Image

Կրճտացրե՛ք ատամները,  եղունգները չանչե՛ր դարձրեք

Փաստ է՝ ՀՀ ղեկը բռնածները Արցախի «Տատիկ-պապիկի» մոտ նկարվում էին ու գրառումներ անում, թե բա՝ «մեր հպարտություն», «մեր ինքնություն», «մեր ամեն ինչ», «Արցախը Հայաստան է» եւ այլն եւ այլն։ Հետո իրենց պատկերացրած հպարտության, ինքնության եւ ամեն ինչի տրամաբանությունը փոխվեց ու ստացվեց ու Արցախը Ադրբեջան է, ճիշտ այնպես ինչպես նշում  է Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան․․․ շարունակել ինքներդ կարող եք պետությունների անունները։ Թե ում համար էր Արցախը հպարտություն, հետո դարձավ Ադրբեջան, անունները տալ չեմ կարողանում․ չէ՛, այդ անուններն արտաբերելու խորշանքի հետեւանքով վաղաժամ մահից չեմ վախենում, վախենում եմ վաղաժամ մահի պատճառով չտեսնել Արցախն ու Հայաստանն այս օրին հասցնողների հանդեպ բումերանգի անխափան կանոնը։

Բնականաբար Արցախ-հպարտությունը Ադրբեջան դարձրած ներքին լսարանին անիմաստ է հարցնել՝ բա հիմա ինչպե՜ս եք անելու առանց հպարտության։ Անիմաստ է նաեւ պատմությունը, փաստերն ու իրականությունը կեղծող պետություններին հարց ուղղել, թե ինչպես կարող է հազարամյակների Արցախը լինել հարյուրամյակի պատմություն ունեցող Ադրբեջան։ Թուրքիային որ՝ հաստատ անիմաստ է․ քոչվոր լինելով արհեստականորեն ազգ  ստեղծեց (ազգերը բնածին են ու բնօրրան ունեն), մեր հողերի վրա պետություն հիմնեց (բռնազավթման դասական օրինակ է), սերունդ դաստիարակեց պետականության զգացողությամբ, այսօր էլ կովկասյան իր թերմացքին՝ Ադրբեջանին աջակցում է Արցախի եւ Հայաստանի վերջնական կործանման գործում։ Աջակցում է բացահայտ, հայտարարելով, մեր ու աշխարհի աչքի առաջ։

Աշխարհն ի՞նչ։ Օրինակ՝ ԵՄ դիտորդները հո մեղավոր չե՞ն, որ իրենց հեռադիտակները կեղտոտվել են ու պատկերները հստակ չեն ցուցանվում։ ԱՄՆ-ն ինչու՞ պետք է խոսի․ ինքը հիմնվել է հնդկացիական ցեղերի ոչնչացման եւ նրանց տարածքին տիրելու հետեւանքով եւ  սկզբնական շրջանում հանցագործ ներգաղթյալների հիմքով։ Եվրոպան ինքը ցայսօր էլ ներգաղթյալների հաշվին է ապահովում իր բնական աճն ու աշխատուժը եւ եվրոպական լիքը պետություններ բնօրրանում չեն ստեղծվել, ավելին՝ իրենք իրենց ծագումով անբնօրրան են։ Սլավոնական հատվա՜ծը բա․ այս ծագմամբ տեսակները միմյանց դեմ են դուրս եկել, դարեր ապրել թուրք-թաթարական մերձեցմամբ, այդ մերձեցման հետեւանքով բնորոշ հոգեկերտվածք ձեռք բերել․․․

Բնականաբար, անբնօրրան, դարեր այլ գենի հետ մերձեցված հատվածները պետք է որ սրտի խորքում հասկանան թյուրքական տարրին ու աչք փակեն Արցախում ցեղասպանության վրա։ «Լուսավոր» 21-րդ դարում խոսեն մարդու իրավունքներից, բայց թուրքերի կողմից Արցախում մորթվող երեխաների մասով զուտ «անհանգստության կոչեր» անեն, անունը դնեն աշխարհաքաղաքականություն, բայց իրականում զբաղվեն հայերի դիակապտությամբ ու դրա հետեւանքով ստանալիք բաժինքների չափորոշմամբ։ Իհարկե՝ կան ոչ վաշխառու գործիչներ, որոնք իրապես ձայն են բարձրացնում ի պաշտպանություն հայի, բայց նրանք առանձին անհատներ են եւ իրենց երկրների պետական քաղաքականությունը փոխել չեն կարողանում։

