Այս ամենն ի՞նչ վերջ կունենա
Ամեն անգամ իրավիճակի սրացման ժամանակ մարդիկ հարց են տալիս․ «Լա՛վ, այս ամենը վերջ կունենա՞»։ Այն, ինչ ունի սկիզբ, կունենա նաեւ վերջ։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե ինչպիսին կլինի ավարտը։ Երբ կրավորական կեցվածքով հայտարարում են, որ 120 հազար հայի ճակատագիրը ՀՀ-ի հետ կապ չունի, ապա վերջը տխուր եւ ողբերգական կլինի․ թշնամին մեկ հայ կթողնի թանգարանի համար։ Ցավալին այն է, որ թշնամու գործի կեսը կանեն հայերն իրենք՝ իրար ատելով, իրար քննադատելով եւ ի վերջո՝ իրար բախվելով։ Իզուր չեն ասում, որ «Երբ Աստված ուզում է մեկին պատժել, սկզբում խելքն է առնում»: Հիմա խլել է հայի խելքը՝ թողելով զգացմունքների հույսին։
Անգամ գոյաբանական վտանգը, որը կախված է ոչ միայն արցախահայության ու ամբողջ Հայաստանի բնակչության վրա, այլեւ ժամանակի ընթացքում՝ ամբողջ աշխարհի հայության, ուշքի չի բերում շատերին։ Աշխարհասփյուռ հայն էլ է վտանգված, քանի որ արցախահային տեր չկանգնող պետությունը իրականում գոյություն չի կարող ունենալ եւ թշնամին կգործի որտեղ ցանկանա։
Ինչպես հասկացնես, որ թշնամին չի հանգստանալու մինչեւ չվերացնի Հայաստան եւ հայ անունով ամեն բան՝ սկսած մարդուց մինչեւ պետություն, մշակույթ ու հուշարձան։ Թշնամին տասնամյակներ շարունակ դեհումանիզանում է հայի կերպարը, որ ծնված օրվանից ատեն մեզ ու ձեռքներըը չդողա հայ սպանելիս։
Ինչպես հասկացնես արեւմուտքի եւ արեւելքի, հարավի ու հյուսիսի մեջ ցայտնոտի մեջ ընկած հային, որ երկիրը ներսից է քանդվում, մնացյալը, այն է՝ դաշնակիցների բացակայությունը, անտարբերությունը հետեւանք է։
Ինչպես բացատրես, ինչպես հասնես որոշ մարդկանց կույր ուղեղներին, որ առանցքը հայկական շահին ծառայելը պետք է լինի, ոչ թե օտարի օրակարգի քարոզն ու սեփական քայլերը օտարի օրակարգով պայմանավորելը։
Ինչպես բացատրես, որ անձնական երջանկությունը պայմանավորված եւ շաղկապված է բացառապես տեսակիդ պահպանմամբ ու զարգացմամբ։ Հակառակ դեպքում գործիք ես դառնում օտարի պետականաշինության համար։
Ինչպես հասկացնես, որ տարածությունն ու ժամանակը սեղմվել է։ Հաշվարկը ոչ թե ամիսների, այլ օրերի, ժամերի վրա է արվում։
Արյան ծովում աթոռի վրա հնարավոր չէ նստել, սայթաքում են։
Ուրեմն վերաձեւակերպենք հարցը․ «Այս ամենն ի՞նչ վերջ կունենա»։ Պատասխան՝ մեզանից է կախված։ Կսիրե՞նք մեզ, մեր կողքի հային, ուրեմն՝ հաղթական ավարտ կլինի։ Երկրորդ տարբերակ մեզ տրված չէ։