Հումանիտար փաթեթավորմամբ քաղաքական բեռ
Արցախում հումանիտար բեռի անցկացման հարցը միջազգային դերակատարների համար դարձել է քաղաքական խնդիրներ լուծելու միջոց։ Այն բացարձակապես կապ չունի արցախահայության իրավունքների եւ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի իրացման հետ։ Արցախում ապրող հայությունը շարունակում է մնալ պատանդի կարգավիճակում իր իսկ հայրենիքում։ Հետեւաբար բոլոր այն հայտարարություններն ու քննարկումները, որոնք շրջանցում են ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ արցախահայության ազատ տեղաշարժի եւ մարդու մյուս հիմնարար իրավունքների իրացման հարցը, ընդունում են Արցախի բռնակցումը։
Այսօր միաժամանակ Ստեփանակերտ են հասել Կարմիր Խաչի կողմից Ակնա-Ասկերան ճանապարհով եւ Լաչինի միջանցքով ուղարկված բեռնատարները։ «Բեռները տեղ են հասել, երկու ճանապարհներով էլ միաժամանակ: Բեռնատար ավտոմեքենաներից մեկը դեղեր եւ մանկական տակդիրներ է բերել, Լաչինի միջանցքով եկած բեռնատարը` ալյուր»,- տեղեկությունը «Արցախպրես»-ի հետ զրույցում հաստատել է Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի հանրության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելանը։ Օրեր առաջ (սեպտեմբերի 12-ին) Ակնայի ճանապարհով Ստեփանակերտ էր հասել ռուսական մարդասիրական օգնությունը եւ նույն ճանապարհով էլ հեռացել։ Այդ ժամանակ եւս պայմանավորածություն կար, որ միաժամանակ բեռ կմտնի նաեւ Լաչինով։ Դա տեղի չունեցավ, ինչը նշանակում է, որ արցախահայությունից բացի որեւէ կողմին հարմար չէր, որպեսզի քաղաքական ազդեցության կշիռ ունեցող հումանիտար օգնության տրամադրումն իրականացվի Ռուսաստանի կողմից։
Ակտիվ խաղավարի դերում է հանդես գալիս Թուրքիան։ ԱՄՆ մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցում նախագահ Էրդողանն առաջարկել էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով․ «Մենք հանդես ենք եկել Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ եռակողմ, նույնիսկ քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկով՝ իմ, Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի մասնակցությամբ»։ Ենթադրաբար եռակողմ հանդիպում ասելով նկատի է ունեցել առանց Ռուսաստան ձեւաչափը։
Ադրբեջանական գործելաոճը հուշում է, որ երկու ճանապարհներով բեռների տեղափոխումը կունենա կարճաժամկետ բնույթ եւ ինչ-որ պահի Բաքուն չի թույլատրի Լաչինի միջանցքի գործարկումը։ Սեպտեմբերի 18-24 Նյու Յորքում անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներն ու բարձրաստիճան միջոցառումները, որին ընդառաջ Ադրբեջանը փորձելու է ներկայանալ կառուցողական դիրքերից եւ Կարմիր խաչի կողմից երկու ճանապարհներով բեռների անցկացումը մատուցվելու է իբր խաղաղ համագոյակցության պատրաստակամություն։ Չնայած դրան ցեղասպանական քաղաքականությունն ակնհայտ է, փաստերը բազմաթիվ են, սակայն որեւէ երկիր դեռ չի բարձրաձայնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին։