Image

Ուժի սպառնալիքը քաղաքական բանակցությունների գործիք չէ

Արցախի և Հայաստանի շուրջ ռազմաքաղաքական վիճակը լարվածության բարձր աստիճանի է հասել, որի պատճառը պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական կեցվածքն է, ինչն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքով: Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցում իր գործողությունները հիմնավորում է նրանով, որ Լաչինի միջանցքի սկզբնամասում կանգնած և Արցախ տեղափոխվելու սպասող հումանիտար բեռներն անհարգալից վերաբերմունք է իր երկրի տարածքային ամբողջականության հանդեպ:

44-օրյա պատերազմից հետո ամիսներ շարունակ Լաչինի միջանցքով մարդկանց և հումանիտար բեռների տեղաշարժն ազատ է եղել, մինչև Հաքարի կամրջին ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրումը: Արդեն 10 ամիս լիակատար բլոկդայի  և հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող 120.000 արցախահայությանը սնունդ և դեղորայք տեղափոխելը Բաքուն դիտարկում է  անհարգալից վերբերմունք իր տարածքային ամբողջականության նկատմամբ: Ավելին, ըստ Բաքվի առաջնորդի, այն խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խաղաղ գործընթացը:

Ադրբեջանական կողմի հայտարարություններում հնարավոր չէ հիմնավոր և իրականությանը մոտ դատողություններ նշմարել, իսկ ճշմարտությունն այն է, որ Բաքուն չի ցանկանում որևէ զիջման գնալ Ստեփանակերտի հետ ուղիղ երկխոսություն սկսելու հարցում և հերթական անգամ ցանկանում է իր նպատակներին հասնել ուժի սպառնալիքի միջոցով: Այս ապակառուցողական մոտեցումը պետք է կանխեն բանակցային գործընթացում ներգրավված կողմերը՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՌԴ-ն, եթե իրոք մտահոգված են տարածաշրջանում կայունության պահպանմամբ: Ադրբեջանի նման վարքն իրականում հակասում է քաղաքական բանակցությունների տրամաբանությանը:

Ստացվում է, որ բանակցությունների սեղանին եթե Բաքուն չի հասնում իր նպատակներին, ապա պետք է դիմի ուժի կիրառման սպառնալիքին: Սա նշանակում է, որ Բաքուն նույն գործելաոճով է շարժվելու նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունների ժամանակ, ինչն այդ գործընթացը դուրս կբերի քաղաքական բանակցությունների դասական տրամաբանությունից, ինչն էլ իր հերթին նշանակում է դրական արդյունքի հասնելու հավանականության մինիմալացում: Այլ կերպ ասած՝ բանացությունների իմիտացում: Հայտնի ճշմարտություն է, որ բանակցություններում արդյունքի հասնելու համար թիվ մեկ նախապայմանը փոխզիջումներն են:

Այսօր միջնորդները պետք է ստիպեն ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ արցախցիները միջազգային ձևաչափով Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների ժամանակ անվտանգության երաշխիքներ ստանան: Այս ծայրահեղ ծանր իրավիճակում Ալիևը Բլինքենին նաև համոզում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ չկա, սակայն առողջ տրամաբանությունը հուշում է, որ եթե արցախցիների կենսագործունեության համար անհրաժեշտ ապրանքի և դեղորայքի 90%-ը ներմուծվում էր և նրա միակ ճնապարհն արդեն 10-րդ ամիսն է փակ է, ապա միանշանակ հումանիտար ծանր վիճկ կա:

Ստեղծված իրավիճակում լարված միջավայրի լիցքաթափման միակ ուղին Բաքվին կառուցողական բանակցային դաշտ բերելն է և Ստեփանակերտ-Բաքու կառուցողական երկխոսությունը:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։