Image

Աշխարհաքաղաքակա՛ն, ոչ թե զուտ հումանիտար

«Քաղաքականություն» ասվածի բնութագրման բազմաթիվ ձեւակերպումներ կան՝ դասագրքային, գիտական, ըստ տվյալ պահի խաղի՝ կիրառական կամ տեսական, անհատական սահմանումներ՝ տվյալ անհատի փորձից ելնելով եւն։ Հստակ ձեւակերպում տալ չեմ փորձի․ ոչ քաղաքագետ եմ, ոչ քաղաքական գործիչ, ոչ էլ աշխարհի տերերի հետ գործնական ճաշի եմ նստել։

Այնուամենայնիվ, քաղաքականության ձեւաչափն ինքս ինձ համար պատկերել եմ։ Այն է՝ քաղաքականությունը բարոյականության կրթարան չէ, բայց քաղաքականությունն անպայմանորեն պոռնկություն չի ենթադրում եւ պոռնկանալն էլ պարտադիր պայման չէ։ Քաղաքականությունն, ինչպես առիթով գրել եմ, պինդ ողնաշար ունեցողների եւ լարախաղացների տեղն է, անելանելի իրավիճակներից ելքային լուծումներ գտնելու, անհնարինը հնարավոր սարքելու, թեկուզ մեկ ոտքի վրա կանգած տեղից ոստյուն կատարելու արվեստ է։ Ըստ այդմ, քաղաքականությունում հաջողում են նրանք, ովքեր պինդ ոտքեր ունեն՝ հողի վրա կանգնելու, աչքեր ունեն՝ վերեւ նայելու ու մեծ նպատակներ առաջադրելու, ողնաշար ունեն՝ հավասարակշռություն պահելու համար։ Հետեւաբար, պուճուր մտքերով մանր անողնաշար մարդուկանմանները քաղաքականությունում տեղ չունեն։ Բայց, այո, կարող են ծառայել իբրեւ գործիք։

Մեկ անգամ չէ, որ ասել ենք, թե Բերձորի միջանցքի փակումն ու Արցախի խնդիրը զուտ հումանիտար հարց չէ։ Նշյալ մարդուկանմաններ են բոլոր նրանք, ովքեր հումանիտար ճգնաժամի մակարդակի իջեցրին այս հարցը։ Պատկերն առավել հստակ «ՀՀ թերթ»-ի հետ զրույցում  ներկայացրեց քաղաքագիտության պրոֆեսոր Վահե Դավթյանը։

«Արցախի խնդիրը զուտ որպես հումանիտար հարց ներկայացնելը թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական առումներով սխալ է ու չափազանց վտանգավոր: Դրանով իսկ էապես իջեցվում է խնդրի կարգավիճակը, դրվում աշխարհում առկա բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի շարքում»,-շեշտեց պրոֆեսորը՝ օրինակով բացելով փակագծերը: «Տեսեք,-ասաց նա,- այս պահին Մալիում շուրջ 5 մլն երեխա հումանիտար օգնության կարիք ունի: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համաձայն՝ մինչեւ տարեվերջ նրանցից մոտ 200 հազ.-ը կարող են մահանալ սովից: Երբ համադրում ենք սա Արցախում առկա հումանիտար խնդրի հետ՝ հասկանում ենք, որ գործ ունենք անհամեմատ ավելի բարդ իրավիճակի հետ: Հարցը պետք է դիտարկել միջազգային հանրության, միջազգային ինստիտուտների դիտանկյան տակ: Դրանք անխուսափելիորեն գնահատելու են այս կամ այն երկրում հումանիտար ճգնաժամը ըստ ծավալի: Քանակական մեթոդով: Եվ ըստ այդմ էլ սահմանվելու են առաջնահերթությունները»։

«Նկատելի է, որ Արցախի հարցը հումանիտարի գծին «նստեցրել» են ոչ միայն ՀՀ իշխանության ղեկը փաստացի բռնածները, այլեւ՝ ընդդիմության հատվածից ոմանք։ Անկեղծորեն ասած՝ չենք կարողանում հասկանալ պատճառը»․ «ՀՀ թերթ»-ի դիտարկմանն ի պատասխան Վահե Դավթյանը եզրափակեց․ «Երբ Արցախի խնդիրը իջեցվում է հումանիտար ճգնաժամի մակարդակի ՀՀ «իշխանությունների» կողմից, ապա դա միանգամակայն հասկանալի է՝ հաշվի առնելով վերջիններիս մոտ Արցախի խնդրի հայանպաստ լուծման համար քաղաքական կամքի իսպառ բացակայությունը: Երբ դա անում են Արցախի ճակատագրով անհանգստացող փորձագետներն ու ընդդիմության ներկայացուցիչները, ապա կամ չեն հասկանում, որ հայտնվել են պրոպագանդիստական ծուղակի մեջ, կամ էլ անhասկանալի է՝ որ աստվածներին են ծառայում։ Արցախի խնդիրը հումանիտար չէ, այլ աշխարհաքաղաքական՝ հումանիտար բաղադրիչով»:

Վստահաբար բարդ չէ սա հասկանալը, պարզապես քաղաքական դաշտի մասնակիցները կամ բառացի իմաստով դերակատարները թող իրենք իրենց համար հստակեցնեն՝ մա՞րդ են, թե՞ մարդուկանման։ Հա՛, իրենք իրե՛նց համար հստակեցնեն, որովհետեւ մենք արդե՛ն հստակեցրել ենք․․․

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։