որ այդ ուղղությամբ թշնամին մեծ նախապատրաստություն է տեսնում։ Հնարավոր է, որ այս հարցում Թուրքիան ներգրավված լինի ոչ միայն համակարգողի դերում, այլեւ ուղիղ (քողարկված) մասնակցի կրակին։ 3․ Հարձակման դեպքում թուրք-ադրբեջանական զորքերի առջեւ խնդիր է դրված լինելու ոչ միայն Հայաստանում լիարժեք պանիկա ստեղծել եւ դրդել անվերապահ հանձնվելուն՝ բոլոր պայմաններով (ինչին պատրաստ սպասում են ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը՝ անհրաժեշտ նոր զիջումներն անելու համար), այլեւ փորձ է լինելու կտրել Հայաստանի Հանրապետության հյուսիսը հարավից։ Խոսքը Ջերմուկ-Վայք գծով այս պահին ՀՀ ամենաբարակ հատվածի մասին է, որի լայնությունը չի գերազանցում 30 կմ-ն։ Այդպիսի հեռավորությունը կտրելու համար Թուրքիայի եւ Ադրբեջանի զորքերին անհրաժեշտ է մի քանի ժամ»։

Թշնամուն մեղադրել, որ օգտվում է եւ օգտվելու է իր համար բարենպաստ ժամանակաշրջանից, կնշանակի հիմար լինել։ Իսկ ինչու՞ պետք է չօգտվի, ինչու՞ պետք է ձեռքից բաց թողնի հնարավորությունը։ Թշնամին թշնամություն անելու համար է։

Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Հարցի պատասխանը այլ կերպ հնչեցնենք։ Թշնամու այսօրվա պահվածքի պատճառը 2020-ից հետո մեր՝ ուժերը չմոբիլիզացնելու հետեւանքն է։ Մեր ներուժը՝ ֆինանսական, մարդկային, զինական, թիկունքային, կենտրոնացնելու փոխարեն ցրիվ ենք տվել։ Համերգներ ու փառատոներ ենք կազմակերպում, տեղ-տեղ ասֆալտ փռում, սալաքարերը հանում-նորը դնում եւն։ Ամեն ինչ, բացի թշնամու դեմն առնելուց։

Շատերը կհարցնեն՝ ինչու՞ ենք ասում՝ «մենք», չէ՞ որ ես, դու, նա, երկիրը սիրող տեսա՛կը չի փոշիացնում մեր ուժը, այլ՝ ՀՀ-ի ղեկը փաստացի բռնածները։

«Մենք» ենք ասում, որովհետեւ ես, դու, նա, երկիրը սիրող տեսա՛կը փաստացի չի կարողանում ղեկը վերցնել դրանց ձեռքից։ Չսիրող տեսակը այսպես թե այնպես դա չի անելու։ Իսկ ղեկը բռնածները թշնամու դեմն առնելու ցանկություն չունեն։ Այո՛, հենց ցանկություն, անշուշտ, իրենց կրթական, իմացական, փորձի գործոնն էլ մյուս կողմից։ Ստացվում է՝ ոչ ցանկություն ունեն, ոչ կարողություն։

Երկրի հարցերից դուրս ամեն ինչի կարողություն կա։ Օրինակ՝ հին ասֆալտը քանդելու, նորը՝ հնից վատորակ, փռելու կարողություն։ Մեկ տարի առաջ մրցույթ հայտարարելու, դասագրքերը չտպելու, բայց գրախանութներում վաճառելու կարողություն։ Ներգաղթային քաղաքականությունը մտածված սխալ տանելու (ի վնաս Հայաստանի) կարողություն։ Տնտեսական անվտանգությունը վտանգելու կարողություն։ Սոցիալական վիճակն անտանելի դարձնելու կարողություն։ Եվ այս ամենը էժանագին տեսարաններով ծածկելու, ժողովրդի զգոնությունը բթացնելու հմտություն։

Այս ասածի օրինակն էլ բերենք․ 2020-ից հետո պատերազմն այդպես էլ չավարտվեց, հիմա նորի շեմին ենք, եւ այս իրավիճակում միլիոններ ծախսելու եւ ինչ-որ ռեփերի Հայաստան բերելու կարողություն ունեն։ Լավ մշակված կեղտոտ քաղտեխնոլոգիաներ կիրառելու կարողություն նույնպես ունեն․ այս ռեփերը, որ դատելով համացանցային տվյալներից, թմրամոլ է եւ թմրամոլության քարոզ է տանում, իր «սերն է ուղարկում Հայաստանում, Արցախում եւ ամբողջ աշխարհում ապրող հայերին»։ Եվ համերգի բացումն ո՞վ է անելու՝ արցախցի ռեփեր Լյոկան։ Իսկը քամյուական ժանտախտային տեսարան։ Ժանտախտի ժամանակ համերգ գնացողին ի՜նչ է պետք, որ իրեն «սեր ուղարկեն»։ Արդի հայերենով ասած՝ «ստի թե էդ նարկոշը Հայաստանի ու Արցախի տեղը գիտի»։ Ու որպեսզի Արցախի գործոնը մեջբերելու պահը չլինի, արցախցի ռեփերին համերգի բացող են դրել։

Լավ մշակված, կեղտոտ, բայց պարզունակ սցենար։

Ուրեմն՝ Հայաստանը դատապարտվա՞ծ է։ Հաճախ ենք ասում՝ ո՛չ, եւ ցույց ենք տալիս իրավիճակից դուրս գալու ուղիները։ Այս անգամ ուղին թող թուրքագետը նշի․ «Հայաստանը դատապարտված չէ, եւ կա հնարավորություն սրա դեմն առնելու։ Դրա համար առաջին անհրաժեշտ քայլը ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հեռացումն է։ Միայն այս պարագայում մեր բոլորի գործադրած ջանքերը՝ խրամատից մինչեւ տեղեկատվական դաշտ, կլինեն արդյունավետ։ Մնացածը՝ ինքնախաբեություն է»։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։