Image

Ցեղասպանություն՝ աշխարհի հանցավոր լռության ներքո

Պաշտոնական Բաքուն ամիսներ շարունակ տեղեկատվական հիմք էր նախապատրաստում Արցախի ժողովրդի դեմ հերթական ռազմական ագրեսիան իրականացնելու համար: Դրա համար նա 10 ամիս լիակատար շրջափակման մեջ պահեց Արցախը և պարբերաբար հայտարարում էր այնտեղ «հակաահաբեկչական» գործողություններ կատարելու մտադրության մասին:

 Այդ ընթացքում միջազգային որևէ կառույցից, որևէ հոդաբաշխ հակափաստարկ կամ Բաքվին զսպող քայլ չարվեց, ինչը կանաչ լույս վառեղ ադրբեջանական հերթական ագրեսիայի համար: Քաղաքակիրթ աշխարհը իրեն նեղություն չտվեց հարց ուղղել Բաքվին, թե 120 հազար բնակչություն ունեցող արցախում ի՞նչ ահաբեկչական խմբավորում պետք է լինի, երբ Արցախի Հանրապետությունը և Հայաստանը բազմիցս հայտարարել են, որ արցախահայության անվտանգությունը ապահովում է հանրապետության օրինական զինված կազմավորման՝ Արցախի Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները:

44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանական զինուժը աննախադեպ ագրեսի և պատերազմական հանցագործություններ իրականացրեցին արցախահայության հանդեպ, Արցախի պաշտպանության նախարարությունը անվտանգության հիմնական երաշխավորն է եղել: Ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, ՌԴ խաղաղապահ զորակազմն էլ ի վիճակի չի եղել միջամտել հերթական ագրեսիային:

 Բոլորին է հայտնի, որ Արցախի և Ադրբեջանի շփման գծում կանգնած է հանրապետության զինված ուժեր զորակոչված 19-20 տարեկան ժամկետային և պայմանագրային զինծառայող արցախցիները, հետևաբար ոչ մի «հակաահաբեկչական» գործողության մասին խոսք չէր կարող գնալ: Մտածել, որ Միջազգային կառույցներում և կենտրոններում այդ մասին չգիտեին՝ միամտություն կլիներ: ՌԴ-ն էլ այս իրավիճակում հայտնեց, թե ռուս խաղաղապահները կարող են զենք կիրառել միայն այն ժամանակ, երբ հենց իրենց կյանքին վտանգ սպառնա:

Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանը Արցախի իշխանություններից պարբերաբար պահանջում էր կազմաքանդել Պաշտպանության նախարարությունը, ինչն անհնար է արցախահայությանն անվտանգության երաշխիքների լիակատար բացակայության պայմաններում: Ադրբեջանի վերջին լայնածավալ հարձակումը  հենց փաստում է, որ Արցախի Պաշտպանության նախարարության գոյությունն առաջնային անհրաժեշտություն է արցախահայության՝ ցեղասպանության չենթարկվելու համար:

Ադրբեջանական վերջին հարձակումը ցույց տվեց Արցախում գործող անվտանգության համակարգի անարդյունավետությունը և հրամայական դարձրեց նոր միջազգային անվտանգային ձևաչափ ստեղծելը, եթե, իհարկե, միջազգային կառույցները և կենտրոնները իրոք ցանկանում են կանխել 21-դարի առաջին ցեղասպանությունը:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։