Փնտրվում են անճառասաց ռազմական եւ քաղաքական գործիչներ
2020-ի նոյեմբերի 9-ից հետո մղձավանջը հիշում եք․ ա յս օրը հանձնվելու է Քարվաճառը, այս մեկ օրը՝ Ակնան, մյուս օրը․․․ Հիմա նույն մղձավանջի մեջ ենք՝ Ամարասը թշնամու վերահսկողության տակ է, Կաշենի հանքը․․․ թշնամին առաջ է գալիս․․․
Մեր բնօրրան ու հայրենիք Հայկական բարձրավանդակից մեզ մնացած այս փոքրիկ ոտատեղում՝ Արցախում եւ Հայաստանում, պատերազմ է։ Արցախը պայքարում է հավերժական թշնամի թուրքի դեմ։ Թշնամին 9 ամիս Արցախը շրջափակելուց եւ սովահար անելուց հետո Արցախում հիմա սպանդ է անում՝ բառի ուղիղ իմաստով։ Արցախը պայքարում է նաեւ Հայաստանի փոխարեն՝ օգնություն ակնկալելով։ Արցախը պայքարում է իր գոյության եւ Հայաստանի պետականության համար, բայց․․․
Հայաստանում էլ է պատերազմ, թեեւ հայաստանցիք ընդհանուր առմամբ դա չեն հասկանում։ Հասկանային՝ երեկ հրապարակում գոնե 1 միլիոն մարդ կլիներ։ Հայաստանցիք չեն տեսնում Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, հա՛, հենց Երեւանում պատերազմի նախերգանքը։ Աստված մի արասցե (թող լեզուս չորանա, բայց պարտավոր ենք ցույց տալ իրականությունը Հայաստանի՝ Արցախին չպաշտպանելու պարագայում)՝ Արցախի անկման դեպքում Հայաստանում այդ նախերգանքը միանգամից վերջ կդառնա։
Ասել, թե Հայաստանում պայքարի ներուժ չկա, ճիշտ չի լինի։ Կա՛ պայքարող հատված, բայց պետք է առաջնորդ։ Պայքարելու ցանկություն ունեցողները հավաքվում են (մեկը՝ ես, իմ շրջապատը, ընկերներս), իսկ ի՜նչ են անում պայքարի կանչածները։ Տեսնում ենք։ Ես, իմ շրջապատը, ընկերներս ուզում ենք Արցախը եւ ըստ այդմ Հայաստանը փրկելու գործողություն։ Պաթոսը լավ բան է, բայց, ասենք, ինձ, շրջապատիս, ընկերներիս երեկ կառավարության շենքի դիմաց ելույթ ունեցողների պաթոսախեղդ ճառերը պետք չէին։ Թե ճառի համար հավաքված լինեինք, հավատացնում եմ նույն ճառացողներին, ինձանից լավ ոչ ոք ելույթ չէր ունենա։ Եվ ձայն ունեմ, եւ խոսքի շեշտադրություն, նաեւ բառապաշարս է ավելին ու տիրապետում եմ գոնե որոշակի զանգվածի ղեկավարելու արհեստին։ Եթե մարդը կոչով հավաքվում է, ուրեմն այդ մարդը գիտի, որ հայրենիք է ուզում պաշտպանել։ Նրան պետք է ասել՝ ինչպե’ս պաշտպանել։ Ճառերի ժամանակը չունենք։ Արցախը օրհասական վիճակում է, Հայաստանն էլ, ըստ այդմ, կրելու է ամբողջ հետեւանքը։
Անցանկալի հայտարարի դեպքում հայը չի ներելու ճառացողներին, գործողություն չանողներին, սպայական այն կազմին, ում համար առաջնային հրամանը Հայրենիքը պաշտպանելը չէ, այո, նաեւ նախկիններին, ում հետ հույսեր էին կապել եւ 2021թ․ ձայներ տվել։ Բա ներքին թուրքի՞ն։ Ներքին թուրքն ի՜նչ, նա էլ թուրք է՝ թշնամություն անելու համար։ Բնականաբար, չե՛ն ներվելու։ Բայց առաջին հերթին անարգանքի սյունին գամվելու են նրանք, ովքեր կարող են, ներուժ ունեն Հայրենիքի փրկության գործողություն ղեկավարելու, բայց չեն անում։ Կլինեն քաղաքական, թե ռազմական գործիչներ։
