Image

Հայաստանի այլընտրանքային անվտանգային համակարգի ձևավորման հեռանկարը կախված է Մոսկվայից

Հայաստանի և իր դե յուրե ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հարաբերություններում վերջին շրջանում լարվածության աճ է նկատվում, որն ավելի շատ առարկայական է, քան ենթակայական: Խնդիրն այն է, որ նորից ադրբեջանական կողմը դիմում է ուժի կիրառման սպառնալիքին, իսկ Հայաստանը, աչքի առաջ ունենալով նախկին դառը փորձը, աջակցության հարցում իր անվտանգային թիվ մեկ համակարգից՝ ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից ակնկալիքներ չունի: Ստեղծված իրավիճակում Երևանը պարտադրված է  աշխատանքներ տանել իր անվտանգությունն ապահովող այլընտրանքային միջոցներ ապահովելու ուղղությամբ, իսկ վերջիններիս ընտրությունը մեծ չէ՝ հավաքական Արևմուտքն է՝ ի դեմս ԵՄ-ի և Միացյալ Նահանգների, երկրորդը՝ Իրանը:

Նրանց միջև Հայաստանի մանևրելու հնարավորությունները բարդ է, քանի որ այդ անվտանգային բոլոր համակարգերը գործնականում միմյանց հակադիր են և դիվանագիտական ուժերի գերագույն լարում է պետք դրանք Հայաստանի անվտանգության համակարգում մեկտեղելու և հավասարակշռելու համար: Այս գործընթացն օրինաչափորեն հանգեցնելու է նաև կողմերի դժգոհոթյուններին: Ստեղծված իրավիճակում սպասելի էր, որ Ռուսաստանը պետք է ծայրահեց նեգատիվ արտահայտվեր Հայաստան-ՆԱՏՕ զորավարժություններին, այն դեպքում, երբ նման համատեղ զորաավրժություններ Հայաստանը սկսել է անցկացնել դեռ 2003 թվականից՝ Հայաստանում ձևավորված խաղաղապահ զորամիավորման կարողությունների և հմտությունների զարգացման համատեքստում: Ավելին՝ նոյն գործընթացների շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններ անցկացրել են ՀԱՊԿ և ԱՊՀ բոլոր երկրները՝ բացառությամբ ՌԴ-ի և Բելառուսի:

Լարված հարաբերությունների ֆոնին՝ Մոսկվան ծայրահեղ բացասական է արձագանքում Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին, որը սկսվել էր մի քանի տարի առաջ և վերջնահանգրվանին հասցենելու անհրաժեշտությունն առաջացել էր ՀՀ սահմանների վրա ադրբեջանական ագրեսիային միջազգային իրավապահ կառույցներից համարժեք իրավական գնահատականներ ստանլու համար: Բացի այդ, հայկական կողմը ռուսականին երշխիքներ էր տվել, որ այնպիսի լուծումներ կտա ստատուտի կիրառմանը, որ ռուսական կողմը որևէ մտահոգություն չի ունենա:

Վերոնշյալ առարկայական հանգամանքներն անտեսելով՝ Մոսկվայից տարբեր մակարդակներով կոշտ հայտարարություններ են ուղղվում Հայաստանի կողմը, ինչի հիմնական պատճառը ուկրաինական հակամարտության ֆոնին՝ Ռուսաստան-Արևմուտք սրված հարաբերություններն են և միմյանցից աշխարհաքաղաքական տարածքներ վերցնելու մրցավազքը: Սակայն ստեղծված թնջուկը քանդելու հնարավորությունն Ռուսաստանն ունի: Վերջինս ընդամենը պետք է Ադրբեջանին հորդորի գալ կառուցողական բանակցությունների դաշտ և հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքից, որպեսզի Հայաստանը պարտադրված չլինի իր անվտանգության այլընտրանքային համակարգերի ինտենսիվ ձևավորման վրա հսկայական ռեսուրս վատնել, այդ թվում՝ անխուսափելիորեն ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հաշվին: Իսկ դրա համար Մոսկվան այդ լծակները Բաքվի վրա ունի՝ միանշանակ: Մյուս կողմից էլ տարածաշրջանում ստատուս քվոն և կայունությունը պահպանելը միանշանակ բխում է ՌԴ-ի ռազմավարական շահերից:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։