Հարկ է, որ ազգային տեսակն անզիջում լինի
Արցախում իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ եթե «շատ ծանր» բնութագրումը տանք, ապա, վստահաբար, դա շատ մեղմ բնութագրում է։ Ընկերուհուս հետ եմ խոսում եւ հասկանում եմ, որ գոյություն ունենալու համար անասելի ճիգեր են գործադրում Արցախում։ Բարդ է նույնիսկ այդ ճիգերին գերմարդկային բնորոշումը տալ, քանզի արցախցու ապրելու կամքը ավելին է անում, քան գերմարդկայինը։ Դրա համար արցախցուն խորհուրդ տալու իրավունք ինձ չեմ կարող վերապահել։ Չեմ կարող խորհուրդ տալ արցախցի մորը, ում երեխան սոված է քնում, անընդհատ ջուր է խմում սովը մեղմելու համար եւ հիվանդանալիս էլ նույնիսկ հասարակ ջերմիջեցնող չունի։
2020-ից հետո պատերազմը չի ավարտվել, պարզապես այլ պատկեր է ստացել՝ Արցախի լրիվ շրջափակում եւ ՀՀ տարածք թշնամու մուտք եւ ամրացում։ Այս ընթացքն էլ պարբերաբար ուղեկցվում է հայկական դիրքերի վրա նաեւ լայնածավալ հարձակումներով եւ թշնամու գործողություններին ոչ համարժեք մեր պատասխանով։ Այն է՝ թշնամուն հակառակորդ կոչելով, թշնամու հարձակումը «սադրանք» անվանելով, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայրենադավ քայլն էլ իբրեւ ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանելու քայլ ներկայացնելով։
Մինչդեռ եթե ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակ լիներ, ապա նախ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու միտք անգամ չէր անցնի Արցախը հանձնելու պատրաստակամների գլխով եւ երկրորդ՝ ՀՀ մտած ու ամրացած թշնամուն նվազագույնը դուրս կշպրտեին երկրից, իսկ որ ճիշտ է՝ կսատկացնեին հենց երկրում։ Սա՛ է ինքնիշխանության պաշտպանությունը, թե չէ եթե զուտ բառերով ինքնիշխանություն են պաշտպանում, ապա նույն տրամաբանությամբ ես էլ Մեծ զորավար եմ։
Ինչու՞ աշխարհը չի խոսում։ Որովհետեւ աշխարհը խոսում է միայն շահի պարագայում։ Այս պահին մեզ աջակցելու շահ իրենք չունեն (կլինի ԱՄՆ, ԵՄ թե ՌԴ) եւ բավարարվում են միայն սրտառուչ հայտարարություններով։ «Ադրբեջանը պետք է․․․», «Ադրբեջանը պարտավոր է․․․»-ի կարգի հայտարարությունները, եթե նույնիսկ հասցեական են, հուզումնալից դաշտից այն կողմ չեն անցնում, քանի դեռ չկան պատժամիջոցներ Ադրբեջանի կատմամբ։ Իսկ չկան, որովհետեւ Արցախն Ուկրաինա չէ, արցախցի երեխան ու տարեցը ուկրաինացի երեխա ու տարեց չեն։ Որովհետեւ աշխարհը վաշխառությամբ է զբաղված եւ այս պահի իր տալ-առնելիքը Ադրեջան-Թուրքիայի, ոչ թե Արցախ-Հայաստանի հետ է։ Դրա համար էլ պատերազմի ժամանակ Արցախի գլխին թափված սպիտակ ֆոսֆորը աշխարհը դրեց մանանայի տեղ ու ձայն չհանեց։
Բողոքե՞լ-անշուշտ կարող ենք։ Նեղսրտե՞լ-իրավունք ունենք։ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, ԵՄ-ն մեղքի բաժին ունե՞ն-բնականաբար եւ այն էլ՝ մեծագույն։ Ունե՞նք ինքներս մեզ քննելու կամք- առաջին հերթին հենց դա ենք պարտավոր։ Օրինակ՝ Ուկրաինան արդեն չենք հիշում քանի անգամներ հայտարարել է, որ «Ղարաբաղն Ադրբեջան է» , պատասխա՞նը մեր։ Այո, օգնություն տարվեց։ Թուրքիան մասնակցեց 44-օրյային, հայտարարեց, որ փառավորվել են իրենց հայասպան նախնիների հոգիները։ Պատասխա՞նը մեր։ Դարձյալ օգնություն տարվեց Թուրքիայում երկրաշարժից հետո։ Եթե որեւ մեկն այնքան տկարամիտ կլինի, որ այդ օգնություններին ոչ թե քաղաքական, այլ մարդկային ենթատեքստ կվերագրի, ուրեմն կարելի է այդ վերագրողին համարել․․․ ինչ էլ համարենք՝ նրան չի հուզի։ Բայց գոնե ինքներս մեզ համար կարող ենք մեկընդմիշտ մեր ուղեղներում դաջել, որ այդ տեսակը՝ լինի «վերնախավ», թե շարքային քաղաքացի, խորապես թքած ունի հայրենիքի, ազգի եւ ազգային արժանապատվության վրա։ Ուստի՝ այդ տեսակը չպետք է մեր երկրում (Արցախ եւ Հայաստան) տեղ ունենա։
Եթե այսօր դիմակայենք ու դուրս գանք այս փորձությունից, բայց այդ տեսակը մեր երկրում մնա, ապա վաղը երկրի կործանումը հաստատ անխուսափելի է լինելու։ Այս դեպքում մեղավոր կլինի նախ եւ առաջ ազգային տեսակը, որ, դաս չքաղելով, գործը մինչեւ վերջ չի հասցնի։ Եվ՛ այսօրվա եւ՛ վաղվա օրվա համար հարկ է, որ ազգային տեսակը անզիջում լինի այն ամենի հանդեպ, ինչը հակազգային է: