Image

Կամ մենք կամ նրանք

Լինենք աշխարհիս երեսին ամենահին ազգերից մեկը եւ փոքրանանք, մաշվենք, դառնանք մի բու՞ռ։ Չլսված բան է լինել այսքան խելացի, ստեղծարար, բայց չկարողանալ պետություն կառավարել, զարգացնել։

Որտե՞ղ է սխալը։ Միգուցե դադարել ենք սիրել զենքը, դրա համար էլ մեր հայրենիքի, մեր հողի, մեր ստեղծածի վրա աչք ունեցողը չի՞ վախենում մեզանից։ Ինչու՞ ենք ամեն անգամ ձեռքներս վեր պարզած, ափերը բացած թշնամուն ընդառաջ գնում, իսկ նա մեջքի հետեւից հանում է դաշույնն է ու հարվածում։ Մեզ հետ հաշվի նստելու համար պիտի վախենա՛ն մեր արդար ցասումից։ Հենց զգացին, որ մեր ափը բռունցք է, անգամ թշնամին հաշվի կնստի, կզգուշանա։ Իսկ հիմա նման ենք դռան դիմաց ընկած քարի, որը անցուդարձ անողը ոտքով այս ու այն կողմ է գցում։ Խանգարում ենք։

Հազար տարի ապրում ենք թշնամու հետ կողք կողքի, բայց այդպես էլ չենք ճանաչում այդ ցեղատեսակին։ Հավատում ենք, թե փոխվել է «բերանն արնոտ մարդակերը»։ Այնինչ յուրաքանչյուր սերունդ կրկնում է նախորդի սխալներն ու հայտնվում կործանման եզրին։ Մորթում, սպանում, խոշտանգում է հային, հայրենազրկում, իսկ մենք օգնության ենք աղերսում, մեղադրում բոլորին մեր դժբախտությունների համար, վանում մեզանից բոլոր նրանց, որոնք կարող էին տեսականորեն կանգնել մեր կողքին ու միաժամանակ շարունակում օգնություն աղերսել օտարներից։ Սիրի՛ր զենքը, կիրառի՛ր այն եւ կտեսնես, թե որքան աջակիցներ ու դաշնակիցներ կհայտնվեն։

Արդեն մի քանի օր է թշնամին պաշարել ու սպանում է մեր հայրենակիցներին անառիկ բերդից կղզի մնացած Արցախում, իսկ ՀՀ գործող իշխանությունն օգնության ձեռք մեկնելու փոխարեն ստանձնել է դիտորդի դերում։ Թշնամին կանգ չի առնելու, այդ մասին բացահայտ հայտարարում է։ Սակայն բաց տեքստով արված զգուշացումներից հետո անգամ հայ հասարակության որոշակի շերտեր շարունակում են հավատալ «խաղաղության դարաշրջանին»։

Խաղաղությունը գերնպատակ չէ, խաղաղությունը վաստակած հանգիստ է։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։