Ինչի՜ն են սպասում։ Կարող ենք հարցականի նշանը դնել, բայց պատասխանը չունենք, դրա համար էլ բացականչականն ենք գործածում։ Աշխարհի՞ն։ Աշխարհը հայերի դիերը աճուրդի է հանել, եւ վաղը կորոշի թուրքի հետ իր առեւտրի շահաբաժինը։ Թյուրքական տանդեմը Արցախում սպանդ է անում, աշխարհը քայլի չի դիմում (այն կեղծ կոչերը, որոնց վրա թուրքը թքած ունի, քայլ չեն)։ ՀՀ-ն պիտի կանգնի Արցախի կողքին ու նույնն անի։ Մի վախեցեք, աշխարհը չի խոսի։ Աշխարհը ուժի իրավունքի կողմնակից է։ Բացի այդ, միջազգային ոչ մի նորմ չի արգելում պաշտպանվել եւ պատժել թշնամուն։
Թեեւ․․․ հայերս ապշեցուցիչ ունակություն ունենք պատմությունից դասեր չքաղելու։ Բայց դա էլ պիտի սահմանագիծ ունենա։ Սփյուռքի՞ն ենք սպասում։ Սփյուռքը բազմատարր է եւ անգլուխ՝ առանց ՀՀ պետության, ու նրա գործողությունները կարող են պայմանավորվել հենց ՀՀ-ի գործելաոճով։ ՀՀ-ն (գլուխ կոչվածը) այսօր մի գործելաոճ ունի՝ մյուս երկրների պես է՝ հայտարարություններ է անում։ ՀՀ-ն, որպես պետություն, այսօր Արցախի կողքին ամեն ինչով կանգնելու փոխարեն կողքից հետեւում է։
Իսկ ժամանակ այլեւս չկա՛։ Առանց Արցախի Հայաստանը չի լինելու։ «Արցախը տանք, հանգիստ ապրենք»-ի կողմնակիցները ուղղակիորեն թաղում են նաեւ Հայաստանը։ Դրանից հետո ի՜նչ կմնա Հայ տեսակին։ Ցանկանալ պիղծ ու անբարոյական այն աշխարհի վերջը, որտեղ Հայը տեղ չունի, այն Հայը, որն այդքան բան է տվել այս աշխարհ կոչվածին։
Որպեսզի ստիպված չլինենք վաղն այս միտքը կրկնել, գործողությունը հիմա է պետք։ Ժամանակ չկա՛։ Չը՛-կա՛․․․
Հ․ Գ․ - Նյութը գրելուց ընդամենը մի քանի րոպե հետո Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց, որ Արցախի իշխանություններն ընդունել են ռուս խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։
Շտաբի տարածած հայտարարությունում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023թ․ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի եւ սպառազինության դուրսբերման շուրջ՝ դրանք արագ ուտիլիզացնելու նպատակով։ Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման վերաբերյալ՝ համաձայն ձեռք բերված համաձայնության՝ կքննարկվեն տեղի հայ բնակչության եւ Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջեւ հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին եւ հետագա հանդիպումների ժամանակ»,– ասվում է հայտարարությունում․․․
«Արցախը տանք, հանգիստ ապրենք»-ի կողմնակիցներ։ Հենց սեպտեմբերի 21-ին։ Գոնե հասկանու՞մ եք՝ ի՞նչ է սա։ Ուժ չկա գրելու․․․