Image

Երևանի ավագանու ընտրությունը և Հուդայի մատնությունը

Երեկ Հանրային հեռուստատեսությամբ անցկացվեց  Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի միջև վերջին հեռուստաբանավեճը՝ առաջին համարների կամ նրանց փոխարինողների մասնակցությամբ։ «Գլադիատորական» այդ մրցասպարեզում միակ շահողը եղավ Հանրային հեռուստաընկերությունը, որը հաջողությամբ իրացրեց հեռուստաբանավեճի անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցները: Մնացածը, ինչպես ասում են, ունայնություն էր...

Հետաքրքիր զուգադիպությամբ մասնակիցների թիվը գրեթե այնքան էր, որքան աստվածաշնչյան խորհրդավոր ընթրիքի մասնակիցներինը։ Ըստ այդմ, երևանյան ընտրությունները կարող են նմանվել խորհրդավոր ընթրիքի, թեպետ դրանցում ոչ միայն խորհրդավորություն, այլև աստվածաշնչյան ոչինչ չկա։ Եթե, իհարկե, չհայտնվի ...Հուդան։

Միանշանակ է, որ  ընտրություններին մասնակցող ուժերից որևէ մեկը՝ նախընտրական հեռուստաբանավեճի մասնակիցներից մինչև բանավեճից բացակայողներ, փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, չէ՝ չնայած մեկը մյուսին գերազանցող փրկարարական ծրագրերին։  Մյուս կողմից, այդ քաղաքական ուժերից ոչ մեկը նաև առաքյալ չէ, համենայն դեպս, այդ բառի դրական իմաստով:

Իսկ արդյո՞ք նրանց մեջ է Հուդան կամ նրանցից ո՞վ է լինելու Հուդան։ Սրան կապակցված այլ հարցեր նույնպես կան՝ ո՞վ է 30 արծաթը վճարելու և ի՞նչ նպատակով է դա անելու։ Ինչի՞ համար և ու՞մ է մատնելու Հուդան։

Եթե միանշանակ է, որ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերից ոչ մեկը Քրիստոսը չէ, ապա Հուդայի հարցում, կարծում եմ, ամեն ինչ այդքան հստակ չէ, ընդ որում, Հուդան կարող է լինել ոչ թե մեկը, այլ մի քանիսը, հետևաբար, 30 արծաթն էլ կարող է փոխվել, այսինքն՝ մատնության գինը կթանկանա...

Հիշու՞մ եք՝  <<Երևանն է խոսում։  Ժամը... ն է։ >>։ Սեպտեմբերից 17-ի ժամը 20-ից հետո հետաքրքիր կլինի լսել, թե ինչ է խոսելու Երևանը «Խորհրդավոր ընթրիքի» և Հուդայի մատնության... կներեք՝ Երևանի ավագանու ընտրության և Հուդայի մատնության մասին։

Ի դեպ, սեպտեմբերի 17-ին Խաչվերացի տոնն է, որը հաստատ ազնիվ ու մաքուր երևույթ է, ի տարբերություն ընտրություններ կոչվածի, և ոչ միայն հայաստանյան ընտրությունների։

ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։