Ո՞ւմ մահն է գուժելու զանգը
Սեպտեմբերի 17-ին Խաչվերաց է՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը, իսկ հաջորդ օրը՝ մեռելոց:
Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններ են, իսկ հաջորդ օրը...
Ո՞ւմ մահն է գուժելու զանգը հաջորդ օրը: Ընտրություններին մասնակցող որևէ ուժի քաղաքական հնարավոր մահն ընտրությունների արդյունքում, թերևս, ցավալի չի լինի: Որ քաղաքական ուժի կամ ուժերի մահն էլ գուժի զանգը՝ սեպտեմբերի 18-ի արդյունքները, հասարակությունը հաստատ չի աղոթի նրանց հոգու հանգստության համար, որովհետև կորստի ցավ չի զգա: Ու կապ չունի՝ խոսքը հաղթո՞ղ, թե՞ պարտված ուժի կամ ուժերի մասին է: Մեծ հաշվով, ընտրություններն ընդամենը քաղաքական գործընթաց են, որոնց արդյունքում ոչ ոք հարություն չի առնի նույնիսկ հաղթելու պարագայում, բայց, այ, մեռնել կարող են, ընդ որում, նույնիսկ հաղթելու պարագայում:
Իսկ X-համարի տրանսպորտն էլի ուշանալու է, էլի խցանում է լինելու, աղբն էլի խնդրահարույց է լինելու, ծառն էլի կտրվելու է և այլն, և այլն... Որպեսզի հոռետեսական կամ անդրշիրիմյան պատկերի տպավորություն չստեղծվի, նշեմ, որ լուսավոր կետի ու լավատեսության հնարավորություն, այդուհանդերձ, կա: Եւ դա կարող է լինել այն դեպքում, եթե չարձանագրվի ընտրողի քաղաքական մահը՝ չգնա ընտրության և, որպես վճռորոշ ու կարևորագույն գործոն, քաղաքականապես մահանա իր չտված քվեի, չիրացրած ձայնի հետ միասին:
Ուրեմն, ընտրողի համար որպես քաղաքական և քաղաքացիական գործոն կենդանի մնալու միակ հնարավորությունն ընտրությունների գնալն է և քվեարկելը, կապ չունի, թե ում օգտին: Իսկ ընտրողը պետք է միշտ կենդանի մնա, որովհետև նա՛ է որոշում քաղաքականության և, տվյալ դեպքում, քաղաքի հետագա ճակատագիրը, ոչ թե այս կամ այն քաղաքական ուժը:
Ինչ վերաբերում է այս տարվա սեպտեմբերի 17-ի կարևորագույն իրադարձությանը՝ Խաչվերացի տոնին, վերջինիս խորհուրդը խաչը գտնելու մեջ է։ Այն ունի հետևյալ բացատրությունը՝ խաչը կորցնում ենք անտարբերության, մեղքի և թշնամանքի, չարության պատճառով, իսկ գտնում ենք այդ ախտերը հաղթահարելու արդյունքում...
Գևորգ Կարապետյան