Հայաստանի Հանրապետության քաղաքականությու՞նը մոռացանք։ Ո՛չ։ Օրվա քաղաքականության պատասխանատվություն կրողները միացել են վաշխառու աշխարհին, բայց արդեն՝ անձնական շահից ելնելով։ Որովհետեւ «հպարտության» ու «ինքնության» մագնիսական դաշտը նրանց տարավ ճիշտ ուղղությամբ՝ ծագման վայր գուցե, մերձեցման տեղանք երեւի, այնտեղ, ուր սիրտն է կանչում։

Լավ, ամեն պետություն ու ամեն մեկն իր գենի (մերձեցման հետեւանք), սրտի (էության հետեւանք), բնույթի (արժեհամակարգի հետեւանք) կանչով, նմանը զնմանին գտանելու պարտադիր պայմանով կանգնեց թուրքի կողքին կամ մտավ թուրքի տակ։ Իսկ հայությու՞նը։ Արցախի ներկայիս վիճակն արագացրեց Հայաստանի Հանրապետության կործանումը։ Հայությունն առանց պետության, անկախ այն հանգամանքից որտեղ է ապրում եւ ինչ կյանքով, չի լինելու։ Որպես առանձին միավորներ լինելու են՝ ԱՄՆ քաղաքացի, Ֆրանսիայի քաղաքացի եւն, բայց չեն լինելու որպես հայություն։

Հասկանում ենք՝ հայությանը կազմակերպել է պետք։ Բայց ունենք այն, ինչ ունենք. ՀՀ-ն, որպես պետություն, այսօր նպատակ էլ չունի հայության ներուժն ուղղորդել Արցախի փրկությանը։ ՀՀ-ի ղեկը զբաղեցրածները Արցախից հրաժարվել են՝ մեղմ ասած։ Իրականում Արցախը գիտակցված տվել են թշնամու փուռը։ Բայց արդյո՞ք պիտի թողնենք, որ Արցախի, Հայաստանի եւ հայության ճակատագիրը ղեկը բռնածները զբաղեցնեն։

Իսկ ո՞վ պիտի չթողնի։ Հարցը կարող է ծագել։ Ասենք։ Պիտի չթողնի այն սպան, որ հայ է, հայկական սերում ունի եւ ունի մեկ հրաման՝ ծառայում է Հայրենիքին։ Պիտի չթողնի այն գործարարը, որ հայ է, հայկական սերում ունի, կենակցման (գենի կցման) եւ ոչ թե անհայտ մերձեցման պտուղ է։ Պիտի չթողնի այն ընդդիմադիր քաղաքական գործիչը, որ հայ է, հայկական սերում ունի եւ կյանքի նպատակը ցանկացած գնով ուղին է հանուն հայրենիքի։ Պիտի չթողնի այն գրողը, որ հայ է, հայկական սերում ունի եւ հայրենիքի անուշ ջրի համը միայն խումհարի ժամանակ չի հիշում։ Պիտի չթողնի այն լրագրողը, որ հայ է, հայկական սերում ունի եւ գրիչը չի ծառայեցնում օտար ազդեցության մտքերը ցփնելու գործին։ Հա՛յը պիտի չթողնի։

Հայն այլընտրանք չունի։ Անդունդի եզրին չէ այլեւս։ Սեփական իսկ երկրում շպրտվել է անդունդից, բայց դեռ կառչել է մի քարից։ Հիմա կամ եղունգները չանչ է դարձնում ու վերեւ բարձրանում կամ` ձեռքերը բաց է թողնում , ու հողն էլ վրան թեթեւ չի լինում, որովհետեւ ներքեւում նրա դիակին սպասում են լեշակերները։

Այսինքն՝ մահը ելք չէ, որովհետեւ մահ չենք գտնելու։ Մեկ ճանապարհ կա, եւ դա վեր կանգնելն է՝ կառչելով, հող քերելով, ատամներով բռնվելով, ատամներ կրճտացնելով, թշնամուն պատժելու վրեժը սրտներումս պարարտացնելով։ Կան ազգային նպատակներ եւ դրանք մեկ օրում չեն իրագործում։ Հիշենք՝ մեր ծնողները մեզ վերաազատագրված Արցախ են տվել։ Մենք էլ պարտավոր ենք մեր երեխաներին վերաազատագրված հող տալ։ Այլապես նրանք բոլոր իրավունքները կունենան թքելու մեր երեսին։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։