Image

Լռության օրհնանքն ու պարտադրանքը

Ընթերցողներս երբեմն ինձ մեղադրում են ժամանակ առ ժամանակ լռելու մեջ։ Անկեղծորեն ասած՝ չգիտեմ ինչին դա վերագրել՝ մեր իրականության տված ցավի՞ն, դրանից բխող համրացմա՞նը, թե՞ անելանելի վիճակին։ 2020-ից հետո խմբագիրս ինձ հորդորում էր գրել, որովհետեւ դա էր իմ զենքն ու ինձ ուժ տվողը։ Ստիպում էր գրել, որովհետեւ լռելու իրավունք չունեինք․․․ «Լռության օրհնանքն ու պարտադրանքը» 2021թ․ մայիսի 8-ի թվագրությունն ունի, որ ցանկացա վերակրկնել այսօր։

*  *  *

…Տատս, որ քահանայի աղջիկ էր ու ամեն բջջով հավատում էր աստծո անքննելի գործերի ճշմարտացիությանը, երբեք չէր անիծում, միակ արտահայտությունը, որ նրանից լսել եմ նեղ օրերին, սա էր. «Աստված դիվանն էնա» (Աստված տա պատիժը)։ Ասում էր ու թեթեւանում։

Պապս, որ բնապաշտ էր ու սիրում էր անքննելի գործերի քննարկումը, ծիծաղում էր. «Այ էդպես ամեն ինչ աստծո հույսին թողեք»։ Բայց նա էլ չէր անիծում։ Չանիծեց, երբ Երկրորդ համաշխարհայինին մասնակցեց, չանիծեց, երբ գերի ընկավ, չանիծեց, երբ գերի ընկնելու, բայց ողջ մնալու ու փրկվելու հետեւանքով աքսորվեց։ Աշխատեց, ապրեց՝ միշտ պինդ ու աներեր։ Տատս պատմում էր, որ նա երկարատեւ լռեց միայն այն ժամանակ, երբ աքսորավայրում ոմն մեկի սուտ մատնության հետեւանքով ավելի երկար մնաց հայրենիքից հեռու։ Իսկ սուտ մատնություն անողը մի մարդ էր, որի ընտանիքին պապս աքսորավայրում 6 ամիս շարունակ պահել է, մինչեւ անկողնային հիվանդ մատնիչը ոտքի է կանգնել։ Մատնիչի քայլի պատճառով պապս ամիսներ շարունակ լռել է՝ ընդհանրապես չխոսելով այդ մարդու ու նրա սադրանքի մասին։ Մատնիչը հետո դաժանաբար պատժվեց. նրան մատնեց մեկ այլ մատնիչ, նա նորից անկողին ընկավ, ընտանիքը մնաց առանց կերակրողի։ Զավակները լքեցին նրան։ Անտեր շան պես՝ մի պուտ ջրի ու մի կտոր հացի կարոտ, շունչը փչեց։ Տատս ասում էր. «Աստված դիվանն էրեց»։ Պապս այդ ժամանակ չի առարկել, հա, ճիշտ էր տատս, իր լռության ազդակը հասել է տիեզերք ու շրխկացել էդ ապերախտի գլխին։

Լռության ազդակը։ Ցավո՜տ լռության ազդակը, որ անեծքից հզոր էներգիա է պարունակում։ Արդար եւ հուժկու էներգիա։

Հիմա եմ հասկանում, որ պապուս եմ նմանվել։ Ցավից համրանում եմ ու լռում։ Ու էդ անտեր ցավի պատճառով հոգուս տեղը շոշափելիորեն զգում եմ, որ պատերազմից հետո փակվել է, մոլորվել ու մոռացել է թռիչքը։

Պատերազմից հետո Եռաբլուր չեմ գնացել։ Հա՛, վախկոտ եմ, հա՛, էդքան ուժ չունեմ, հա՛, ամաչում եմ… Էդ հզոր տղերքին ո՜նց այցի գնամ՝ իմ վախերո՞վ, իմ համրությա՞մբ, իմ անկարողությա՞մբ։ Ներսումս միայն լռության անեծքն է, բայց դա այլ տեղից է սնվում ու այլ ուղղություն ունի։ Իսկ Եռաբլուրը խնկարկման տեղ է։

Եռաբլուրը երդման տեղ է՝ վրեժի՛ երդման, հայրենիքի վերադարձի՛ երդման, ապրելով՝ «այստեղ հանգչածներին» ապրեցնելու՛ երդման, նրանց գործը շարունակելու՛ երդման։

Պատերազմից հետո Եռաբլուր չեմ գնացել։ Բայց պե՛տք է գնամ։ Որովհետեւ Մայիսյան եռատոնն է… Հա՛, ծանր է, հա՛, բոլորովին այլ զգացողություններ են Արցախի մեծ մասի կորստից հետո, հա՛, ոտքերն անուժ են ու ծանր, բայց պե՛տք է գնամ, որովհետեւ ամեն գիշեր մտովի Ագռավաքարի դուռը ջարդել եմ ու Մհերին ցուցանել խռովքս…

Պե՛տք է գնալ, որովհետեւ թշնամին չպե՛տք է հաղթի։ Որովհետեւ լռության անեծքից զատ դարձյալ շատ կարեւոր մի բան կա՝ լռության օրհնանքն ու պարտադրանքը։ Օրհնանքի էներգիան պիտի տալ տղերքին ու պարտադրանքի էներգիան վերցնել նրանցից։

Լռությա՛ն պարտադրանքի, որ կսիպի չջարդվել, չծնկել, հաղթանակների համը չմոռանալ, նոր հաղթանակների պատրաստվել։

Ու բերե՛լ Հայ ազգի իրավունքի ժամանակը։

Ուրեմն սկսենք՝ փա՜ռք մեր տղերքին՝ վասն գալիք հաղթանակների։

* * *

Հանուն գալիք հաղթանակների մենք պիտի մեր մեջ արթնացնենք ցեղը, որովհետեւ «երբ ցեղն է գործում, գարահիսարցի մի հիւսն դառնում է Անդրանիկ, եւ Սեբաստացի մի շինական` Մուրատ»։ Որովհետեւ «խաղաղութեան ժամանակ գուցէ եւ կարելի է ապրել առանց ցեղակրօնութեան, վտանգի ժամանակ՝ երբե՛ք»: Իսկ վտանգի ժամանակ հիշենք՝ «թուրքը դեռ ծանօթ չէ մեր ցեղի բազկի ուժին: Նա գործ է ունեցել մեր ժողովրդի, բայց ո՛չ ցեղի հետ: Նրա զէնքի յաջողութիւնը սեփական ուժի լիութիւնից չէր, այլ՝ մեր ժողովրդի դիմադրութեան պակասից: Մեր ժողովուրդը իր տկարութեան մէջ, կարող է եւ մոռանալ թրքութեան մեզ հասցրած չարիքները: Ցեղը չի՛ ների․․․  Ցե՛ղն է ժողովրդի հոգեւոր զինարանը: Այնտեղից, նա՛խ այնտեղից առնենք մեր սպառազինութիւնը՝ թրքութեան դէմ» (մեջբերումները՝ Նժդեհից):

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։